Ինֆորմացիայի դերը դիվանագիտական աշխատանքում

18/11/2005 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Մեր նախորդ հոդվածում անդրադարձել էինք դիվանագիտական գրագրությանը եւ ծառայողական փաստաթղթերին, որոնք ապահովում են Արտգործնախարարության աշխատանքը: Այս գործընթացի արդյունավետությունը մեծապես կախված է փաստաթղթերում պարունակված ինֆորմացիայի որակից եւ կարեւորությունից: Դիվանագիտական հարաբերությունների սկզբնավորման շրջանից մինչեւ ներկա տեխնոլոգիաների անասելի վերելքը եւ գլոբալիզացիայի մուտքը հասարակության բոլոր շերտեր, ինֆորմացիան եղել եւ մնում է վերջինիս շարժիչ ուժերից մեկը: Ճիշտ է ասված, թե հաղթում է նա, ով տիրապետում է ինֆորմացիային: Իսկ արտաքին քաղաքականության մեջ ինֆորմացիայի դերն ունի առաջնային նշանակություն: Եթե այն արժեքավոր է, երկրին կարող է բերել քաղաքական, ռազմական եւ տնտեսական դիվիդենտներ, եւ ընդհակառակը` սխալ ինֆորմացիան կամ դեզինֆորմացիան ի վիճակի է նրան հասցնել խոշոր վնասներ, ընդհուպ` ներքաշել ռազմական կոնֆլիկտների եւ պատերազմների մեջ: Դիվանագիտական գործունեության գլխավոր նպատակը կարեւոր եւ հավաստի ինֆորմացիայի հայթայթումն է: Իսկ ի՞նչ միջոցներ կան օտար երկրում ինֆորմացիա ձեռք բերելու համար: Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961թ. ապրիլի 18-ի կոնվենցիան, որով կարգավորվում են ժամանակակից դիվանագիտական հարաբերությունները, թույլատրում է դիվանագիտական ներկայացուցչությանը` «օրինական միջոցներով պարզել նստավայր պետությունում առկա պայմաններն ու իրադրությունը եւ դրանց մասին հաղորդել հավատարմագրող պետության կառավարությանը»: Օրինական, բաց ինֆորմացիայի աղբյուրներն են դեսպանի պաշտոնական հանդիպումները երկրի նախագահի, վարչապետի, կառավարության անդամների, կուսակցական, քաղաքական եւ հասարակական գործիչների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Ինֆորմացիայի անսպառ աղբյուր են զանգվածային լրատվական միջոցները, որոնց մատչելիության պատճառով` շատ դիվանագետներ դրանց նկատմամբ թերահավատ են: Մինչդեռ փորձառու վերլուծաբանի համար անգամ բաց մամուլը կարող է արժեքավոր աղբյուր հանդիսանալ: Այս ճանապարհով Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Երրորդ ռեյխի դիվանագետները կարողացան հսկայական ինֆորմացիա հավաքել ԽՍՀՄ ռազմաքաղաքական պոտենցիալի վերաբերյալ: Դա, իրոք, վերլուծական փայլուն աշխատանքի օրինակ է, եթե նկատի ունենանք ստալինյան գրաքննության խստությունն ու գաղտնապահությունը:

Ընդհանրապես, ինֆորմացիայի հայթայթումը նուրբ հարց է: Նստավայր երկրի բաց եւ փակ ինֆորմացիայի հետ առնչվելը, տեղի քաղաքացիների հետ շփվելը պահանջում են դիվանագիտական տակտ, հմտություն, տվյալ երկրի եւ միջազգային օրենքների իմացություն: Այդ գործում խաղի կանոնների անտեսումը եւ խախտումը կարող են ունենալ անցանկալի հետեւանքներ, ընդհուպ` զանցառու դիվանագետին «persona non grata»` «անցանկալի անձ», հայտարարելը, որն իր հերթին կարող է պատճառ դառնալ միջպետական հարաբերությունների սրման: