«Այս ԱԺ-ն պետք է գործի մինչեւ մայիսի 15-ը, այսինքն` ամբողջ նախընտրական շրջանում, մինչեւ նոր ԱԺ-ի ձեւավորումը: Ո՞վ ասաց, թե այդ ամիսները չեն լինելու ամենաբախտորոշ ամիսները մեր նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Գուցե լինեն ավելի բախտորոշ եւ ավելի ծանր, քան 2008թ. մարտի 1-ին նախորդած եւ հաջորդած օրերը: Գուցե, ես դա չեմ ասում` որպես չարագուշակություն, բայց ես նման մտահոգություններ ունեմ եւ տեսնում եմ, որ սոցիալական վիճակը չի բարելավվում, մարդկանց վիճակը վատանում է, երկրի առջեւ բազմաթիվ մարտահրավերներ կան: Այս պարագայում ինչպե՞ս կարելի է ասել, թե ԱԺ նախագահի պաշտոնը պակաս կարեւոր է, քան շտաբի պետինը: Ի վերջո, ընտրությունների արդյունքում հաղթելը, շատ ձայներ ստանալն ինքնանպատակ չէ, մանավանդ մի ուժի համար, որը 15 տարի է` իշխանության ղեկին է»,- անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականին եւ նրա կողմից արված այն հայտարարությանը, թե` ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարի պաշտոնն ավելի կարեւոր է, քան ԱԺ նախագահինը, երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Ըստ նրա, նշված արձանագրումն ապացուցում է, որ այս ԱԺ-ն ամենահեղինակազրկված, հասարակության կողմից ամենաարհամարհված ԱԺ-ն է եւ այդպիսին էլ մտնելու է պատմության մեջ: