Կճոյանի թեկնածուն

03/11/2011

Մեր տեղեկություններով` նախօրեին վերջնականապես որոշվել է Երեւանի փոխքաղաքապետ նշանակել Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ավագանու Իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ենոք Ազարյանին: Հիշեցնենք, որ մինչ այդ խոսակցություններ կային, թե փոխքաղաքապետ կարող է նշանակվել ավագանու ՀՀԿ խմբակցության մեկ այլ անդամ` Նաիրա Նահապետյանը (ՀԷԿ-երի Նաիրան): Խնդիրն այն է, որ Երեւանի քաղաքապետի 1-ին տեղակալը պետք է լինի ավագանու անդամ: Մեր տեղեկություններով` Ե. Ազարյանին նշանակելու հարցում խառնվել է Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ (Սամվել) արքեպիսկոպոս Կճոյանը, նույն ինքը` «Բենթլի Սամոն»: Հիշեցնենք, որ Ե. Ազարյանը մինչ Երեւանի ավագանի դառնալը 2006-2008թթ. եղել է ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նախագահը, իսկ 2008թ. նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն: