Հանդիպել են

03/11/2011

Երեկ ԱԺ «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների պատվիրակությունները Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում հանդիպել են Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակության անդամներին: «Ժառանգությունից» հանդիպմանը մասնակցել են խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ու քարտուղար Լարիսա Ալավերդյանը, իսկ ՀՅԴ-ից` խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ու պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Նրանք պատվիրակության անդամներին ներկայացրել են ներքաղաքական իրավիճակը եւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների մարտահրավերները: ՀՅԴ-ին եւ «Ժառանգությանն» առաջարկվել է նոյեմբերի 2-ին եւ 3-ին Երեւանում նախատեսված հանձնաժողովի հերթական նիստում քննարկել եւ հաստատվելիք փաստաթղթում ընդգրկել մի շարք հրատապ հարցեր: Առաջարկները վերաբերում էին Ընտրական օրենսգրքում փոփոխություններին, մասնավորապես` ԿԸՀ եւ ԸԸՀ-ների ձեւավորման նախկին մոդելի վերադարձին, ընտրողների ստորագրությամբ ցուցակների մատչելիությանը, հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելուն, որոնք մեկ տարուց ավելի համարվում են «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի համատեղ պահանջները: Ընդգծվել է կոռուպցիայի համակարգային բնույթի եւ դրա դեմ պայքարի գրեթե բացակայությունը` կարեւորելով իրական, այլ ոչ թե նմանակեղծումային քայլերի ձեռնարկումը: Մեկ այլ առաջարկ էլ եղել է տնտեսության մեջ եւ տարբեր ապրանքային շուկաներում օլիգարխների գերակա դիրք ունենալուն, պետական հաստատությունների կարիքների համար հայտարարվող գնումների մրցույթների ոչ թափանցիկությանը եւ օրենքի պահանջների խախտումների մասին: Անհրաժեշտ է համարվել բանակի եւ զինված ուժերի բարեփոխումը եւ տեղի ունեցած սպանությունների լիարժեք բացահայտումը: Կարեւորվել է նաեւ կուսակցությունների կայացմանը կառավարական աջակցության մեծացումը, հատկապես խորհրդարանական կուսակցություններին պետական ֆինանսավորման ավելացումը, ինչի առաջարկ Արդարադատության նախարարությանն արդեն իսկ արել է «Ժառանգություն» կուսակցությունը: