Հարգելի պարոն Սարգսյանը գրում է, որ Հայաստանի հանրությունը դժգոհ է իր կյանքից: Որ դրա մեջ կարեւոր դեր է խաղում կյանքը գնահատելու նկատմամբ նրա սեփական վերաբերմունքը: Որ քննարկվող խնդիրները պետք է մեր երկրում հասարակության համար կենսական հետաքրքրություն ներկայացնեն: Եվ քանի որ քննարկման դրված խնդիրները հասարակության համար ճակատագրական չեն, հայտնվում են զանազան «կլիշե»-հասկացություններ եւ լցնում մեր իրականությունը: Իսկ ուրիշ կերպ ինչպե՞ս տեղից շարժել մեր հասարակությունը, պարոն Սարգսյան, որը բացարձակապես իներտ է եւ անտարբեր մեր երկրում կատարվող իրադարձությունների նկատմամբ:
Առաջ համարվում էր, որ զանգվածների պասիվությունը քաղաքական գործիչների համար երջանկություն է: Հիմա, երբ իշխանությունները հասան դրան, հասկացան, որ կտրել են այն ճյուղը, որի վրա նստած էին:
Ի՞նչ է իշխանությունը, եթե ոչ ժողովրդի ներկայացուցիչը: Այսօր այն գտնվում է օդից կախված վիճակում: Ոչ ոք ընտրություններին չի գնում: Իսկ եթե գնում է, ընտրությունը կատարում է իներցիայով, բացարձակ անտարբերությամբ: Այժմյան իշխանությունը ոչ մեկի չի ներկայացնում, քանի որ ժողովուրդը հասարակական-քաղաքական դիրքորոշում չունի, չունի մտածված ու հստակ ձեւակերպված պահանջներ իշխանություններից:
Յուրաքանչյուր անհատ-քաղաքացու այսօր հետաքրքրում է միայն իր տունը, իր քսակը, եթե ուզում եք՝ իր սեքսը: «Ղարաբաղը մերն է» կամ «Միացում» կոչերին արդեն ոչ ոք չի արձագանքում: Հասարակությունը ինքնապարփակվել է, եւ նրան այլեւս հնարավոր չէ տեղից շարժել: Նա ցինիկ է դարձել: Ինչի՞ մասին է սա խոսում՝ հասարակության հիմարության ու սահմանափակությա՞ն, թե՞, ընդհակառակը, նրա իմաստնության ու շրջահայացության: Բարդ հարց է:
Մի ժամանակ մարդիկ հավատում էին Աստծուն, բարոյական արժեքներին: «Հայրենիք», «ազատություն», «արդարություն» բառերը դատարկ խոսքեր չէին: Եվ գտնվեցին վառ անհատականություններ, որոնք կարողացան համախմբել ժողովրդին այդ սուրբ գաղափարների շուրջ եւ համահայկական հոգեւոր հեղափոխություն անել: Նրանք զոհվում էին ու ոչնչացնում թշնամուն: Այն ժամանակ յուրաքանչյուր ոք «մեծ խաղին» մասնակցելու ուժ էր զգում իր մեջ, զգում էր իր անմիջական մասնակցությունը Հայրենիքի վերածննդի ու հեղափոխության գործին: Եվ մարտահրավեր էր նետում ամենաբարձր մակարդակի խաղացողներին` խիստ ստանդարտներ ներկայացնելով նրանց. «Եթե պայքարում ես արդարության համար, Աստված չանի` դադարես լինել այդ արդարության չափանիշ: Մենք անմիջապես կգտնենք ավելի ազնիվ ու օրինավոր մեկին ու կնստեցնենք քո տեղում»:
«Բարձր մակարդակի» խաղացողները ձգտում էին համապատասխանել այդ չափանիշներին: Բայց հետո հայտնվեցին մարդիկ, ովքեր իբր գերազանցում էին ուսուցիչներին իրենց «սրբությամբ»: Քաղաքական Օլիմպոսը նոր թիմ էր գրավում: Այսպես կարող է անընդհատ կրկնվել… Եվ մարդիկ հասկանում են, որ իշխանության են ձգտում բոլորովին էլ ոչ ամենաարժանիները, այլ ավելի շատ արկածախնդիրներն ու սրիկաները: Եվ որ նույնիսկ ազնիվ մարդը, ընկնելով «վերեւները», շուտով դառնում է նույնպիսի սրիկա: Եվ հասարակությունը դադարեց որեւէ մեկին «դեպի վերեւներն» առաջադրել. տխուր վերջաբանը նրանց արդեն հայտնի է, եւ իշխանությունները նրան արդեն պետք չեն: Դա համընկավ «վերեւների» ցանկության հետ: Մարդիկ սկսեցին այլ կերպ մտածել: Սկսեցին ասել, որ իրենք արդեն նախկին «խելահեղ, անմիտ ամբոխը» չեն, որ իրենք անհատականություններ են: Նրանք ծիծաղում են «Աստված», «ճշմարտություն», «հայրենիք», «հայրենասիրություն» եւ անգամ` «ազատություն» ու «արդարություն» բառերի վրա: Դրանք ընդամենը «բարձրագոչ» բառեր են: Եվ նրանք էլ չեն հավատում բառերին: Ու դադարել են մեծ խաղեր խաղալուց. ի՞նչ իմաստ ունի, եթե տարվելու ես: Ու մարդիկ սկսել են խաղալ իրենց մանր, ընտանեկան, ակումբային, նեղ-խմբակային խաղերը:
Վերեւներում սկզբում ուրախանում էին, որ այլեւս ոչինչ չի սպառնում հաստատված կարգերին, իսկ հետո հասկացան, որ ակտիվության բացակայությունը սոցիալական ներդրումների բացակայություն է: Որ հասարակությունը մանր խաղերով գնում է քաոսի, բոլորը խաղում են հօգուտ իրենց, իսկ պրիմիտիվ բարբարոս հարեւանները (որոնք դեռ հավատում են մեծ արժեքներին, ինչն էլ նշանակում է, որ կարող են միավորվել ու նվաճել) մի 10-20 տարուց կուլ կտան հոգնած, ցինիկ, հիասթափված մանր մարդկանց` իրենց մանր խաղերով հանդերձ:
«Զանգվածների լռությունը, լռող մեծամասնության համրությունը մեր ժամանակների միակ իրական խնդիրն է»,- գրում է ֆրանսիացի սոցիոլոգ Ժան Բոդրիյարը:
Ինչպես երեւում է` իշխանությունը դա հասկացել է եւ ամեն կերպ փորձում է մարդկանց դրդել մասնակցելու կառավարմանը, նրա վզին է փաթաթում ընտրարշավներ, հանրաքվեներ, ակցիաներ, տարբեր իրավունքների համար պայքար, ստեղծվում են ընդդիմություն, հասարակական կազմակերպություններ: «Միայն թե խոսե՛ն,- խնդրում է իշխանությունը,- դա կարդարացնի մեր գոյությունը: Կստեղծվի «հասարակական կարծիքի» պատրանք, եւ մենք կկարողանանք իրականացնել մարդկանց հարցերի ու ակնկալիքների «պատասխանատուի» առաքելությունը»: Մի խոսքով` իշխանությունը նախ` մարդկանց վզին փաթաթում է պահանջմունքներ, ապա` դրանք բավարարում: Այսօր մեր հասարակությունը բաղկացած է ցինիկ քաղաքացիներից: Լրագրողին, պատգամավորին, բանվորին, գյուղացուն մի բան է միավորում` բոլորն էլ խոշոր հաշվով թքած ունեն ամեն ինչի վրա: Բայց ամենամեծ ցինիկները նստած են վերեւներում. նրանց համար ամեն ինչ գնվում է ու վաճառվում: Ժողովուրդը դա տեսնում է ու խոսում այդ մասին: Եվ դրա համար էլ դժվար կլինի նրան տեղից շարժելը: Ամեն դեպքում իշխանությունը տիտանական ջանքեր է գործադրում դրա համար: Հասարակությանը ակտիվությունից հեռու պահելու տարիների քաղաքականություն վարելով՝ իշխանությունը չհասկացավ, թե որքան հակասական խնդիրներ են առաջացել, եւ ինչ խոր գիտելիքներ են պետք դրանք լուծելու համար: Եվ իզուր չէ, որ այսօր ընտրական ու մարքեթինգային տեխնոլոգիաներն ուղղված են մի բանի. զանգվածը օբյեկտից պետք է վերածվի սուբյեկտի՝ նրան բնորոշ բոլոր հատկանիշներով՝ ազատ միտք, ազատ կամք, պատասխանատվություն, աշխարհայացք: Իսկ որպեսզի կլիշեներ չհայտնվեն, դրանով պետք է զբաղվեն պրոֆեսիոնալ քաղաքական տեխնոլոգիաները:
Եթե հետեւենք PR-ի (հասարակայնության հետ կապեր) ծնունդին, կտեսնենք, որ դրա կարիքը զգացվեց հենց լռակյաց մեծամասնության դարաշրջանում, երբ զանգվածները դարձան ցինիկ ու անպատասխանատու: Հասարակությունը պետք է դարձնել ավելի ակտիվ ու պատասխանատվություն կրող: Եվ բավարարել այդ պահանջարկը: Արտադրությունն աշխատում է ոչ հանուն արտադրության, իշխանությունը՝ ոչ հանուն իշխանության: Ոչ, ամեն ինչ արվում է հանուն մարդկանց: Հանուն մեզ: