ԱԺ-ն կմնա առանց նախագահի՞

03/11/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հայաստանում հրաժարականի ուրվականն է շրջում: Ասես` ինչ-որ մեկը գերանդին ձեռքին` հնձում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին:

Երեկ ամբողջ օրը տարբեր պաշտոնյաների պաշտոնանկությունների ու հրաժարականների մասին լուրեր էին սավառնում ու հերքվում:

Օգտվելով ստեղծված իրավիճակից` տարբեր շահագրգիռ կողմեր, իրենց հերթին, սոցիալական ու այլ կայքերով տարբեր մարդկանց հրաժարականների մասին կեղծ լուրեր էին դնում շրջանառության մեջ: Թեեւ իրավիճակն այնպիսին է, որ չի բացառվում` հենց այսօր էլ այդ լուրերը դառնան իրականություն: Վերջին շրջանում տեղի ունեցած պաշտոնանկությունները կամ հրաժարականները շոկային վիճակ են ստեղծել քաղաքական դաշտում: Իսկ հրաժարական են տվել նախագահից հետո Հայաստանի ամենաբարձր պաշտոնները զբաղեցնող անձինք: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ Սահմանադրության համաձայն` Հայաստանի երկրորդ պաշտոնյան է: Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ՀՀ բնակչության ավելի քան կեսի կողմից ընտրված պաշտոնյա էր (իհարկե, անձամբ Կ. Կարապետյանը չէր առաջադրվել եւ ընտրվել, քաղաքապետ ընտրվել էր Գ. Բեգլարյանը, բայց տվյալ պարագայում խոսքը քաղաքապետի «պոստի» մասին է): Իսկ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հեռացումն այդ ուժային կառույցի քաղաքական վերահսկողությունը, ասում են, ավելի ուժեղացնելու նպատակ ուներ: Որոշ տեղեկությունների համաձայն` նախագահ Սերժ Սարգսյանն ունի պաշտոնյաների բավականին ստվար ցուցակ, որոնց աստիճանաբար հեռացնելու է պաշտոնից կամ տեղափոխելու է այլ պաշտոնների: Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտոնանկության մասին լուրը վերջին օրերին մի քանի անգամ գրեթե հաստատվեց, ապա հերքվեց: Մեր տեղեկություններով` Ա. Գեւորգյանը ոչ միայն հրաժարական է գրած եղել, այլեւ իրերն է հավաքած եղել աշխատասենյակից: Նաեւ ասում են, որ թեեւ վերջին պահին Ա. Գեւորգյանի հրաժարականը նախագահ Ս. Սարգսյանը այս օրերին չի ընդունել, սակայն, միեւնույն է, նա մոտ օրերս, ի վերջո, հեռանալու է այդ պաշտոնից: Տարածքային կառավարման նախարարի պաշտոնում, ինչպես արդեն նշվել է, լրջորեն քննարկվում է Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նշանակման հարցը: Նախօրեին տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, ըստ մեր աղբյուրների, հավաքվել եւ ինչ-որ հարցեր են քննարկել նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Գագիկ Բեգլարյանը: Ինչեւէ, չնայած այս խոսակցություններին` երեկ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը հերքել է Ա. Գեւորգյանի հրաժարականի մասին լուրերը: Այնուամենայնիվ որեւէ մեկը դեռեւս չի կարողանում հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունենում իշխանական բուրգում: Նեղ շրջանակներում ասում են` իշխանության ներսում տեղի է ունենում փոքր իշխանափոխություն, որով Սերժ Սարգսյանն, ընտրություններին ընդառաջ` իշխանական բուրգը մաքրում է Ռոբերտ Քոչարյանի կադրերից: Քաղաքապետ Կ. Կարապետյանը մշտապես համարվել է Ռ. Քոչարյանի մտերիմ մարդկանցից մեկը: Ըստ որոշ կարծիքների` խորհրդարանական ընտրություններից առաջ Երեւանի պես խոշոր համայնքի ղեկավարի քաղաքական պաշտոնում նրան թողնելը բավական վտանգավոր կարող էր լինել Ս.Սարգսյանի ու ՀՀԿ-ի համար: Եվ ընտրությունների ժամանակ հայտնի չէ, թե վարչական ռեսուրսները նա որ կողմի համար կօգտագործեր: Իսկ այդ առումով նրա վրա ճնշումներ կգործադրեին թե Ս. Սարգսյանը, թե Ռ. Քոչարյանը: Բացի այդ, Կ. Կարապետյանը համարվում էր նաեւ Ռուսաստանի ազդեցությունը կրող պաշտոնյա եւ ՀՀ նախագահի կամ վարչապետի հավանական թեկնածու:

Ալիկ Սարգսյանի պաշտոնանկության դեպքում, կարծիք կա, որ նա չէր կարող ուժեղ ոստիկանապետ լինել եւ անհրաժեշտության դեպքում դուրս չէր գա ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կամ Ռոբերտ Քոչարյանի դեմ: Իսկ նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ասում են, այս առումով բարդույթներ չունի: Իհարկե, երեկ նաեւ տեսակետ հնչեց, թե որոշ փաստերի ի հայտ գալուն պես Վ. Գասպարյանը կարող է նաեւ խիստ կառավարելի դառնալ:

Ամբողջ այս պատմության մեջ ամենաանսպասելին Հովիկ Աբրահամյանի հրաժարականն էր, թեեւ այս մասին մեր թերթը գրել էր դեռեւս 15 օր առաջ: Նշել էինք քաղաքապետ Կ. Կարապետյանի, փոխվարչապետ Ա. Գեւորգյանի եւ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի հրաժարականների մասին: Այսինքն` նման սցենար կար դեռեւս 2 շաբաթ առաջ, թեեւ քչերն էին հավատում դրան:

Երեկ ներքաղաքական կուլիսներում քննարկում էին, որ, թեեւ Հ. Աբրահամյանի հարաբերությունները Ս. Սարգսյանի հետ մերթընդմերթ լարված են եղել, քանի որ ԱԺ նախագահն ավելի սերտ կապեր է ունեցել Ռ. Քոչարյանի ու իր խնամի Գ. Ծառուկյանի հետ, սակայն նրա հրաժարականի մասին հայտարարությունն անսպասելի է եղել հանրապետականների համար: ՀՀԿ խորհրդի վերջին նիստում, երբ բոլորը սպասել են, որ Ս. Սարգսյանը պետք է հայտարարի Ա. Գեւորգյանի հրաժարականի մասին, շոկի մեջ են ընկել Հ. Աբրահամյանի հրաժարականի լուրը լսելիս: Ասում են` այդ ժամանակ նույնիսկ մի զավեշտալի միջադեպ է գրանցվել: Երբ Ս. Սարգսյանը հայտարարել է Հ. Աբրահամյանի հրաժարականի մասին ու հարցրել է` հարցեր կա՞ն, պատգամավոր Աշոտ Արսենյանն անակնկալի է եկել, իրավիճակը չի պատկերացրել ու բացականչել է. «Էլ ի՞նչ հարցեր, հիմա պետք է ծափահարել»:

Իշխող կարծիքի համաձայն` որքան էլ Հ. Աբրահամյանը հայտարարի, թե ինքն իր կամքով է հրաժարական տալիս, քանի որ Ս. Սարգսյանն իրեն առաջարկել է դառնալ ՀՀԿ-ի նախընտրական շտաբի պետ, պարզ է, որ նրան այդպիսով զրկում են առաջիկա ընտրությունների վրա ԲՀԿ-ամետ ազդեցություն ունենալու հնարավորություններից: ԱԺ ընտրությունները տեղի են ունենալու մայիսին, եւ դժվար է ասել, թե ինչ փոփոխություններ կարող են լինել. արդյոք Հ. Աբրահամյանը կղեկավարի՞ ՀՀԿ շտաբը, թե՞ դա, այսպես ասած, «կուտ» էր: Այնուամենայնիվ, տեղի ունեցածի կապակցությամբ երեկ գերիշխող երեք կարծիք կար. այն, որ նրա պաշտոնանկությամբ մեծ հարված հասցվեց Ռ. Քոչարյանին, որովհետեւ ԱԺ նախագահն, ասում են, արդեն բացահայտորեն աշխատում էր ԲՀԿ-ի համար: Եվ երկրորդ, որ այդ ամենից շահեց ինքը` Հ. Աբրահամյանը. ընդամենը հինգ ամիս է մնացել ԱԺ ընտրություններին` ԱԺ մի քանի նիստ, եւ նրան պարզապես «նվեր» մատուցվեց. հակառակ դեպքում, եթե որեւէ երկրի ԱԺ նախագահ իր նախաձեռնությամբ որոշ ժամանակ անց, այն էլ` ընտրություններից առաջ, հրաժարականի քայլ անի` դա կդիտվի որպես լուրջ ընդվզում: Տվյալ դեպքում, շտաբի պետի պաշտոնից հրաժարվելը «ցավոտ» հարց չէ: Երրորդ կարծիքի համաձայն` Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին ստիպեց հրաժարական տալ, զրկեց լծակներից, սակայն նրան շտաբի պետ նշանակելով` վերջնականապես չհեռացրեց իր տեսադաշտից` կանխելով ընտրություններից առաջ նրա` «խաղեր տալու» հնարավորությունը:

Ինչեւէ, Աբրահամյանի հրաժարականի մասին լուրից անմիջապես հետո եւ երեկ արդեն քննարկվում էր, թե ո՞վ է փոխարինելու Հ. Աբրահամյանին ԱԺ նախագահի պաշտոնում: Դավիթ Հարությունյանի թեկնածությունը որքան արագ դրվեց շրջանառության մեջ, նույնքան արագ էլ դուրս եկավ: Երեկ արդեն ԱԺ-ում Գալուստ Սահակյանի թեկնածության մասին լուրեր, միգուցե` նաեւ ցանկություններ էին սպրդում անմիջապես իր իսկ ղեկավարած խմբակցության սենյակներից: Կարծիք կա, որ այդ լուրերը հենց Գ. Սահակյանն է իր մտերիմների միջոցով շրջանառության մեջ դնում: Բա որ ու` … կպավ: Շրջանառվում է նաեւ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի անունը, որն առավել հավանական թեկնածուն է համարվում: Իհարկե, նաեւ տեսակետ կա, թե մինչեւ այս գումարման ԱԺ գործունեության ավարտը ԱԺ նոր նախագահ չի նշանակվելու: Պարզապես ԱԺ նախագահի լիազորությունները դրվելու են ԱԺ առաջին փոխնախագահ Ս. Նիկոյանի վրա:

Մի ուշագրավ հիշեցում եւս: 2009թ. սեպտեմբերին, երբ ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարական տվեց Տիգրան Թորոսյանը, պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը խորհրդարանի դահլիճում հիշեցրեց, որ նորանկախ Հայաստանի խորհրդարանի եւ ոչ մի ղեկավար մեկ ամբողջական ժամկետ չի պաշտոնավարել կամ իր ժամկետը չի ավարտել: Լեւոն Տեր-Պետրոսյան, Բաբկեն Արարքցյան, Խոսրով Հարությունյան, Արմեն Խաչատրյան, Կարեն Դեմիրճյան, եւ վերջապես` Արթուր Բաղդասարյան ու Տիգրան Թորոսյան: Այսօր արդեն` Հովիկ Աբրահամյան: Վերջինս, հիշեցնենք, ԱԺ նախագահ դարձավ իր նախորդի պաշտոնանկության գնով: Վ.Դալլաքյանը նաեւ հիշեցրեց, որ ԱԺ այդ նույն շենքում 1949 թվականից սկսած Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի որեւէ քարտուղար իր ժամանակահատվածում չի պաշտոնավարել՝ Գրիգոր Հարությունյան, Սուրեն Թովմասյան, Յակով Զարոբյան, Անտոն Քոչինյան, Կարեն Դեմիրճյան։ «Եվ ուշադրություն դարձրեք խորհրդավորության մասով։ Ցավոք սրտի, այս շենքի տեղում ժամանակին եղել է Կոզեռնի գերեզմանատունը։ Ես չէի ցանկանա իմ ելույթն ավարտել միստիկայով, բայց նկատի ունեցեք, որ չարի եւ բարու պայքարն այս դահլիճում առայժմ չի հանգուցալուծվել»,- հայտարարել էր պատգամավորը: