Փաթեթս գաղտնի թող մնա

03/11/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հաջորդ տարվա պետական բյուջեի հարկային եկամուտները 101 միլիարդ դրամով ավելացնելու թեման նոր երանգներ է ստացել։ Եթե նախկինում գլխավոր հարցն այն էր, թե կառավարությունը ի՞նչ ճանապարհով է հավաքելու այդ գումարը, այժմ այլ հարց է ի հայտ եկել՝ կոնկրետ ի՞նչ հարկային փոփոխություններ են կատարվելու, ո՞ւմ են դրանք վնասելու կամ օգնելու։ Այսինքն՝ 101 միլիարդը հավաքելու ճանապարհն արդեն հայտնի է, մնում է պարզել մանրամասները։

Խոսքը վերաբերում է առաջին հերթին որոշ հարկատեսակների դրույքաչափերի վերանայմանը։ Սկզբում իշխանություններն ընդհանրապես չէին խոսում դրույքաչափերի բարձրացման կամ վարչարարության խստացման մասին։ Հետո սկսեցին լղոզված խոսել։ Եվ չնայած գաղտնիության մթնոլորտին՝ որոշ ԶԼՄ-ների հաջողվում էր այս կամ այն կերպով պատառիկներ փախցնել առաջարկվող հարկային փաթեթից։ Օրինակ՝ մեր թերթը գրեց պարտադիր սոցվճարների նվազագույն շեմի բարձրացման (7000-9000), ալկոհոլի վրա կիրառվող հարկերի բարձրացման մասին։ «Հայկական Ժամանակը» նշեց մեքենաների յուղը եւ մանկական հեծանիվները մաքսատուրքով հարկվող ապրանքների ցանկի մեջ ներառելու մասին, եւ այլն։

Հարկային փաթեթի փակագծերը մի փոքր բացել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի երեկ տեղի ունեցած նիստում։ Իր ելույթում վարչապետը ներկայացրել է առաջարկվող հարկային փաթեթի 10-ից ավելի կետեր՝ շեշտելով, որ դրանք հիմնականում թեթեւացնում են փոքր ու միջին բիզնեսի գործը եւ բարդացնում խոշորներինը։ «Ի տարբերություն փոքր եւ միջին բիզնեսի` մենք խստացնում ենք պահանջները խոշոր բիզնեսի նկատմամբ եւ ավելացնում նրա նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Դա վերաբերում է այն խոշոր բիզնեսին, որը զբաղվում է մեծածավալ ներկրումներով, սակայն չի ապահովում փաստաթղթաշրջանառությունը: Այս առումով լուրջ գործիքներ ենք տալիս պետական եկամուտների կոմիտեին»,- ասել է Տ. Սարգսյանը:

Փոքր ու միջին բիզնեսի շահերի մասին Հայաստանում բոլորն են մտահոգվում (կամ ցույց են տալիս, որ մտահոգվում են)։ Սակայն, մյուս կողմից, սխալ է մտածել, որ փոքր ու միջին բիզնեսի վիճակի բարելավումը հնարավոր է միայն խոշոր բիզնեսին վնաս հասցնելու հաշվին։ Սխալ է նաեւ կարծել, որ խոշոր բիզնեսի վրա պետական գրոհ սկսելուց բոլորը շահելու են։ Նախ՝ չպետք է մոռանալ, որ Հայաստանում վարձու աշխատողների մեծ մասը հենց խոշոր բիզնեսին պատկանող ընկերություններում են աշխատում։ Եվ երկրորդ՝ խոշոր բիզնեսն ինքն այդ գրոհից չի տուժի. վերջնական տուժողը լինելու է վերջնական սպառողը։ Սրան էլ գումարենք այն, որ Հայաստանում ցանկացած դրական գաղափար շատ հեշտությամբ կարող է այլասերվել. այսինքն՝ խոշոր բիզնեսի նկատմամբ խստացումը կարող է պարզապես վերածվել խոշոր բիզնեսմեններին պատժելու մեխանիզմի՝ քաղաքական նկատառումներով։ Ինչ վերաբերում է ՊԵԿ-ին տրամադրվող «լուրջ գործիքներին», ապա դա, վերջին հաշվով, կարող է ծուղակ դառնալ նույն ՊԵԿ-ի համար։ Բանն այն է, որ «լուրջ գործիք» ասվածը ոչ այլ ինչ է, քան տուգանքների, տույժերի ավելացում։ Այսինքն՝ կառավարությունը ՊԵԿ-ին անուղղակիորեն հանձնարարում է միջոցների մեջ խտրականություն չդնելով` լրացուցիչ գումարներ հավաքել խոշոր բիզնեսից։ Եթե ՊԵԿ-ն օգտագործի այդ գործիքները, ապա կխախտվի խոշոր բիզնեսի եւ ՊԵԿ-ի միջեւ հաստատված ստատուս-քվոն։ Այսինքն՝ ՊԵԿ-ի եւ խոշոր բիզնեսի առճակատումը կարող է բումերանգի էֆեկտով կրճատել հարկային մուտքերը։ Իսկ եթե ՊԵԿ-ն ավելի «փափուկ» մոտեցում ցուցաբերի, ապա տարվա վերջին մեղքը կգցեն այս կառույցի վրա՝ ասելով, որ ՊԵԿ-ը չկարողացավ օգտագործել իրեն տրված նոր հնարավորությունները։ Մի խոսքով, խոշոր բիզնեսի նկատմամբ ոչ անհրաժեշտ է խիստ լինել, ոչ էլ տուգանքները բարձրացնելու անհրաժեշտություն կա։ Պետք է ընդամենը այնպես անել, որ նրանք աշխատեն արդեն իսկ առկա օրենսդրության շրջանակներում։ Իսկ դա, շատերի համոզմամբ, ընդամենը ցանկության հարց է։

Այստեղ մի հետաքրքիր նրբերանգ էլ կա. հարկային փաթեթն, ինչպես նշվեց, ուղղված է խոշոր բիզնեսի դեմ (եթե կտրուկ արտահայտվենք)։ Իսկ որոշ դրույթներ պարզապես հակասում են խոշոր գործարարների, երկրի ամենահարուստ մարդկանց շահերին (օրինակ՝ շքեղության հարկը)։ Իսկ որտե՞ղ են հավաքված մեր երկրի ամենախոշոր գործարարներն ու ամենահարուստ մարդիկ։ Իհարկե, Ազգային ժողովում։ Այսինքն՝ մեր պատգամավորները պետք է հավանություն տան մի փաթեթի, որն ակնհայտորեն իրենց դեմ է։ Խոսակցություններ կան, որ հայրենի գործարար-պատգամավորները, մեղմ ասած, գոհ չեն կառավարության այս նախաձեռնությունից։ Սակայն դա, թերեւս, ոչ մի ազդեցություն չունենա քվեարկության արդյունքների վրա։

Ինչ վերաբերում է փոքր բիզնեսին տրվող արտոնություններին ու ստացած օգուտին, ապա այստեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ, եւ որոշ դեպքերում հասկանալի չէ, թե ի՞նչ է շահելու փոքր ու միջին բիզնեսը։ Օրինակ, ինչպես նշել է վարչապետը, կառավարությունը ավելացնում է հարկերն էլիտար խմիչքների վրա եւ 50 տոկոսով ավելացնում են օղու արժեքային դրույքաչափը` ներքին շեմը թողնելով անփոփոխ` 500 դրամ: «Դա նշանակում է, որ եթե մեր շուկայի 80 տոկոսն էժան օղիների շուկան է, 20 տոկոսը` էլիտար, ապա այդ 20 տոկոս էլիտար օղիների շուկայում տեղի կունենա գների որոշակի բարձրացում այս դրույքաչափի պատճառով: Սա մեր շուկայի վրա բացասական ազդեցություն չի թողնի, բայց իրականում մեր արտադրողների, մանավանդ փոքր եւ միջին արտադրողների համար ավելի բարենպաստ պայման է ստեղծում, որովհետեւ նրանք գնային առումով ավելի լավ վիճակում են հայտնվում, իսկ թանկ օղիներից մենք 2 միլիարդ դրամ լրացուցիչ կհավաքենք մեր բյուջեում»,- ասել է Տ. Սարգսյանը։ Նախ՝ Հայաստանում դժվար թե գտնվեն փոքր ու միջին օղի արտադրողներ։ Եվ երկրորդ՝ եթե վարչապետը «ավելի բարենպաստ պայման» ասելով` նկատի ունի այն, որ էլիտար օղիների թանկացման արդյունքում դրանց պահանջարկը կկրճատվի՝ հօգուտ ոչ էլիտարների։ Այդ դեպքում ինչպե՞ս է պետությունը ակնկալում էլիտար օղիներից հավաքել լրացուցիչ 2 միլիարդ դրամ։ Կամ՝ խոշոր գործարքներն անկանխիկ իրականացնելու պարտադիր պայմանը ինչպե՞ս է նպաստելու փոքր ու միջին բիզնեսին։ Վարչապետը պարզաբանել է, որ «սա նույնպես փոքր եւ միջին բիզնեսի համար ստեղծելու է ավելի բարենպաստ պայմաններ, որովհետեւ մեր ստացած հիմնական բողոքները վերաբերում են խոշոր բիզնեսի` փաստաթղթերի չտրամադրմանը փոքր բիզնեսին»։ Սակայն, համաձայնեք, որ այս պնդումը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի։

Այս պատմության ամենահետաքրքիր կողմերից մեկն էլ այն է, որ խոսելով տարբեր աղբյուրներից 2 կամ 3 միլիարդ դրամով լրացուցիչ հարկեր հավաքելու մասին (օրինակ՝ շահումով խաղերից կամ վիճակախաղերի հարկումից), նախանձելի համառությամբ կառավարությունը շարունակում է լռել ամենակարեւոր կետերից մեկի մասին՝ պարտադիր սոցվճարների։ Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, նվազագույն ամսական սոցվճարը 7000-ից բարձրանալու է 9000 դրամի։ Կարելի է ենթադրել, որ 2000 դրամով կբարձրանան նաեւ միջին սանդղակներում տեղավորվող սոցվճարները։ Հայաստանում պաշտոնական տվյալներով այսօր կա մոտավորապես 640 հազար գրանցված վարձու աշխատող։ Պարզ թվաբանությունը ցույց է տալիս, որ պետբյուջեն միայն սոցվճարների գծով լրացուցիչ հավաքելու է 15 միլիարդ դրամ։

Միգուցե մեր հաշվարկները չափից դուրս «տնավարի» են, սակայն դրա պատճառն այն է, որ հարկային փաթեթը մինչ օրս գաղտնի է պահվում, եւ այն մանրամասն վերլուծության ենթարկել հնարավոր չէ։ Իսկ դա չափազանց զարմանալի է։ Եթե փաթեթն այդքան լավն է, ապա լավ կլիներ օր առաջ այն ներկայացնել հանրությանը՝ հնարավորություն տալով հիանալ կառավարության փայլուն աշխատանքով։