«Հայաստանում գտնվող պատմական հուշարձանների մեծ մասը գտնվում է վթարային վիճակում: Դրան նպաստել են ոչ միայն երկրաշարժերը, այլեւ ժամանակը, տեղակայման դիրքն ու այլ գործոններ»,- երեկ ասուլիսում հայտարարել է ՀՀ մշակույթի նախարարության պատմական եւ մշակութային հուշարձանների պահպանման գործակալության պատմական միջավայրի եւ հուշարձանների պահպանման ու օգտագործման վարչության պետ Դորվարդ Առուշանյանը: Նրա խոսքով` ամեն տարի պետական բյուջեից որոշ գումար է հատկացվում հուշարձանների պահպանության ու վերականգնման համար, սակայն առայժմ այդ գումարն այնքան մեծ չէ, որ հնարավոր լինի վերականգնել մեծ թվով հուշարձաններ: Իսկ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի խոսքով` հայկական պատմական հուշարձարանները Վանի ավերիչ երկրաշարժից, ամենայն հավանականությամբ, ավելի շատ են տուժել, քան կարելի էր ենթադրել: Ըստ նրա` հայկական հուշարձանները Թուրքիայում արդեն կիսավեր վիճակում են, եւ դրանք առանց հիմնավոր պատճառի էլ մի օր ուղղակի կարող են գետնին հավասարվել: «Թուրքական կառավարությունը այնպիսի քարոզչություն է տանում, որ հայկական պատմական արժեքները օրեցօր վերանում են` անկախ տարերային արժեքներից: Օրինակ, ասում են` Վարագա վանքի սյունասրահը քանդվել է երկրաշարժից, բայց հաշվի չի առնվում, որ այն այնքան էր քարուքանդ եղել ու ավերվել գանձախույզների կողմից, որ անգամ եթե ոչ մի երկրաշարժ էլ չլիներ, միեւնույն է, քանդվելու էր»,- ասել է Ս. Կարապետյանը: Նրա խոսքով` նույն ճակատագրին են արժանացել նաեւ Թուրքիայում քիչ թե շատ կանգուն մնացած մյուս եկեղեցիները, որոնց անունները Թուրքական կառավարությունը ուղղակիորեն չի հնչեցնում: «Ես համոզված եմ, օրինակ, որ մեր Սքանչելագործ եկեղեցին այլեւս չկա, որովհետեւ այն արդեն իսկ կանգնած էր միայն կրաշաղախ հիմքի վրա, հանված էին բոլոր սրբատաշ քարերը ու այն ամենը, ինչ իրենից ինչ-որ արժեք կարող էր ներկայացնել»,- ասել է հուշարձանագետը: Ի դեպ, նա երեկ նաեւ հայտարարել է, թե պետական համապատասխան մոտեցման եւ ֆինանսավորման դեպքում հնարավոր է այցելել Թուրքիա եւ պարզել, թե իրականում ինչ վիճակում են գտնվում հայկական հուշարձանները: