Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը երեկ ԱԺ-ում հայտարարեց, թե օրակարգում Աբովյան քաղաքի քաղաքապետի պաշտոնանկության հարց դրված չէ: Ավելին, նա նաեւ «զգուշացրեց», որ համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելը բավականին բարդ ընթացակարգ է պահանջում` ընդհուպ մինչեւ Սահմանադրական դատարանի համապատասխան եզրակացության առկայություն: Այսինքն` ըստ նրա` եթե ՀՀ նախագահը նման որոշում կայացնի, ապա Աբովյանի քաղաքապետը կարող է դիմել ՍԴ` պահանջելով վերանայել իր պաշտոնանկության հարցը: Ի դեպ, երեկ նա հերքեց նաեւ իր հնարավոր պաշտոնանկության լուրերը` ասելով. «Կարծում եմ` էդ լուրերն անհիմն են: Ես հրաժարականի նախադրյալներ չեմ տեսնում, ես ուղղակի անհեթեթություն կորակեմ դրանք»: Նրա կարծիքով` նման լուրեր տարածողները «չուզող մարդիկ են». «Կլինեն երեւի չուզող մարդիկ: Չեմ կարող ասել, թե իրականում ինչ է կատարվում, բայց հրաժարականի մասին բացարձակապես խոսակցություն չկա»:
Հարցին, թե ինչո՞ւ է ՀՀ Վերահսկիչ դատարանը ստուգումներ իրականացնում մարզում, Կ. Շահգալդյանը պատասխանեց, թե ստուգումներ իրականացվում են միայն Եղվարդ քաղաքում, իսկ Աբովյան քաղաքն ընդհանրապես ներառված չէ ԱԺ-ի կողմից հաստատված ստուգումների ցանկում: Անդրադառնալով Ծաղկաձորում Կեչառիսի վանքի հարեւանությամբ կառուցվող ռեստորանային համալիրի խնդրին, Շահգալդյանն ասաց. «Եկեղեցին այդ տարածքը կառուցապատման իրավունքով տվել էր տվյալ ՍՊԸ-ին, եւ այդ վարձակալությունը պետական գրանցում էր ստացել Կադաստրի Հրազդանի ստորաբաժանումում: Նախ` համայնքի ղեկավարը տուգանել էր կառուցապատողին ապօրինի շինարարության համար, հետո ես իմ նամակով համայնքի ղեկավարից պահանջել եմ դադարեցնել շինարարությունը, ինչը եւ արվել է»: Ի դեպ, նա նաեւ վստահեցրեց, որ եթե ՀՀ մշակույթի եւ ՀՀ քաղաքաշինության նախարարություններն ասեն, որ համաձայն չեն այդ շինարարությանը, ապա «կդնենք` այդ օբյեկտը ամբողջովին կվերացնենք»: