Երեկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակային հիշեցում է հրապարակել` ուղղված արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Դրանում, մասնավորապես, ասված է. «Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն արդարության պակասն է: Մեր մարդիկ դժգոհում են իրենց աղքատությունից, քննադատում են նախկինում անցկացված ընտրությունները, մտահոգվում Լեռնային Ղարաբաղի անկախությամբ եւ նորից ու նորից վերադառնում արդարության խնդրին: Մեր երկրում արդարությունն առաջին հերթին դատավորի գործն է: Ըստ օրենքի եւ ողջամիտ տրամաբանության` մարդիկ արդարություն պետք է փնտրեն դատարաններում, այլ ոչ` Կառավարության շենքի դիմաց: Արդար դատավորի պարագայում մարդուց ապօրինի չէին խլի մի դեպքում` տունը, մյուս դեպքում` երեխային, իսկ հաճախ էլ` արժանապատվությունը կամ ազատ խոսքը: Արդար դատավորի պարագայում տնտեսվարողի իրավունքը չէին կարողանա խախտել հարկային կամ մաքսային մարմնի չինովնիկները, մինչդեռ հենց դա է նպաստում անարդար մրցակցությանն ու տնտեսության թերզարգացմանը: Արդար դատավորը մարդուն կպաշտպաներ քաղաքապետերի ու գյուղապետերի, կադաստրի չափագրողների, հարկադիր կատարողների, նոտարների, բանտապետերի, ոստիկանների, դատախազների եւ հենց նույն դատավորների կոռուպցիոն կամ այլ տեսակի ոտնձգություններից ու ապօրինություններից: Արդար դատավորի պարագայում ՀՀ կառավարության որեւէ որոշում չէր վնասի մեր շրջակա միջավայրին: Որպեսզի դատավորը լինի արդար, անհրաժեշտ է, որ մեր երկրում գործի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, այսինքն` պատժելու արդար համակարգ: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավասություն ունի բացառապես ՀՀ արդարադատության խորհուրդը: Հետեւաբար, արդարությունը մեր երկրում էապես կախված է Արդարադատության խորհրդի կազմում ընդգրկված 13 մարդկանցից (9 դատավորներ եւ 4 իրավաբան-գիտնականներ): Որպեսզի Արդարադատության խորհուրդը պատժի անօրեն դատավորին, պետք է նախեւառաջ դիմել կամ Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին, կամ Ձեզ: Այս երկու մարմինների կողմից վարույթ սկսելու որոշումից հետո դատավորի հարցը կքննարկվի նշված 13 մարդկանց կողմից: Այս համակարգը եւ դրանում եղած խնդիրները հասարակությանը ցայտուն ներկայացնելու համար ես ընտրեցի երեք դատավորի դեմ բերված բողոքները եւ դիմեցի Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին: Դիմելուց հետո հրապարակեցի դատավորների անունները եւ, ըստ ինձ, նրանց կողմից թույլ տրված անօրինությունները: Արդարադատության խորհրդի մասը կազմող կարգապահական հանձնաժողովը հրաժարվեց վարույթ հարուցել, եւ ես այդ նույն երեք գործերը 49 օր առաջ ուղարկեցի Ձեզ: Վստահ եմ, որ եթե կարգապահական վարույթ հարուցող մարմինները, այդ թվում` եւ Դուք, արդար լինեն, որից հետո արդար լինեն այն 13 մարդկանցից մեծամասնություն կազմող գոնե յոթը, ապա դատավորների պատժման այսչափ կարեւոր համակարգը կդառնա արդար: Այդ պարագայում իր բոլոր որոշումներում արդար կգործի դատավորը` վախենալով միայն օրինական եւ արդար պատժից: Այդ դեպքում արդար կգործի պետության ամեն պաշտոնյա` վախենալով արդար դատավորից: Իսկ մինչ արդարության այս շղթան լիարժեք կգործի, առայժմ վախենում է մարդը, ով որեւէ առնչություն պիտի ունենա դատավորի հետ: Արդարության ակնկալիքով սպասում եմ այն նույն երեք դատավորների գործերով Ձեր որոշմանը:
Հ.Գ. Վստահաբար այս ամենին Դուք շատ լավ տեղյակ եք, բայց մեկ անգամ եւս միասին վերհիշելը օգտակար կլինի բոլորիս»: