Բազմաթիվ անհատներ եւ կազմակերպություններ աջակցեցին անապահովներին

05/11/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«168 Ժամ» թերթում վերջին մեկ ամսվա ընթացքում տպագրված սոցիալական նյութերն անսպասելի ու անհավանական մեծ արձագանք են ստացել:

Մենք չէինք անդրադառնա այս թեմային, եթե խմբագրությունը պարբերաբար հեռախոսազանգեր չստանար թերթում տպագրված պատմությունների հերոսներից:

Բանն այն է, որ տարատեսակ օգնություններ ստացած անապահով ընտանիքներն էլ, իրենց հերթին, շնորհակալական խոսքեր եւ նամակներ են ուղղում այն մարդկանց, ովքեր իրենց ձեռք են մեկնել:

«Գոնե սերն անփո՞ղ ա» հրապարակումը 86-ամյա Վիկտորյա Եղիազարյանի մասին էր, ով 13 տարի շարունակ ապրում էր առանց էլեկտրականության` սպառած էլեկտրաէներգիայի 18.000 դրամ պարտքը չմարելու պատճառով: Հրապարակումից հետո խմբագրություն զանգահարեցին բազմաթիվ ընթերցողներ եւ պատրաստակամություն հայտնեցին ձեռք մեկնել ծեր կնոջը: Բացի այն, որ Վ. Եղիազարյանի պատմությունը մեր ընթերցողները տարածեցին էլեկտրոնային կայքէջերով, ցուցաբերեցին նաեւ շատ մեծ աջակցություն: Գրեթե ամեն օր մեզ զանգահարում է Վիկտորյա տատիկն ու խնդրում իր շնորհակալական խոսքերը տպագրել թերթում: «Փաստորեն, դեռ բարի մարդիկ կան: Ես լավությունը չեմ մոռանում: Խնդրում եմ, շնորհակալությունս հայտնեք էն բոլոր մարդկանց, ովքեր անտարբեր չեղան ու եկան իմ տուն: Աստված էլ իրենց հասնի»,- իր հանդեպ մեծ ուշադրությունից շոյված` մեզ հետ զրույցում հուզված ասում էր Վ. Եղիազարյանը: 86-ամյա այս կինը, մասնավորապես, իր շնորհակալական խոսքերն է ուղղում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, քանի որ հրապարակման անմիջապես հաջորդ օրը Հ. Հակոբյանի ներկայացուցիչներն այցելել էին Վ. Եղիազարյանի տուն: Ի դեպ, թեեւ նրանք մեզ դիմելով չէին ներկայացել, այդուհանդերձ, այցելելով ծեր կնոջ տուն եւ ցուցաբերելով մեծ աջակցություն` փոխանցել էին, որ այն տրամադրել է Հ. Հակոբյանը: «Լույսիս պարտքը մարեցին, ինձ էլ առանձին ահագին գումար տվեցին: Պարզվեց, որ էսքան տարի, որ լույս չեմ ունեցել, լարերը գողացել-տարել են: Խոստացան, որ լարերի հարցն էլ կլուծեն»,- ասաց Վ. Եղիազարյանը, ով փոստով մի նամակ է ուղարկել ու շատ է խնդրել, որ տպագրենք: «Հարգարժան Հրանուշ Հակոբյան. 1998թ. աշխատանքի գնալուց վայր ընկա, ողնաշարի ծանր վնասվածք ստացա, հիվանդանոց պառկեցի, բայց արդյունքի չհասա: Ես 86 տարեկան եմ, անկողնուն գամված, 13 տարի լույս չունեցա: Որտեղ դիմեցի` արդյունքի չհասա: Անչափ շնորհակալ եմ Ձեր` ազնիվ, բարի, մարդասիրական վերաբերմունքի համար: Դուք ինձ ձեռք մեկնեցիք, ես երբեք չեմ մոռանա Ձեր բարի վերաբերմունքը: Ցանկանում եմ, որ ի պատասխան Ձեր բարության` ամուր առողջություն եւ երկար կյանք ունենաք: Միշտ անփորձանք ապրեք: Քարը վերցնեք` ոսկի դառնա»,- նամակում գրել է Վ. Եղիազարյանը, ում, բացի Հ. Հակոբյանից, մի քանի անհատ քաղաքացիներ (ովքեր չեն ցանկանում ներկայանալ) նույնպես օգնություն են ցուցաբերել:

«Աչքերս նկարի, որ ինձ բուժեն, էլի» վերնագրով հոդվածը Քրիստինե Սամսոնյանի մասին էր: Հինգ տարեկան աղջիկը տեսողությունը կորցրել է բժիշկների անփութության հետեւանքով: Սանկտ Պետերբուրգում տարիներ առաջ կատարված վիրահատությունից հետո մասնագետները հորդորել էին որոշ ժամանակ անց կրկին երեխային տեղափոխել այնտեղ` պահանջվող եւս մեկ վիրահատությունը կատարելու համար: Երեխայի երիտասարդ ծնողները երեք տարի շարունակ փորձում են գումար հայթայթել` Քրիստինեի գոնե մեկ աչքի տեսողությունը վերականգնելու համար պահանջվող 7000 դոլար արժողությամբ վիրահատությունն իրականացնելու համար: Սակայն հասկանալով, որ ժամանակն անցնում է, իսկ երեխայի տեսողությունը վերականգնելու հույսերն էլ նվազում են` Քրիստինեի տատիկը դիմել էր մեզ: Հրապարակումից հետո խմբագրությունը բազմաթիվ զանգեր ստացավ կույր աղջկան ինչ-որ կերպ աջակցելու առաջարկներով: Նախ` երիտասարդական մի կազմակերպություն խոստացավ այցելել ընտանիքին եւ փորձել դրամահավաք կազմակերպելով` վիրահատության համար պահանջվող գումարից որոշ մաս փոխանցել: Քրիստինեին օգնել ցանկացող շատ մարդիկ էլ ինտերնետային փոստով մեզ խնդրում էին հաշվեհամար կամ գումար փոխանցելու այլ տվյալներ տրամադրել: Երեխայի մայրը` Արաքսյան, շնորհակալություն հայտնելով` մեզ խոստացավ ավելի ուշ տեղեկացնել, թե որքան գումար է հավաքվել, քանի որ այն դեռեւս ընթացքի մեջ է, եւ արդյո՞ք հնարավոր կլինի երեխային տեղափոխել Սանկտ Պետերբուրգ` վիրահատության:

«Ամուսինը ռեժիմով ծեծել է»` մեր թերթի նոյեմբերի 1-ի համարում տպագրված հոդվածն անհավանական արձագանք է ստացել: Հիշեցնենք, որ հոդվածը Մարինա Սարգսյանի եւ նրա երեք մանկահասակ, անօգնական երեխաների մասին էր: Մարինան` այլեւս չդիմանալով ամուսնու կողմից ամենօրյա բռնություններին, երեխաների հետ հեռանալով` հանգրվանել էր մոր տանը` հանրակացարանում: Մեր այցելության ժամանակ երեք երեխաներն էլ անկողնային հիվանդ էին, քանի որ գոյատեւում են ամառային հագուստով: Հոդվածի տպագրումից անմիջապես հետո խմբագրությունն այնքան հեռախոսազանգ է ստացել, որ նույնիսկ չենք հասցրել շատ մարդկանց ով լինելն արձանագրել: Մարինա Սարգսյանին աջակցելու համար խմբագրություն զանգահարեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, ինչպես նաեւ` «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությունից` խոստանալով այցելել ընտանիքին եւ փորձել զբաղվել նրանց իրավունքների պաշտպանության հարցերով: ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից էլ խոստացան կարգավորել երեխաներին գիշերօթիկ դպրոցում տեղավորելու հարցը: Բացի այդ, բազմաթիվ անհատ քաղաքացիներ պատրաստակամություն հայտնեցին հագուստի եւ սննդի տեսքով օգնություն ցուցաբերել այս ընտանիքին: Նշենք նաեւ, որ հրապարակումը տպագրվելուց հետո խմբագրություն են զանգահարել նաեւ «Գլենդել Հիլզ» ընկերության աշխատակիցները:

Նրանք ճշտեցին Մարինա Սարգսյանի տվյալները եւ խոստացան կիրակի օրն այցելել նրանց` փոխանցելով ինչպես դրամական աջակցություն, այնպես էլ` սնունդ եւ հագուստ: Մենք առայսօր նամակներ ենք ստանում նաեւ էլեկտրոնային փոստով, որոնց միջոցով, ինչպես տեղաբնակ, այնպես էլ այլ երկրներում բնակվող մեր հայրենակիցները ճշտում են թերթում տպագրված ընտանիքների տվյալները` ցանկություն հայտնելով աջակցել անապահով ընտանիքներին: Հարկ է նշել, որ բազմաթիվ մարդիկ պարզապես չեն ցանկանում ներկայանալ, հետեւաբար` շատ կազմակերպությունների կամ մարդկանց անուններ չենք նշում`իրենց խնդրանքով: Ամեն դեպքում, բոլոր այն ընտանիքները, որոնք մեր ընթերցողների շնորհիվ աջակցություն ստացան եւ արժանացան մեծ ուշադրության` մեզ մշտապես զանգահարում եւ խնդրում են հրապարակել նաեւ իրենց շնորհակալական խոսքերը, քանի որ նման ուշադրությունը բոլորի համար էլ անակնկալ էր: