Պատրաստ է լինել դժոխքի դարպասների պահակը

03/11/2011

Ներքաղաքական կյանքում այս օրերին այնպիսի խառնափոթ իրավիճակ է տիրում, որ նույնիսկ ամենաաբսուրդ լուրերի շրջանառության ականատես ենք դառնում: Օրինակ, ասվում է, թե ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն առանձնացվելու է փոխվարչապետի պաշտոնից: Աբսուրդը դա չէ, այլ այն, որ ՏԿ նախարարի պաշտոնի համար շրջանառվում է «Հայոց արծիվներ» հ/կ նախագահ Խաչիկ Ասրյանի անունը: Չնայած, ՀՀ-ում ամեն ինչ հնարավոր է. այս «արծիվը», ոչ ավել, ոչ պակաս, ՀՀ սպորտի եւ երիտասարդության փոխնախարար է: Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում լսելով իր պաշտոնի հնարավոր բարձրացման մասին լուրը, Ասրյանը նախ զարմացել է: Հետո ասել է, որ իրեն հիմա էլ շատ լուրջ գործ է վստահված, մասնավորապես` իր աշխատանքով նպաստել մասսայական սպորտի զարգացմանն ու առողջ ապրելակերպին: Եվ ավելացրել է. «Բազմիցս ասել եմ, որ ես իմ ժողովրդի, ազգիս, պետությանս նվիրյալ զավակն եմ եւ պատրաստ եմ նախագահ Ս. Սարգսյանի առաջարկով, հրամանով` լինել ցանկացած տեղ, այդ թվում նաեւ` լինել դժոխքի դարպասների պահակը, եթե այդ գործընթացը նպաստելու է հայոց պետականության անընդհատ հզորացմանը»: