Բուժիչ նամակներ

05/11/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Առողջաբեր կարմրապտուղը

Արոսենին վարդազգիների ընտանիքի բույս է, այն հանդիպում է Արեւմտյան եւ Կենտրոնական Եվրոպայի բարեխառն կլիմայական գոտու բնական պայմաններում, հասնում մինչեւ Բեւեռային շրջանի սահմանները։ Տարածված է ձորակներում, անտառների սահմանագծի գոտիներում։ Կարող է դիմանալ ուժեղ սառնամանիքներին, սերմը տարածվում է թռչունների միջոցով, որոնք հասցնում են այն մինչեւ ալպիական գոտու անմատչելի ժայռերը։ Ունի 5-15 մետր բարձրության հասնող ծառի տեսք, կարող է նաեւ կազմել ոչ մեծ մացառուտներ։ Արոսենու պտուղն ունի մի առանձնահատկություն` ներքին մասում նշմարվում է մի պատկեր, որը նման է աստղի։ Հին հեթանոսական աշխարհում աստղը խորհրդանշել է հավերժություն եւ պաշտպանվածություն։ Մինչեւ մեր օրերը պահպանվել են հավատալիքներ այն մասին, որ արոսենին պահպանում է չար կախարդությունից, բամբասանքից, հիվանդությունից։ Տան մոտակայքում տնկած ծառը կնպաստի ընտանեկան անդորրին եւ երջանկությանը։ Հավատում են, որ եթե բերքը շատ է, ապա աշունը կլինի անձրեւային, իսկ ձմեռը` ցուրտ։ Բույսի գիտական անվանումն է` Sorbus aucuparia. առաջին բառը կապված է պտղի համի հետ, կելտերեն «sor»=փոթոթահամ, երկրորդը բարդ բառ է, լատիներեն` «avis capare»= թռչուններ բռնել։ Արոսենին սլացիկ, գեղեցիկ ծառ է, մայիս-հունիս ամիսներին այն ծաղկում է սպիտակ վահանաձեւ ծաղկաբույլերով, աշնան սկզբին գրավում իր կարմրանարնջագույն, երբեմն էլ` դեղնականաչավուն պտուղների ողկույզներով, իսկ աշնան վերջին` բազմագույն տերեւներով։ Շատ գեղարվեստական է արոսենին, երբ քամին շարժելով տերեւները` ի հայտ է բերում տերեւների հակառակ կողմի սպիտակավուն երանգավորմամբ տարբերվող ստորին մասը։ Գեղեցիկ են մազմզուկներով ծածկված բողբոջների փնջիկները։ Արոսենին մեղրատու բարձր սննդային արժեք ունեցող, բուժիչ հատկություններով օժտված բույս է։ Մեղվատվությունը 1 հա-ից 30-40 կգ է, մեղրի գույնը կարմիր է, այն համեղ է եւ բուրումնավետ, սառչելիս կազմում է արտահայտված բյուրեղիկներ։ Պտուղները հավաքում են առաջին սառնամանիքներից հետո, բույսի մշակովի հիբրիդների պտուղներն ավելի խոշոր են եւ համեղ, դրանցից արտադրում են մուրաբա, հյութ, կոնֆետներ, ոգելից խմիչք, համեմունք, եւ այլն։ Բույսի հայերեն անվանումներն են` սնձի, սին, արջածառ, ծտախնձոր, ճինավի, սրահացենի։ Արոսենին հաճախ է հանդիպում Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի մարզերում, մշակվում է նաեւ այգիներում (S.domestica)։ Դեկորատիվ նպատակներով աճեցվում է (S.Haiastana) արոսենի Հայաստանի տեսակը, որի սպիտակ կետերով ծածկված գորշակարմրավուն պտուղները ուտելի չեն` «սին»։ Մշակովի տեսակի պտուղն ունի տանձի կամ գնդի տեսք, երկարությունը` 3, լայնքը` 3,5 սմ, սերմերը որպես օրենք` երեքն են, մանգաղանման ծալված, պարունակում են ճարպ եւ ամիգդալին, տերեւները հարուստ են ֆիտոնցիդներով։ Բուժական նպատակներով օգտագործվում են ծաղիկը եւ պտուղը, չորացնում են 50-60 աստիճան C ջերմաստիճանի պայմաններում կամ պահպանում են 0-10 աստիճան C-ի տակ։

Պտուղները պարունակում են 18 մգ կարոտին (100 գ մեջ), 60-200 մգ ասկորբինաթթու, վիտամիններ K, E, ռուտին (P), մինչեւ 2,8 տոկոս խնձորաթթու, նաեւ կիտրոնաթթու, սաթաթթու, պեկտինային միացություններ, դառնանյութ, դաբաղանյութ, ֆլավոններ, կվերցետին եւ մերատին, կատեխիններ, բույսին բնորոշ շաքար սորբոսա, մինչեւ 9,3 տոկոս այլ շաքարներ, սորբինաթթու` որն ունի արտահայտված հակամանրէ հատկություն։ Պտուղը պարունակում է կալիում, կալցիում, մագնիում, 0,4 մգ երկաթ, 0,12 մգ պղինձ, 0,3 մգ ցինկ, եւ այլն։ Ավանդական բժշկությունը խորհուրդ է տալիս օգտագործել պտուղը` որպես մեծ քանակությամբ կարոտին պաունակող վիտամինային հումք (այս ցուցանիշով գրեթե հավասար է գազարին) եւ լեղամուղ միջոց, հյութը` հիպերտոնիկ հիվանդության, երիկամաբորբի, թութքի դեպքում։

Ժողովրդական բժշկությունը կիրառում է արոսենու պատրաստուկները նաեւ անեմիայի, ավիտամինոզի, շաքարային դիաբետի, պարադոնտոզի, ստոմատիտի, հոդացավի, պրոստատիտի բուժման համար։

Հակացուցված է հիպոտոնիայի, թրոմբոֆլեբիտի, բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի դեպքում։

Ցածր թթվայնությամբ ստամոքսաբորբ. Տրորեք արոսենու պտուղը քամիչի վրա, զտեք հյութը, խմեք մեկական թ/գ, սնվելուց առաջ։

Օշարակ. Արծնապատ տարայի մեջ շերտ առ շերտ լցրեք արոսենու պտուղը եւ շաքարավազ (5։3), 4-6 ժամ անց 3 րոպե եփեք մարմանդ կրակի վրա։ Խմեք 50-ական մլ, օրը 3-4 անգամ, սնվելուց առաջ։ Օգտագործեք հիպերտոնիայի, մրսածության դեպքում։

Երիկամի բորբոքում. 1 ճ/գ հյութը լուծեք 50 մլ զտված ջրի մեջ, խմեք սնվելուց 20-30 րոպե առաջ, օրը 3 անգամ։

Կլիմաքս. Խմեք 30-ական կաթիլ արոսենու ոգեթուրմ, օրը 3 անգամ, սնվելուց առաջ։

Սակավարյունություն. 2 թ/գ պտուղը 1 ժամ թրմեք 400 մլ եռջրում, խմեք 100-ական մլ` օրվա ընթացքում։

Դիմադրողականությունը բարձրացնող. Մաքրեք մասուրը սերմից, խառնեք արոսենու պտղի հետ (1։1), փոշիացեք (կամ աղացեք)։ Հումքի 2 ճ/գ-ն 10 րոպե եռացրեք 200 մլ ջրի մեջ, թրմեք 1 ժամ։ Խմեք 50-ական մլ, օրը 4 անգամ, սնվելուց 30 րոպե առաջ։

Ոգեթուրմ. Եթե մոտակայքում աճում է արոսենի, ապա առաջին սառնամանիքից հետո հավաքեք արոսենու պտուղները, ընտրեք դրանց միջից առավել բուրումնավետը, առանձնացրեք դրանք ընձյուղներից, լվացեք եւ չորացրեք քամիչի վրա։ Տեղավորեք տարայի ծավալի 2/3 չափով կոնյակի մեջ, 20-30 օր թրմեք մութ տեղում։ Կստացվի գեղեցիկ, մուգ կարմիր` սուտակի երանգի, նրբահամ ըմպելիք։ Թրմեք այն, լցրեք մանրէազերծված շշի մեջ եւ կիպ փակեք։ Այս ոգեթուրմի 1 ճ/գ-ն ավելացեք թեյի մեջ եւ խմեք` որպես նախապահպանություն մրսածության դեմ։

Թութք. 1 ճ/գ արոսենու պտուղը 4 ժամ թրմեք 200 մլ եռջրի մեջ, խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ։

Անոթների մաքրում. 1 թ/գ արոսենու մատղաշ ճյուղերի կեղեւին ավելացրեք 200 մլ զտված ջուր, 5 րոպե եփեք, թրմեք 1 ժամ, քամեք։ Բաժանեք թուրմը 3 մասի, խմեք սնվելուց 30 րոպե առաջ։

Կամ` 2-3 ճ/գ մանրացրած կեղեւին ավելացրեք 500 մլ եռջուր, 1 ժամ թրմեք (ջրային բաղնիք), երբ հովանա` քամեք։ Խմեք մեկական ճ/գ, սնվելուց 30 րոպե առաջ։ Օգտակար է հիպերտոնիայի դեպքում։

Արոսի պտղահյութն օգտագործվում է գեղարարության մեջ ցանկացած մաշկի համար (չոր, ճարպոտ, նորմալ)։

Վարդագույն կորյակներ. Աղացեք արոսի պտուղները, քամած հյութի մեջ թրջեք անձեռոցիկը եւ 15 րոպեի ընթացքում 3-4 անգամ փոխեք, լվացվեք գոլ ջրով։ Շարունակեք 2 շաբաթ, օրը 1 անգամ։

Սնուցող դիմակ. Տրորած արոսի պտուղին ավելացրեք (2։1) հեղուկ մեղր, քսեք դեմքին, ծածկեք անձեռոցիկով, պահեք 5-10 րոպե, լվացեք տաք ջրով։ Կատարեք 10-12 անգամ, սակայն ոչ ավելի, քան շաբաթը 2 անգամ։

Լոսյոն. 200 մլ գոլ ջրի մեջ լուծեք 1 ճ/գ արոսի պտղահյութ, մեկական թ/գ բժշկական գլիցերին եւ օդեկոլոն։ Կանխարգելում է կնճիռների առաջացումը։