Երեկ «168 Ժամի» խմբագրություն էր եկել 55-ամյա Արտաշես Ալեքսանյանը, ով մինչեւ վերջերս երբեւէ պետական պաշտոնյաներին դիմելու առիթ չէր ունեցել: Վերջերս, սակայն, դժբախտաբար, ստիպված եղավ թակել նրանց դուռը: Արդյունքում` խորապես հիասթափված, վիրավորված` դիմեց մեզ:
Մինչ կատարվածին անդրադառնալը` նշենք, որ Արտաշես Ալեքսանյանն Արցախյան ազատամարտի մասնակից է եղել, աջ ձեռքից վիրավոր է, եւ պետությանը մատուցած ծառայությունների համար բազմաթիվ մեդալներ, շնորհակալագրեր եւ պատվոգրեր է ստացել անձամբ նախկին վարչապետերից ու նախագահից: 1988թ. երկրաշարժի ժամանակ կամավոր մեկնել է աղետի գոտի, եւ, մասնակցելով փրկարարական աշխատանքներին, 16 երեխայի կյանք է փրկել: Ի դեպ, ամերիկյան «Վաշինգտոն Պոստ» թերթը «Հազարից մեկը» վերնագրով մի ծավալուն հոդված էր գրել Ա. Ալեքսանյանի մասին, որն արտատպել էին այլ երկրների պարբերականները: Իսկ այսօր Ա. Ալեքսանյանն այլեւս չդիմանալով վիրավորանքին` ասում է. «Փլատակների տակից մարդկանց անձնական փողերը գտնում` վերադարձնում էի իրենց: Հասկանո՞ւմ եք` 16 երեխա եմ փրկել, Ղարաբաղում կռիվ եմ տվել, ինձ չեմ խնայել: Եթե արյանս կարգը համընկել է հիվանդ մարդկանց արյան հետ` ասել եմ` քաշեք ինչքան պետք է: Հավատացեք, էսքան տարվա ընթացքում երբեւէ էդ մասին չեմ խոսել, երբեք չեմ շահարկել, բայց էնպես, ինչպես Հայաստանում են վարվում հայրենիքի համար կյանք տված մարդու հետ` պարզապես լկտիություն է: Ես ինձ ահավոր նվաստացած եմ զգում, որովհետեւ Ազգային ժողով դիմելուց հետո մի բան եմ հասկացել. մեր երկրում բոլոր հարցերը լուծում են պաշտոնյաների քարտուղարուհիները, թիկնապահներն ու վարորդները: Շատ արհամարհական վերաբերմունք է»:
Բանն այն է, որ Ա. Ալեքսանյանը 2011թ. հունիսի 12-ին սրտի կաթվածով տեղափոխվել է հիվանդանոց: Զեյթունի սրտաբանական հիվանդանոցում ստենդավորում կատարելու համար 1 ժամ ժամանակ են տվել, որպեսզի հիվանդի հարազատները 2մլն 110.000 դրամ` մոտ 7000 դոլար վճարեն: Պահանջվող այդ մեծ գումարը չունենալով` Ալեքսանյանի հարազատները ընկերներից, բարեկամներից, հարեւաններից մաս-մաս պարտքով գումար խնդրելով, այնուամենայնիվ, վճարումը կատարել են, եւ վիրահատությունն էլ անցել է բարեհաջող: «Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո իմացա, որ որպես ազատամարտիկ կարող եմ դիմել ՀՀ Պաշտպանության նախարարություն` աջակցություն ստանալու նպատակով, քանի որ նման կարգ կա: «Ազատամարտի վետերանների միությունը», որի անդամ եմ, պաշտպանության նախարարին գրություն գրեց` խնդրելով աջակցել վիրավոր ազատամարտիկին` ինձ»,- պատմում է Ա. Ալեքսանյանը, ում դիմումին ի պատասխան` ՊՆ Աշխատակազմի ղեկավարը պատասխանել է. «ՀՀ պաշտպանության նախարարության կողմից արտագերատեսչական բժշկական սպասարկման առումով դրա իրավունքն ունեցող անձանց հնարավորությունների սահմաններում ցուցաբերվող որոշակի օժանդակությունն իրականացվում էր հաստատված ծրագրի շրջանակներում, ինչը սրտի հետ կապված վիրահատությունների մասով ս.թ. օգոստոսի 8-ից դադարեցվել է ՀՀ պաշտպանության նախարարի որոշմամբ` միջոցների սղության պատճառով»: Այնուհետեւ Ա. Ալեքսանյանը դիմել է Ազգային ժողովի Առողջապահության մշտական հարցերով զբաղվող հանձնաժողով, որտեղից դիմումը վերահասցեագրվել է ՀՀ Առողջապահության նախարարություն, այնուհետեւ մերժվել է: Նախարարության պատասխանատու անձանցից մեկը Ա. Ալեքսանյանին խորհուրդ է տվել դիմել ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, դաշնակցական Հրայր Կարապետյանին. «Դիմեցի, հերթագրվեցի, ընդունելություն նշանակեցին: Սեպտեմբերի 19-ին ընդունելության կանչեցին: Գնացի` դիմումով, փաստաթղթերով: Մի աղջիկ եկավ, զարմացա, որովհետեւ ընդունելությունը պետք է կատարեր հանձնաժողովի նախագահը, տեղակալը կամ որեւէ պատգամավոր: Պարզվեց` Հրայր Կարապետյանի գործավարուհին է, որը, փաստորեն, նույնիսկ ընդունելություն է կազմակերպում: ԱԺ աշխատակցին ասում եմ` գործավարուհի՞ն պիտի ընդունելություն կազմակերպի, նա իրավունք չունի, ի վերջո, գործավարուհի է: Ասում է` քո դժգոհությունն իրեն հայտնի: Հ. Կարապետյանի գործավարուհին ներկայացավ` Նելլի Վարդանյան: Հարցնում եմ` Դուք ի՞նչ իրավունք ունեք քաղաքացու ընդունելություն կազմակերպել: Դիմումներս նայեց, սկսեց դատողություններ անել: Ասում եմ` աղջիկ ջան, ես Պետական համալսարանի Իրավաբանականն եմ ավարտել, ինձ մի սովորեցրու գրել: Պահանջեցի Հ. Կարապետյանին հանդիպել, խաբեց, թե գործուղման մեջ է, էն դեպքում, երբ սուտ է, նա այստեղ էր եւ իր դաշնակցական ընկերներն այդ մասին հավաստիացրեցին: Ասում եմ` ախր դուք ինչո՞ւ եք եկել, Հրայր Կարապետյանի հետ հանդիպում են նշանակել, ընդունելության օր ու ժամ են ինձ ասել: Ասում եմ` երկու օր առաջ Արմեն Ռուստամյանն ու Արծվիկ Մինասյանը համակարգային փոփոխությունների քարոզ էին կարդում, բայց մի հատ հանձնաժողովի գործունեություն չեն կարողանում կազմակերպել»,- պատմում է Ա. Ալեքսանյանը, ով քարտուղարուհու հետ խոսելուց հետո ասել է, որ շատ վիրավորված է պաշտոնյաների այս անփույթ եւ ոչ հարգալից գործունեությունից, հետեւաբար դիմելու է մամուլին: Այդ գործավարուհին էլ, ոչ ավել, ոչ պակաս, ասել է` «Էս գլխիս սարքո՞ւմ ես»: Ա. Ալեքսանյանն` ապշահար երիտասարդ աղջկա խոսքերից, որն աշխատում է օրենսդիր մարմնում եւ նույնիսկ իրեն իրավունք է վերապահում հանձնաժողովի նախագահի լիազորություններ կատարել` դիմել է մեզ` հայտարարելով, որ Ազգային ժողովում ստորացնում, նվաստացնում են մարդկանց: «Ես ընդամենը քաղաքացի եմ, որը ցանկացել է իր խնդրի համար դիմել: Հասկանո՞ւմ եք, խնդիրը ոչ այնքան ինձ գումարով օգնելն է, որքան այն վերաբերմունքը, որով ճանապարհում են մարդկանց: Թող մերժեին, բայց քաղաքակիրթ ձեւով` առանց ստորացնելու: Սա, փաստորեն, քարտուղարուհիների, թիկնապահների ու վարորդների իշխանության երկիր է, որտեղ միջնակարգ կրթություն չունեցող մարդիկ կարող են քեզ ղեկավարել: Քաղաքավարի խոսում եմ, հասկացնում եմ, բայց փողոցային ժարգոնով ինձ ասում է` էս սարքո՞ւմ ես գլխիս: Երիտասարդ, մոտ 21-22 տարեկան մի աղջիկ, որը հայտնի չէ` կրթություն ունի՞, թե՞ ոչ, հանձնաժողովի նախագահին դիմողներին փողոցի բառապաշարով սպասարկում է: Չեք պատկերացնի` որքան վիրավորված եմ, նյարդային համակարգս խախտվել է»: Ինչեւէ, այնուհետեւ Ա. Ալեքսանյանին հեռախոսակապով միացրել են պատգամավոր Արթուր Աղաբեկյանի օգնականի` Մեսրոպ անունով մարդու հետ, ում նա խնդրել է գոնե հեռախոսով Ա. Աղաբեկյանի հետ խոսելու հնարավորություն տալ: «Մերժեց կրկին` ասելով, որ բոլոր պատգամավորները ֆրակցիաներում են: Ասում եմ` լավ, գոնե գլխավոր մասնագետի հետ խոսեմ, որպեսզի նա թղթերս նայի եւ խորհուրդ տա` ի՞նչ անեմ: Այդ գործավարուհի Նելլին կրկին խաբեց` ասելով, որ գլխավոր մասնագետն էլ հիվանդ է: Մեսրոպն ասում է` հեռախոսահամարդ թող` Ա. Աղաբեկյանի հետ հանդիպում կկազմակերպենք: Երկուշաբթի զանգեցին, կանչեցին: Գնացել եմ, ասում է` դե դիմումդ գցի արկղը: Սա խայտառակություն է, մարդկանց մատների վրա խաղացնում են»,- բարկացած ներկայացնում է իրավիճակը Ա. Ալեքսանյանը` հեգնելով, որ քաղաքացիների հետ այսպես վերաբերվում է մի կուսակցություն, որն ամեն օր սոցիալական արդարության, համակարգային փոփոխությունների եւ այլ «ճոռոմ» գաղափարների մասին է քարոզում: Մինչդեռ, ընդամենը մի հանձնաժողովի գործունեություն չեն կարողանում կազմակերպել, արդյունքում` ստորացնելով, վիրավորելով այն մարդկանց, որոնք հավատալով այդ խոսքերին` հույսեր են կապում նրանց հետո: Ընդ որում, ձեռքից վիրավոր, սրտի կաթված տարած մարդուն ընդունելության օր նշանակելուց հետո, Հ. Կարապետյանի փոխարեն հարցեր է լուծում փողոցային ժարգոնով մի կիսագրագետ երիտասարդ աղջիկ: «Գոյություն ունի աշխատանքային կանոնակարգ, գոյություն ունի մարդկանց կողմից ընտրված օրենսդիրների պարտականություններ, բայց արի ու տես, որ ԱԺ-ում շունը տիրոջը չի ճանաչում: Աշխատանքային պարտականություններ չկան, մանավանդ, որ այդ կուսակցությունն ամբողջ օրը սոցիալական արդարություն է խոստանում: Անկեղծ եմ ասում, շատ հուսահատված եմ, եւ սիրով կհեռանայի էս երկրից, որովհետեւ մարդուն տարրական հարգանք չեն ցուցաբերում: Քարտուղարուհին է որոշում իմ ճակատագիրը, այն դեպքում, երբ ընտրությունների ժամանակ քարտուղարուհի պատգամավորների թեկնածուներ չկան, իրենց ձայն չենք տալիս: Պատգամավորներն աշխատավարձ են ստանում նաեւ քաղաքացիների հարցերով զբաղվելու համար»,- ասում է Ա. Ալեքսանյանը: