Դատարկ բազմություն

03/11/2011

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը պաշտոնանկությունների, այդ թվում` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի որոշման հիմքում քաղաքական ենթատեքստ չի տեսնում: «Այստեղ հարց չկա, դատարկ բազմություն է,- ասել է նա` հավելելով,- Ընտրությունները քաղաքական ուժերի պայքար է: Այս պարագայում շատ տրամաբանական է, որ ԱԺ խոսնակն ազատ կլինի այս գործառույթից, որպեսզի կարողանա ամբողջությամբ նվիրվել իր գործին»: Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի գնահատմամբ` կատարված եւ սպասվող փոփոխությունների նպատակն այնպիսի թիմի ձեւավորումն է, որն առավել «մարտունակ» կլինի գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ: «Ես չգիտեմ` իրենք ինչ «մաստեր պլան» են գծել իրենց համար եւ ինչպիսի խաղ են նախատեսել եւ այդ խաղում ով ինչ ֆունկցիա պետք է կատարի եւ ով ինչ գործառույթ պետք է կատարի: Կարծում եմ միայն, որ «մաստեր պլան» նախագծողն է, որ ըստ իր ծրագրի` պետք է համապատասխան դիրքերում համապատասխան մարդկանց նշանակի: Եթե այդ դեպքում էլ որոշակի արդար ընտրություններ անցկացվեն, իհարկե, այդ ծրագրերը հաջողությամբ չեն պսակվի այն առումով, որ որեւէ իշխող քաղաքական կուսակցություն չի կարող մեծամասնություն ստանալ»,- ասել է Ա. Մարտիրոսյանը: