«Հայաստանի բնակչության շրջանում առկա է դժգոհություն, սակայն չի կարելի ասել, որ այդ երկրում իրավիճակը նախահեղափոխական է»,- նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի պատգամավոր, քաղաքագետ Սերգեյ Մարկովը ադրբեջանական «Զերկալո» պարբերականին տված հարցազրույցում: «Կարծում եմ` Հայաստանում ներկայիս իրավիճակը նախահեղափոխական չէ: Այո, այնտեղ բնակչության շրջանում, ինչպես յուրաքանչյուր հետխորհրդային երկրում, առկա է դժգոհություն: Այսինքն, այդ հանրապետություններում տիրող ներկայիս իրավիճակը կարելի է նորմալ համարել»,- ասել է Մարկովը` նշելով, որ ընդդիմության կողմից հեղափոխության մասին կոչերը սովորական հռետորաբանություն է, որն ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից օգտագործվում է բոլոր երկրներում:
«Ցավոք, հետխորհրդային երկրներում ընդդիմությունը մեծ հաշվով խաղադրույք է կատարում ոչ թե ժողովրդավարական ընտրությունների, այլ տարբեր տեսակի հեղափոխությունների միջոցով իշխանության գալու վրա»,- ասել է ռուս քաղաքագետը: Անդրադառնալով Հայաստանում տիրող տնտեսական իրավիճակին` Մարկովն ասել է, որ այն բավականին ծանր է:
«Այդ իրավիճակը ծանրացնում է նաեւ այդ փոքր երկրի` շրջափակված լինելու հանգամանքը: Շատ հարցերում այն կախված է վրացական իշխանությունների քմահաճույքներից»,- ասել է ռուս քաղաքագետը` ընդգծելով, որ այդ ամենին հակառակ, Հայաստանն ունի ուժեղ սփյուռք: «Հայաստանն ունի հսկայական միջազգային սփյուռք, որն ազդեցության առումով կարելի է համեմատել միայն հրեական համաշխարհային սփյուռքի հետ: Իսկ սփյուռքն օգնում է, թույլ չի տալիս` անկում ապրի հայկական տնտեսությունը: Պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանի տնտեսությունը նման ծանր իրավիճակում, առաջին տարին չէ, որ հայտնվել է: Սակայն «սեւ օրվա» համար Հայաստանը, ի դեմս սփյուռքի, ունի հզոր պահուստ, որը վճռական պահին կօգնի նրան»,- ասել է Սերգեյ Մարկովը։