«Ռաֆիկիս ուզածը պետությունը չի տա, իսկ իմը՝ կտա։ Մահ ուզի, աղաչում եմ»,- ասում է անդամալույծ, մեռնել ցանկացող Էմմա Սարգսյանը

03/11/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լսափողի մեջ արձագանքող Ռաֆայել պապի ձայնը բարեւից հետո վերածվում է լացի: «Խոսե՛ք»,- զարմացած ասում եմ: Ծանր հեւալով փորձում է հանգստանալ ու խոսել, բայց մի կողմից` լացը, մյուս կողմից էլ` լաց լինողի տղամարդկային բարդույթը Ռաֆայել պապին խեղդում են: Խոսափողի մեջ կրկին արձագանքում են կմկմացող ծերունու կոկորդից մի կերպ դուրս պրծած բառերը` «Մայիսի 9, 51 շենք, բնակարան 18…»: Ցած դրվող լսափողի ձայնը հեկեկալով ընդհատվում է, ու հաստատ գիտեմ, որ Ռաֆայել պապը հիմա մենակության մեջ հանգիստ, բարձրաձայն սիրտը կթեթեւացնի: Ծերունու հասցեն սուր ոսկորի նման կանգնում է կոկորդիս: Դառնում է անմոռանալի. անհայտ ու հայտնի պատմություն, որտեղ գնալ չես ուզում, բայց Ռաֆայել պապն ինձ չխնդրելով, չկանչելով ու միայն հասցեն թողնելով` այնպես է կանչել, որ չանցած մեկ ժամ` Մայիսի 9, 51 շենքի 18 բնակարանում եմ: Փոքրամարմին, բարի ու միամիտ աչքերով ծերունին հիմա էլ իր թողած հասցեի հետքերով իրեն գտնելու իմ ուշադրությունից է լաց լինում: Լուռ, անխոս ինձ ուղեկցում է դեպի փակ պատշգամբ, որտեղ կանգ առնելով ու ականատես լինելով նրա կնոջ տեսարանին` պապանձվում եմ: Անբնական այտուցված, աննկարագրելի սեւացած ոտքերով Էմմա տատն անկենդան կթվար, եթե իմ ոտնաձայներից չշարժվեր: 63-ամյա կնոջ ոտքերի տեսարանը ցանկացած մեկին կդարձներ անբառ: Ծերունին շշմած նայում է աչքերիս` հասկանալու համար, թե կնոջ վիճակն իսկապե՞ս այնքան վատ է, որքան ինքն է պատկերացնում, թե՞, լինելով նրա 47 տարվա ամուսինը` միայն իր սիրտն է ցավում: «Ռաֆի՛կ, երեխուն ջուր տուր, բեր շոր գցեմ ոտքերիս, վատ ա զգում»,- ինքն իրեն թաքցնելով, աթոռի մեջ կծկվելով, ծալվելով` ասում է Էմմա տատը:

Երկուսն էլ իրենց մեղավոր են զգում Էմմա տատի վիճակին ինձ ականատես դարձնելու համար, դրա համար էլ Ռաֆիկ պապն իր` 75 տարվա ծերությունն առած, ամեն երեք րոպեն մեկ ներողություն է խնդրում ինձնից: Էմմա տատն ինչ-որ բան է խոսում, որը չեմ հասկանում, որովհետեւ ատամնաշարը բաղկացած է մեկ հատիկ ատամից, ու նրա անատամ բերանից հնչած բառերը դառնում են անփույթ, անհասկանալի: «Բալես, աղջիկս, քո արդար ձեռքերը բարձրացրու վերեւ, աղոթի Աստծուն, որ ինձ մահ տա: Աղաչում եմ, ինձ չի լսում, խնդրի, ասա` էս կնիկը մահ ա ուզում, էլ չի կարում ապրի: Թող մահ ուղարկի ինձ մոտ»,- լաց լինելով բղավում է Էմմա տատիկն ու երկար ժամանակ չհանգստանալով` թուլացած, հոգնած գլուխը հարվածում է պատին: Ռաֆիկը պապը կնոջ խոսքերից դառնացած` երեխայի պես սկսում է հեկեկալ: Ձեռքով շոյում է Էմմա տատի ուսը, ուզում է մի բանով օգնել, բայց անզորությունից աչքերն ափերի մեջ առած` միայն ցնցվում է: «Մահ տուր ինձ, աղջիկս: Գնա, մի ճար արա, թող ինձ ուղարկեն էն աշխարհ: Ամեն օր կանչում եմ մահվանը, ամեն օր սպասում եմ, բայց էսքան սպասելուց տառապում եմ, էլ չեմ կարող ապրել, հասկանո՞ւմ ես: Ինձ հանգստություն ա պետք, ինձ ընդամենը մի բուռ հող ա պետք: Ինձ մահ տվե՛ք, խնդրում եմ, աղաչում եմ»,- ցավից բղավում է Էմմա տատը: Նրա խոսքերը չլսելու համար Ռաֆիկ պապը փակում է ականջներն ու փոքրիկ երեխայի նման նեղացած, լացելով ասում է` «Լավ էլի, Էմմա, խնդրում եմ, բա ե՞ս, բա որ դու չլինես` ես ո՞նց եմ ապրելու: Ախր, իմ մասին չե՞ս մտածում, դու իմ 47 տարվա սերն ես ու ուզում ես հեռանալ, ինձ թողնել առանց քեզ: Մի տանջի ինձ, խնդրում եմ, ես միշտ քո տակը կփոխեմ, քեզ կլողացնեմ, ճաշ կեփեմ ու կփայփայեմ, մենակ թե էդ բառերը մի ասա»: Այս ծեր ամուսինների մեջ այնքան սեր ու հոգատարություն կա իրար հանդեպ, որ թվում է` իրար սիրում են այնպես, ինչպես 20 տարեկանում էր: Եթե մահը մի քիչ խղճով լիներ` Էմմա տատի ցանկությունը կբավարարեր, բայց մահն եկել է ծեր կնոջ մեջ ու դանդաղ, կամաց-կամաց, տանջելով` ոչ հեռանում է, ոչ էլ հեռանում են երկուսով: Ապրելուց ավելի է տառապում ու տառապելով ամեն օր, ամեն ժամ կանչում է մահվանը: Ասում է` կյանքում վատություն չի արել որեւէ մեկին, ոչ ոքի չի նեղացրել, ապրել է այնպես, որ ոչ ոքի չխանգարի, բայց իրեն բաժին հասած հիվանդությունն անարդար, անհաղթահարելի պատիժ է:

Ռաֆայել պապն ասում է, որ կինը շատ առողջ է եղել: Երեք տարի առաջ սկսել է ոտքերից գանգատվել: Դիմել է պոլիկլինիկայի բժշկին, նա էլ ուղարկել է հետազոտման ու վերջում բժշկական թղթերի մեջ գրելով` առողջ է, ճանապարհել է տուն: Էմմա տատի ոտքերի ցավն ավելի անտանելի է դարձել, սկսել են այտուցվել: «Հասկանո՞ւմ ես, բալիկ ջան, մեր պոլիկլինիկաներում հիվանդ մարդկանց առողջ են գրում, իսկ առողջներին դարձնում են ինվալիդ, որ թոշակ ստանան: Մեզ պետք չէր էդ 4000 դրամը, թող սոված մնայինք, բայց սենց չտանջվեր: Եթե ժամանակին նորմալ ստուգեին, հայտնաբերեին հիվանդությունը` էսպես չէր լինի, հիմա սեւացել են ոտքերը, եղունգները վերքեր են դարձել, լրիվ անշարժացած, անզգայացած: Գրեցին` 1-ին կարգի հաշմանդամություն, 4000 դրամ թոշակ նշանակեցին ու ճանապարհեցին»,- ասում է Ռաֆիկ պապը, ով անդամալույծ կնոջ խնամքը լուռ ու համբերատար կատարում է: Բայց, երբ նա նկարագրում է իր պարտականությունները` շշուկով է խոսում, որպեսզի Էմմա տատը չվիրավորվի: Վերջերս հիվանդանոց են տեղափոխել, որտեղ ոչինչ անել չեն կարողացել, քանի որ մասնագետները չեն կարողանում հասկանալ ծեր կնոջ հիվանդությունը: Ամուսինները վստահեցնում են, որ ախտորոշում գոյություն չունի, քանի որ հիվանդությունը սպեցիֆիկ, հազվադեպ հանդիպող եւ անբացատրելի բնույթ ունի: Էմմա տատն ասում է. «63 տարեկանում պաշտոն եմ ստացել` էս իմ աթոռն ա, որն ուզում եմ հանձնել, բայց աթոռս միայն ինձ համար է, ոչ ուզող կա, ոչ էլ` ինձ էստեղից հանող կա: Դու էլ իմ աղջիկն ես, ինձ կհասկանաս: Կինը եթե անշարժ ա ու ամեն հարցով տղամարդու հույսին` իմացի, որ ավելի լավ ա մեռնի: Անանուն էդ հիվանդությունն էնպես ա զարգանում, որ օրգաններս էլ ա ախտահարում: Աղիքներս չեն գործում, հաց չեմ ուտում, որ գոնե Ռաֆիկը ստիպված չլինի ամեն օր հոգնա անել»:

Ռաֆիկ պապը նորից սկսում է նրբանկատորեն մխիթարել կնոջը` ասելով, որ իր համար դժվար չէ կնոջ «տակը փոխելը», հոգնա անելը, գրկած մինչեւ մահճակալ տեղափոխելը, ճաշ եփելը, ափսեները լվանալը, լվացք անելը, դեղ խմեցնելը, հաց ուտեցնելը, ջուր խմեցնելը, խանութ գնալը, աղբը թափելը, լացելուց հանգստացնելը, մշտապես բժիշկներից խորհուրդ հարցնելը… Կթվարկեր ավելի երկար, եթե Էմմա տատիկը կտրուկ չընդհատեր. «Մի տանջի ինձ, Ռաֆիկ ջան»:

Սարգսյան ամուսինները գոյատեւում են իրենց 44.000 դրամ թոշակով: 1-ին կարգի հաշմանդամ, անդամալույծ Էմմա տատին մեր պետությունը, հաշմանդամության եւ ծերության թոշակը միասին` հատկացնում է 18.000 դրամ: 18.000 դրամ արժողությամբ ամսվա ամեն օրը այս կինը հաղթահարում է մեծ քանակությամբ դեղորայք ընդունելով: Ծերունին դիմել է աղքատության նպաստ ստանալու խնդրանքով, բայց Ընտանեկան նպաստի գրասենյակից նրան մերժել են` առանց պատճառաբանության: Ռաֆիկ պապն ինձ խնդրում է պետության հետ «բանակցել»: «Բալիկ ջան, խնդրում եմ` պետությանն ասա` թող ինձ մի քիչ օգնի, որ իմ 47 տարվա կնոջը պահեմ: Ախր, գիտե՞ս, ինքը ինձ համար ինչ լավ կին ա եղել: Երեք հատ վիրահատություն եմ տարել, ու ինքն ա իմ կյանքը փրկել, ինձ խնամել: Գիտե՞ս, ինչ հրաշալի ու սիրող ա եղել, ոնց ա իմ մասին հոգ տարել: Ախր չեմ կարող առանց իրա: Հիմա ես ո՞նց թողեմ, որ ինքը սենց մահանա: Աղջի՛կ ջան, խնդրում եմ` պետությանն ասա… Եթե կօգնեն` երբեք չեմ մոռանա, իսկ եթե ոչ` Աստված պետության հետ»,- ասում է Ռաֆիկ պապը: Խոսակցությանը կրկին միջամտում է Էմմա տատը. «Չէ, բալիկ ջան, դու պետությունից օգնություն մի խնդրի: Դու գնա պետությանն ասա` թող ինձ մահ տա, խնդրում եմ` համ ինձ լավ կլինի, համ էլ` Ռաֆիկս մի քիչ կհանգստանա, մեղք ա, ինձ հետ տանջվում ա: Եթե մարդուն սիրում ես` չես կարա էսքան տանջես, էս տարիքում իրան հանգիստ ա պետք: Խնդրում եմ` մահ ուզի, հանկարծ էնպես չանես, որ ապրելս երկարացնեն, դու ինձ վատություն կանես: Ռաֆիկիս ուզածը պետությունը չի տա, իսկ իմը` կտա: Մահ ուզի, աղաչում եմ: Եթե իմանայիր` ոնց եմ հոգնել: Եթե իմանայիր, թե ինչքան եմ ուզում հանգստանալ հողի տակ»: Էմմա տատը գլուխն անփույթ «գցում» է դեպի պատն ու արցունքներից խեղդվող աչքերը կախած` լացելով բարձր երգում է. «Երեկ լավ էր, քանց վուր էսօր»: Ռաֆիկ պապը կրկին դանդաղ մոտենում է կնոջը, թեւը գցում է ուսին, ու երկուսով սկսում են Էմմա տատի «մահը» ողբալ:

Էմմա տատն ուզում է հեռանալ, բայց նրան հավանաբար դեռեւս պահում է ամուսնու սերը: Երբ Ռաֆիկ պապը պատրաստ կլինի կնոջը բաց թողնել` Էմմա տատը կհանգստանա էն աշխարհում: Բայց ծերուկը պայքարում է: Ամեն օր, ամեն ժամ պայքարում է եւ իր, եւ կնոջ փոխարեն: Երբ ինքն էլ Էմմա տատի նման հանձնվի` մահը կգա: Էմմա տատը հիմա կարծում է` պետությունն է որոշում ում մոտ ուղարկել մահվանը, մինչդեռ… Ռաֆիկ պապի սերը մահվանից էլ ուժեղ է: