Մենք հասկանում էինք, որ Սերժ Սարգսյանը կուժեղանա,- ասում է ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը

03/11/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Պարոն Բագրատյան, մինչ ՀԱԿ-ի եւ իշխանությունների միջեւ երկխոսության մեկնարկը, Դուք մեզ հետ զրույցում ասել էիք, թե երկխոսությունը ճահիճ է տանելու: Երկխոսությունը սկսվեց եւ ավարտվեց: Ձեր կարծիքով` այն ո՞ւր տարավ ՀԱԿ-ին:

– Այդ միտքը եղել է, բայց ես ասել եմ, որ դա կարծիք է: Մենք քննարկել եւ որոշել ենք գնալ երկխոսության: Եվ երկխոսության գնալու որոշումը նաեւ իմն է եղել: Այո, մտավախություն եմ հայտնել, որ ճահիճ կլինի: Բայց երկխոսության դեպքում մի էական պահ կար, եւ դա պետք է հասկանալ` մեզ պետք էր քաղբանտարկյալներին ազատել: Ես եւ դու չենք նստել, նստողն է նստել:

– Այնուամենայնիվ, ամիսներ անց Ձեր մտահոգությունը արդարացվեց` երկխոսությունը ՀԱԿ-ին տարավ ճահիճ: Այդ գործընթացը Կոնգրեսի համակիրների շարքերում որոշակի հիասթափություն առաջացրեց: Եվ երկխոսության ընթացքում ու դրանից հետո ՀԱԿ-ի հանրահավաքները դարձան պակաս մարդաշատ:

– Մասամբ իրավացի եք, անկում կա, եւ դա սպասելի էր: Բայց վերջին հանրահավաքին նախորդի համեմատ 2 անգամ ավելի շատ մարդ կար: Նոյեմբերի 25-ին արդեն վերջին հանրահավաքի համեմատ երկու անգամ շատ մարդ կգա: ՀԱԿ-ն իր հետեւողական աշխատանքով, եթե չասեմ` ամբողջությամբ, ի վերջո, մեծ մասամբ ետ կբերի իր ընտրազանգվածին, որովհետեւ ժամանակն անցնում է, եւ մարդկանց մոտ գնահատականները փոխվում են:

– Դուք նաեւ կազանյան հայտնի հանդիպումից առաջ էիք ասում, թե երկխոսությամբ կուժեղացնեք նախագահ Սերժ Սարգսյանի դիրքերը: Դրա արդյունքը տեսանելի էր նաեւ ԵԽ ԽՎ վերջին բանաձեւի դեպքում: Փաստորեն, այդ երկխոսությունը ՀԱԿ-ին ոչինչ չտվեց, ավելին, համակիրների մոտ որոշակի հիասթափություն առաջացրեց, բայց իշխանությունների համար օգտակար եղավ:

– Մենք հասկանում էինք, որ կուժեղանա: Վերջին հաշվով` թող ուժեղանա, Հայաստանն է ներկայացնում: Եվ ես պիտի ասեմ, որ նա հաջող օգտագործեց այդ ուժեղացումը` եւ ԼՂՀ բանակցություններում, եւ ներսում քայլեր ձեռնարկելու համար դրսի հետ բանակցություններում: Մենք այսօր այդ քայլերին ականատես ենք լինում, մենք դա հասկանում էինք: Նա գնում է Ռուսաստան կամ ԱՄՆ, եւ արդեն չունի, այսպես ասած, իզգոյ կարգավիճակ: Այսինքն, ի տարբերություն Իլհամ Ալիեւի` ոչ ոք նրան չի կարող ասել` դիկտատոր, որովհետեւ նա երկխոսության պրոցեսների մեջ էր, եւ դա, բնականաբար, ուժեղացնում է նրան: Սա այն է, ինչ ստացավ Ս.Սարգսյանը: Ի՞նչ ստացավ ՀԱԿ-ը: ՀԱԿ-ն, իհարկե, լուծեց ամենակարեւոր հարցը, որը պարտավոր էր լուծել` ազատեց իր քաղբանտարկյալներին: Կուզենայինք, որ ավելի շատ լիներ, բայց իշխանությունը դրանից հետո պարզապես կասեցրեց երկխոսությունը` մասամբ «քցելով» մեզ: Եվ երբ մենք այդ քայլերն անում էինք, հասկանում էինք, որ կարող է նման արդյունք ունենանք: Միեւնույն է, մենք մեր պայքարը կշարունակենք:

– Վերջին հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե ՀԱԿ-ը շարունակելու է ամեն ինչ անել արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, բայց դա միայն ՀԱԿ-ից չէ կախված: Եվ, որ ՀԱԿ-ը պետք է ձգտի ԱԺ-ում ապահովել այնպիսի ծանրակշիռ մեծամասնություն, որ ի վիճակի լինեն բարձրացնել Ս.Սարգսյանի իմպիչմենթի հարցը: Այս հայտարարությունները քաղաքական շրջանակում գնահատվեցին` որպես ՀԱԿ-ի կողմից խոստովանություն, որ գնում է հերթական ընտրությունների, եւ որ արտահերթ ընտրությունների պահանջը դուրս է գալիս օրակարգից:

– Ոչ: ՀԱԿ-ը պահանջում է արտահերթ ընտրություններ, եւ, ինչպես ասել ենք, մի օր առաջ էլ դա լինի, կարեւոր է: Ես այս պահի դրությամբ չգիտեմ` արտահերթ ընտրություն կլինի՞, թե՞ ոչ, բայց մենք պայքարում ենք դրա համար: Պարզապես իշխանությանը կուզենայի ասել, որ ներքաղաքական կյանքում ազնվությունը ավելի գերադասելի է, քան արտաքին քաղաքականության մեջ, որովհետեւ այստեղ եթե խաբում ես, տվյալ դեպքում, քո քաղաքացուն ես խաբում: Ես կուզենայի զգուշացնել, որ վարչապետի բերանով տաշտակների մասին արտահայտությունն օգտագործելու փոխարեն` շատ ավելի լրջորեն պետք է վերաբերվել ներքաղաքական կյանքին:

– Ներքաղաքական կյանքում Ս.Սարգսյանի ու ՀՀԿ-ի համար ՀԱԿ-ից, կարծես թե, ավելի մեծ սպառնալիք է ԲՀԿ-ն` թիկունքում ունենալով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Եվ գնահատականներ կան, որ նրանց գործողություններն այսօր ուղղված են այդ վտանգը չեզոքացնելուն:

– Երբեք այդ կարծիքին չեմ եղել: Միշտ Կոնգրեսում էլ, հանրապետականներին էլ ասել եմ, որ անօրեն ճանապարհով փող աշխատողները միշտ փորձելու են իրար մեջ լեզու գտնել: Ձեր միջոցով ժողովրդին էլ եմ ասում` մի փորձեք գտնել հովանավոր, պաշտպանող կամ տանիք` անօրեն փող աշխատողների մեջ: Ասել կուզի, որ նրանք միշտ էլ համաձայնության են գալու: Չեմ ասում` 100 տոկոսով, բայց նման դեպքում համաձայնություն կայացնելն ավելի հեշտ է, քան թե անհաշտ քաղաքական ուժի հետ, ինչպիսին ՀԱԿ-ն է, որտեղ հիմնականում այն մարդիկ են, ում վրա տնտեսական ճնշումը բացառված է: Եվ Ս.Սարգսյանի, եւ Ռ.Քոչարյանի համար քաղաքական դաշտում հիմնական ընդդիմախոսը ՀԱԿ-ն է:

– Հայաստանի քաղաքական դաշտում միշտ կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ ղեկավարության` մոսկովյան այցերից հետո: Այդպես եղավ եւ 2008թ. մարտի 1-ի դեպքում, այդպես եղավ նաեւ վերջին օրերի կադրային փոփոխությունների պարագայում: Ինչպե՞ս եք մեկնաբանում դա:

– Ռուսաստանը լուրջ ազդեցություն ունի Հայաստանի ինչպես` տնտեսական, այդպես էլ` քաղաքական ոլորտում: Բնական է, որ այդ այցերից հետո որոշ բաներ են ճշտվում: Համաձայն չեմ մամուլի այն պնդման հետ, թե ՌԴ-ում հարցերը լուծեց, եկավ` այդպես արեց: Այնուամենայնիվ, Ռուսաստանի կարծիքի քննախուզումն այսօրվա ՀՀ ղեկավարության համար էական է:

– Դա կարծես թե էական է նաեւ ՀՀ նախկին իշխանությունների համար, որովհետեւ տեղեկություններ են հրապարակվում, թե Ռ.Քոչարյանն էլ պարբերաբար գնում է Ռուսաստան ու քաղաքական վերնախավի հետ հանդիպումներ ունենում:

– Դժվարանում եմ ասել: Ես, օրինակ, տարեկան 2-3 անգամ` որպես տնտեսագետ, ՌԴ-ում հրավիրվում եմ տնտեսական զեկույցների, լուրջ սեմինարների, որտեղ քննարկվում են Ռուսաստանի անելիքները 5-10-15 տարի հետո: Եթե ես Մոսկվայի իմ ամեն մի այցելություն փորձեմ շահարկել եւ դուրս գալ տնտեսական զեկույցի սահմաններից, գուցեեւ ստեղծեմ նույն իմիջը: Հնարավոր չէ գնահատել մասնավոր այցի դերն ու նշանակությունը: Մի անգամ ՌԴ նախկին վարչապետ Եգոր Գայդարն ինձ մի խելոք միտք ասաց: Դա սերբական պատմությունից հետո էր: Ասաց` երբեք մի եղեք սերբերի պես եւ մի մտածեք, թե աշխարհը նստած` մտածելու է փոքր Հայաստանի խնդիրների մասին: Սերբիայի այսօր արդեն` փոխվարչապետը նույնպես հասկացել էր, որ սերբերը, հայերի պես, մի խնդիր ունեն` մտածում են, թե ողջ աշխարհը հետեւում է իրենց խնդրի արդարությանը: Այդպես չէ: Ուզում եմ ասել, որ Վ.Պուտինը գնում է ՌԴ նախագահական ընտրություններին, եւ նրա մտածած առաջին հարյուր հարցերի մեջ Հայաստանը չկա: Եվ դա բնական է:

– Փետրվարի 17-ի կոալիցիոն հայտարարության մեջ նշված է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում պետք է պահպանվի կոալիցիոն համամասնությունը: Ս.Սարգսյանը կադրային խոշոր փոփոխություններ է կատարում, որոնց արդյունքում կոալիցիայում ավելի է ուժեղացնում ՀՀԿ-ի դիրքերը: Դրա փոխարեն` ՀԱԿ-ն իր շարքերում որոշակի հիասթափություն ունի: Այս պայմաններում ՀԱԿ-ն ինչպե՞ս պետք է «ծանրակշիռ ներկայություն ապահովի խորհրդարանում»:

– Հիասթափության մասին դուք ասացիք: Իսկ մեր խնդիրն է` աշխատել մեր ժողովրդի հետ, եւ թե՛ արտահերթ, թե՛ հերթական ընտրությունների ժամանակ փորձել այդ ձայները փաստացի քվե դարձնել:

– Ձեր կարծիքով` ի՞նչ նպատակ են հետապնդում այս կադրային փոփոխությունները, հրաժարականները:

– Դա Ռոբերտ Քոչարյանի դիրքերի թուլացում է այն աստիճանի, որ Ս.Սարգսյանը նույնիսկ ղարաբաղցու (նկատի ունի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին.- Ա.Ա.) գործից հանեց: Այս քաղաքական փոփոխությունների ընդհանուր գնահատականը կապված է այդ բեւեռը թուլացնելու հետ: Այդ շարքում կլինեն նոր թուլացումներ, որոնք պետք է միանգամից նվազեցնեն Ռ.Քոչարյանի ազդեցությունն իշխանական համակարգի վրա:

– Կառավարությունը հարկային օրինագծեր է ներկայացրել Ազգային ժողով, որոնցով փորձում է հարկերի հավաքագրումների մակարդակը բարձրացնել: Այդ փաթեթում կան պրոգրեսիվ հարկման, շքեղության հարկի, ընդերքը հարկելու մասին առաջարկություններ, որոնց մասին Դուք խոսել եք «100 քայլում», Ձեր հայտարարություններում, նաեւ` վերջին հանրահավաքի ժամանակ: Կառավարությունն արդեն ընդունո՞ւմ է Ձեր առաջարկությունները:

– Ժամանակին ՀԲ ներկայացուցիչն ինձ ասաց, թե շատ են ուզում քննարկել «100 քայլը»` համարելով, որ դա մեր տնտեսության բարելավման միակ լուծումն է: Բայց այն ժամանակ Տիգրան Սարգսյանը խնդրել էր, որ այդպիսի քննարկում չլինի, որովհետեւ, նրա ասելով` ՀԱԿ-ը դա կվերածի քաղաքական քննարկման: Ինչ կարող եմ ասել: Եթե իմ կամ ՀԱԿ-ի այդ առաջարկներն անում են, դա լավ է: Մենք լինեինք, ավելի լավ կանեինք, որովհետեւ նույն պրոգրեսիվ եկամտահարկը 20-ից հետո 25 տոկոս դարձնելն այնքան էլ պրոգրեսիվ չէ: Մեղմ ասած, կիսաքայլ է: Ես այս պահին չգիտեմ, թե ԱԺ-ում ինչ է քննարկվում, որովհետեւ կառավարության փաթեթը ՀԱԿ-ի հոկտեմբերի 28-ի հանրահավաքից հետո հապճեպ փոփոխության է ենթարկվել: Մյուս կողմից` իշխանությանը միայն պատիվ է, եթե առաջարկած ճիշտ քայլերը փորձում է իրականացնել: Պարզապես գործող կառավարման, ժողովրդավարության պայմաններում այդ առաջարկները ձեւափոխված են ներդնում եւ, ի վերջո, էլ ավելի խճճում տնտեսական իրավիճակը: