Օրերս Ղարաբաղի խորհրդարանում սկսվեցին 2006թ. պետբյուջեի նախագծի քննարկումները: ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանի հավաստմամբ, բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացում 2006-ին չի նախատեսվում: Քաղծառայողների բազային աշխատավարձերը կբարձրանան 45-50 տոկոսով:
Նախարարը բյուջեն գնահատելով՝ տեղեկացրեց, որ նախատեսվում է հարկային եկամուտների ահռելի ավելացում: ԱԺ պատգամավոր, ԼՂՀ գործարարների միության նախագահ Սամվել Հակոբյանի այն հարցին` թե ինչի՞ հաշվին է կառավարությունը պատրաստվում ավելացնել եկամուտները, Հարկային ծառայության պետը նկատեց, որ 800 միլիոնով կավելանա հարկերի բուն գումարը, 250-ն էլ կստացվի վարչարարությունից, այսինքն՝ տույժերից: Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ, գործարար Արայիկ Հարությունյանը հույս հայտնեց, որ պետական եկամուտները կավելանան ոչ թե մասնավոր բիզնեսի զարգացումը կանխարգելելու հաշվին, այլ՝ թաքցվող գումարները ստվերից հանելու:
Նախարար Ս. Թեւոսյանը նաեւ տեղեկացրեց, որ ԼՂՀ բնակչության առանձին խմբերին միանվագ օգնության ձեւով նախատեսվում է տրամադրել 260 մլն դրամ, որից կօգտվի մոտ 6500 մարդ: Օգնությունը կտրամադրվի մայիսի 9-ի, սեպտեմբերի 2-ի եւ Ամանորի տոների կապակցությամբ: Սոցիալական հատկացումները հաջորդ տարի կավելանան մոտ 1 մլրդ դրամով: Գալիք տարի ԼՂՀ-ում կշարունակվի արժեզրկված վարկերի մասնակի փոխհատուցման գործընթացը, որը սկսվել է 1998-ին: Մինչ այժմ տրամադրվել է 900 մլն դրամ (հազար խորհրդային ռուբլու դիմաց` 25 հազար դրամ): Հիշեցման կարգով նշենք, որ առ այսօր նախնական փոխհատուցում են ստացել մինչեւ 1941թ. ծնված քաղաքացիները, ինչպես նաեւ զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամները:
Պարոն Թեւոսյանը փաստեց, որ գալիք տարի փոխհատուցումից կօգտվեն 1942-46 թթ. ծնված քաղաքացիները: