Տերն ու ծառան

03/11/2011

Երեկ Հայաստանում հարաբերական անդորր էր: Գոնե մինչեւ ուշ երեկո որեւէ պաշտոնյա հրաժարական չէր ներկայացրել: Դա, իհարկե, ամենեւին չի նշանակում, թե հրաժարականների շքերթն ավարտված է: Ինչպես ընդունված է ասել վերջին օրերին` «ոչինչ բացառված չէ»: Իրականում արդեն մի քանի օր պետությունն ապրում է միայն «ոչինչ չբացառելու» սկզբունքով: Իսկ վերջին կադրային փոփոխություններից հետո կարելի է արձանագրել, որ Հայաստանում պետական կառավարման համակարգ` որպես այդպիսին, այլեւս գոյություն չունի: Դա գրեթե պաշտոնապես երեկ արձանագրեց նաեւ ԱԺ գրեթե նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը` հայտարարելով, որ ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարի աշխատանքն այս փուլում ավելի կարեւոր է, քան ԱԺ խոսնակի պաշտոնը: Այսինքն` հերթական խորհրդարանական ընտրություններից ավելի քան 6 ամիս առաջ Հայաստանի պետական կառավարման համակարգն իրականում վերածվում է իշխող կուսակցության նախընտրական շտաբի, եւ բոլոր գործընթացները զարգանալու են միայն այդ տրամաբանությամբ: Վերջին օրերին անընդհատ շրջանառվող ու հերքվող, հետո` նորից հաստատվող, կրկին հերքվող պաշտոնանկությունների մասին լուրերը, բառի բուն իմաստով, կաթվածահար են արել առանց այդ էլ արդյունավետությամբ չփայլող պետական կառավարման համակարգը, որը գործում է կատարյալ անորոշության եւ սպասման մթնոլորտում: Առավոտյան աշխատանքի գնացող որեւէ պետական պաշտոնյա` սկսած նախարարներից մինչեւ շարքային մասնագետներ, մտածում են միայն մեկ հարցի շուրջ` ո՞վ կլինի հաջորդը եւ արդյոք այդ հաջորդը չի՞ լինի ինքը կամ իր անմիջական «շեֆը»: Արդյունքում, ողջ պետական համակարգն այսօր զբաղված է Հայաստանի քաղաքական դաշտում վաղուց արդեն նորմ դարձած «մուտիլովկաների» տարածմամբ ու վերլուծությամբ: Դրան զուգահեռ` ստեղծվել է խայտառակ բարոյահոգեբանական մթնոլորտ, խուճապ, որում որեւէ մեկը մյուսին չի վստահում, բոլորը վախենում են բոլորից, գաղտնալսվող հեռախոսազրույցներից, կենդանի եւ անտեսանելի «ժուչոկներից»: ՈՒ այս ամենը կատարվում է միայն մեկ` ՀՀԿ վերարտադրության նպատակով: Սակայն կարո՞ղ է արդյոք այդ կուսակցությունից որեւէ մեկը հոդաբաշխ կերպով բացատրել, թե ի՞նչ կապ ունեն այս փոփոխությունները հասարակության, սահմանամերձ գյուղի բնակչի, ՀՀ շարքային քաղաքացու հետ: Ընդ որում, ծիծաղելի են իրար հետեւից ազատվող պաշտոնյաների նվաստացուցիչ, երդում-հայտարարություններն այն մասին, որ իրենք շարունակում են մնալ «թիմի անդամ», որ իրենք մինչեւ մահ շնորհակալ ու պարտական են Սերժ Սարգսյանին ու ծառայում են նրան: Գրեթե վստահաբար կարելի է ասել, որ նույն բանը կհայտարարեն այսօր դեռեւս աշխատող գրեթե բոլոր պաշտոնյաները` աշխատանքից ազատվելուց, ավելի ցածր կամ բարձր պաշտոնի տեղափոխվելուց հետո: Կհայտարարեն, եթե այդպես ցանկանա իշխանությունը: Ի դեպ, ամենեւին պատահական չէ, որ այս օրերին հրաժարականներից հետո ամենաշատ քննարկվող թեման վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայացրած` Հարկային օրենսգրքի փոփոխություններն են, որոնք հանգեցնելու են հարկային բեռի ավելացմանը, հարկային վարչարարության խստացմանը, տույժ ու տուգանքների նոր համակարգի կիրառմանը: Ամեն ինչ շատ օրինաչափ է. ինչպես արդեն նշեցինք` պետական կառավարման համակարգը վերածվում է ՀՀԿ նախընտրական շտաբի, որը 2012թ. հունվարի 1-ից, առանց ավելորդ ձեւականությունների, զբաղվելու է «օբշչակի» (ներեցեք, պետական բյուջեի) մուտքերի ապահովմամբ: Ի դեպ, կարծում ենք` ավելի ազնիվ կլինի, եթե հրաժարական ներկայացնի նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ նշանակվի ՀՀԿ շտաբի գլխավոր գանձապետի պաշտոնում` հայտարարելով, որ այս փուլում դա ավելի կարեւոր պաշտոն է: Քաղծառայության խորհրդի նախագահն էլ կարող է դառնալ ՀՀԿ շտաբի կադրերի բաժնի վարիչ: Պատկերն ավելի ամբողջական կդառնա, եթե ՀՀԿ-ն նաեւ փոխի անվանումը եւ վերանվանվի «Հայաստանի Հանրապետություն» կուսակցություն: