Բիզնեսի հաստ ու բարակ կողմը

03/11/2011 Արա ԳԱԼՈՅԱՆ

Հայաստանը կարգին կանոնակարգված երկիր է: Տնտեսության կառավարման ու աջակցության ինչ կառույց ասես` ունենք: Հայեցի, գեղեցիկ ու հնչեղ անուններով: Օրինակ` «ՀՀ փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման խորհուրդ»: Հնչում է, չէ՞: Երեկ այդ խորհրդի երկրորդ նիստն էր ՀՀ կառավարությունում: Որովհետեւ այդ խորհրդի նախագահը ՀՀ վարչապետն է: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կատարեց իր պաշտոնական պարտականությունը՝ բացեց նիստը ու ելույթ ունեցավ: Խորհրդի անդամները` չգիտեմ, բայց ես սպասում էի, որ վարչապետը կներկայացնի այն ծրագիրը, որ կառավարությունը մշակել ու իրագործելու է փոքր ու միջին ձեռնարկատիրությանն աջակցելու համար: Վարչապետն իր խոսքում անդրադարձավ 12 դրույթի: Առաջին չորսը հստակ համարակալելով, իսկ մնացածը՝ ոչ: Մենք կփորձենք պահել համարակալումը: Դրանցից առնվազն 10-ը ոչ մի կապ չունեն փոքր ու միջին ձեռնարկատիրության հետ: Նախ՝ 1. վարչապետը խորհրդի անդամներին տեղեկացրեց, որ եկամտահարկի պրոգրեսիվ սանդղակ է մտցվում: Երկու մլն դրամից ավելի աշխատավարձ ստացողներն այսուհետ 20 տոկոսի փոխարեն` 25 տոկոսով են հարկվելու: Վարչապետը հավանաբար ենթադրում է, որ մանր ու միջին բիզնեսի ոլորտում շատ է ամսական 2 մլն դրամից բարձր աշխատավարձ ստացողների թիվը: Հետաքրքիր մոտեցում է: Եթե, իհարկե, հիշենք, որ խոսքը գնում է կառավարության նախարար անդամների աշխատավարձը մոտ 5 անգամ գերազանցող թվի մասին: Մեր իշխանությունները երբեք չեն հրապարակել ամենաբարձր եկամտահարկ մուծած ֆիզիկական անձանց քանակը: Հետեւաբար` ոչ ոք չգիտի, թե Հայաստանում քանի մարդ է 2 մլն դրամից բարձր աշխատավարձ ստանում: 2. Վարչապետի ելույթի երկրորդ թեզը վերաբերում է ալկոհոլային խմիչքների արտադրությանը: Մեր կառավարությունում հավանաբար չգիտեն, որ այս ոլորտից էլ մանր ու միջին գործարարները վաղուց դուրս են մղվել: 3. Երրորդ կետով վարչապետը տեղեկացնում է, որ Հայաստանում մտադիր են «Շքեղության հարկ» մտցնել: Երկար սպասված ձեռնարկ է, սակայն անհասկանալի է, թե այդ հարկը ինչ կապ ունի փոքր ու միջին գործարարության հետ: Ավելացնենք նաեւ, որ այս հարկատեսակն էլ է տարօրինակ կերպով մտցվում: Մի ենթադրեք, որ սոցիալական բնակարանաշինություն չունեցող երկրում ապարանքներ ունեցող կամ կառուցող սեփականատերերն են այդ հարկի «տակ ընկնում»: «Շքեղության հարկ» մուծելու են միայն նրանք, ովքեր գնելու են 90 հազար դոլարից թանկ արժեցող մեքենաներ: Մեր կառավարությունում հավանաբար ենթադրում են, որ երկրի միջին խավը 50-90 հազար դոլար գին ունեցող մեքենաներ են գնում: 4. Ելույթի այս կետում վարչապետը, չգիտես ինչու, խոսեց խաղատների, վիճակախաղերի ու նման բիզնեսների հարկերը 50 տոկոսով ավելացնելու մասին: Նորից անհասկանալի մնաց, թե դա ինչ կապ ուներ տվյալ խորհրդի նիստի հետ: 5. Այս կետն իսկապես վերաբերում էր մանր ու միջին գործարարությանը: Բայց ոչ թե խթանելու, այլ հակառակ՝ հարկման նման լրացուցիչ բեռի տակ դնելու իմաստով: Որովհետեւ մեր կառավարությունը պատրաստվում է ընդլայնել արտոնագրային գործունեության տեսակները: 6. Հաջորդ կետը, որ վերաբերում էր ԱԱՀ հաշվանցման նոր կարգին, ներկայացնելիս` վարչապետն ինքն էլ ասաց. «Դա էլ հիմնականում վերաբերում է խոշոր բիզնեսին»: Ասաց ու շարունակեց «ՀՀ փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի» նիստը: 7. Շարունակեց ու ասաց, որ «Խստացնում ենք պահանջները խոշոր բիզնեսի նկատմամբ»: 8. Ելույթի հաջորդ հատվածը վերաբերում էր հանքաքարի ու մետաղների արտահանմանը: Կառավարությունը ձգտելու է հասնել նրան, որ դրանք մեր երկրում մշակվեն: Այն, որ հանքարդյունաբերող ձեռնարկությունների մի մասը պաշտոնապես վնասով է աշխատում, չի կարող բավարար հիմք տալ, որ այդ գործով մանր ու միջին բիզնեսն է զբաղվում: Իսկ եթե սեւ եւ գունավոր մետաղների արտահանմամբ որեւէ միջին գործարար դեռ զբաղվում է, ապա պարզ է, որ նա վերամշակման պահանջից հետո իր բիզնեսը ստիպված «զիջելու է» խոշորներին: 9. Այս կետին անդրադառնալն ավելորդ է, որովհետեւ վերաբերում է բանկային բիզնեսին՝ բանկերի հիմնական միջոցների վերագնահատմանը: Նույնիսկ մեր տկար տնտեսության պարագային` ամենապուճուրիկ բանկն անգամ փոքր ու միջին բիզնես չես համարի: 10. Վարչապետը խոստացավ «Առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների տեղաշարժի պարագայում պատասխանատվության խստացում»: Հետո ճշտեց, որ խոսքը վերաբերում է «15 մլն դրամից ավելի իրացման շրջանառություն ունեցող խոշոր հարկ վճարողներին»: 11. Այս հատվածն էլ օրվա թեմայի հետ կապ չուներ: Որովհետեւ վերաբերում էր խոշոր գործարքներին: Պարզվում է` այսուհետ դրանք լինելու են անկանխիկ: 12. «ՀՀ փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի» նիստին ունեցած ելույթի վերջում վարչապետը խոստացավ, որ «հարկային վարչարարությունը գնալու է դեպի խոշոր բիզնեսը»: Փաստորեն, կարելի է արձանագրել, որ կառավարությունը մանր ու միջին ձեռնարկատիրությունը խրախուսելու ծրագիր չունի: Նրանց աջակցելու փոխարեն` մեր կառավարությունը խոստանում է խիստ հսկողության տակ վերցնել կամ «պատժել» խոշոր բիզնեսին: Թե մեկի կյանքը բարդացնելը որքանով կերջանկացնի մյուսին` պարզ չէ: «Որքանո՞վ է դա արդյունավետ» հարցն ինքնին հռետորական է: Իրական հարցն այն է. «Ինչո՞ւ են մի թեմայով նիստ հրավիրում ու այլ բաներից խոսում»: Բայց դե, ստվերային տնտեսության դեմ պայքարի կառավարական կոչերն առաջին տարին չէ, որ լսում ենք: Նախկին քաղաքապետի փորձն էլ ունենք: Մարդը քաղաքը տեսքի էր բերում: Տեսքի էր բերում` մանր կրպակների դեմ պայքարելով: Բայց հենց խոստումը հասավ խոշոր խանութ-տաղավարների ապամոնտաժմանը` նա հիշեց, որ Մոսկվայում կարեւոր գործեր ունի: Հիշեց, ներողություն խնդրեց ու գնաց: Ասեք, որ ներողություն խնդրելն էլ մեր հասարակական կյանքում նորույթ է: Հետաքրքիր է` ավանդույթ կդառնա՞, թե՞ ոչ: