Անմահության պտուղը՝ խնձոր

03/11/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Խնձորենին բոլոր ժամանակներում մոգական բույս է համարվել. հավատացել են, որ տան մոտակայքում աճող խնձորի ծառը բարեկեցություն է բերում իրեն խնամող ընտանիքին, սեր եւ խաղաղություն պարգեւում։

Խնձորենին գրեթե բոլոր եվրոպական ժողովուրդների առասպելներում համարվել է սիրո խորհրդանիշ` խնձորենու տակ ծառից քաղած պտուղները փոխանակելով` աղջիկը եւ տղան արտահայտում էին իրենց փոխադարձ համակրանքը։ Խնամախոսներն իրենց հետ խնձոր էին տանում, եւ եթե աղջիկը վերցնում էր այն, ապա դա դիտվում էր որպես համաձայնության նշան։ Հարսանեկան ծառը պատրաստվում էր խնձորենու ճյուղերից։ Պսակադրությունից հետո հարսնացուն իր մոտ պահած խնձորը թողնում էր եկեղեցում եւ խնդրում, որ Աստված իրեն երեխաներ պարգեւի։ Հարսնացուի գլխի քողը բարձրացնում էին խնձորենու ճյուղով, այն դնում նույն ծառի վրա եւ փոխարինում ամուսնացած կնոջ համար նախատեսված գլխաշորով։

Արեւելքում խնձորը երիտասարդացնող պտուղ է համարվել. թեմա, որի մասին բազմաթիվ հեքիաթներ են հյուսվել։ Ի դեպ, ժամանակակից բժշկությունը չի հերքում այդ «հեքիաթները»։ Ամանորին լվացվել են խնձորաջրով, որպեսզի տարին առողջ անցկացնեն։

Խնձորի բուժիչ հատկությունները նույնպես հայտնի են եղել հնագույն ժամանակներից. հնէաբաններն ապացուցել են, որ դա եղել է առնվազն քարե դարում, երբ մարդն ապրում էր քարանձավում։

Միջին Եվրոպայում, Կովկասում, Այսրկովկասում բնության մեջ հանդիպում է խնձոր անտառայինը (MALUS silvestris), իր նախնական տեսքով այն փշոտ վարդազգիների ընտանիքին պատկանող բույս է։ Ծաղիկները բուրումնավետ են, վարդագույն, պտուղն ունի դառը, թթվահամ, տտիպ-կապող համ։ Ենթադրվում է, թե այս «վայրագ» խնձորենին մշակովիի (տնային=M.domestica) նախնական տեսակներից մեկն է։

Ժամանակակից խնձորենիների մշակովի տեսակները բազմաթիվ են, եւ դրանք տարբերվում են ոչ միայն հասունացման ժամկետով, չափով, գույնով, համով, այլ նաեւ իրենց քիմիական բաղադրությամբ եւ բուժիչ հատկություններով։ Սակայն, այնուամենայնիվ, բոլոր տեսակներն ունեն նման` գենետիկ առանձնահատկություններ, որոնք արտահայտվում են քիչ կամ շատ չափով, բնորոշ են խնձորենուն` որպես «միակի»։ Հետաքրքիր է իմանալ, որ կարող են տարբերվել նույնիսկ նույն ծառի վրա աճող պտուղները` կարծես հերքելով ժողովրդական ասացվածքը, թե` «պտուղը ծառից հեռու չի ընկնում»։ Խնձորենին սիրում է աճել ձորերի լանջերին. հնարավոր է, որ խնձոր անվանումը եռաքայլ բառ է.

բոխ+նի+ձոր

«բոխ» կամ «բող» բառը հին հայկական բառ է եւ կրում է բույս իմաստը,

«նի»` նշանակում է` առողջություն, կյանք (վիտամին) օրինակ. նվազ= նիազ = առողջությունից զուրկ։

Ապա խնձոր = «ձորի կյանքի բույս». խորհուրդ, որ համահունչ է ռուսական «մոլոդիլնիի յաբլոկի»` հեքիաթներում հանդիպող անվան հետ։

Խնձորենու բնափայտի խտությունը եւ ջերմունակությունը բարձր է, այն արժեքավոր շինանյութի եւ վառելափայտի մատակարար է։

Վայրի խնձորենու պտուղը պարունակում է ածխաջրեր, շաքար, օսլա, մինչեւ 1,65 % պեկտինային նյութեր, 1,9 % օրգանական թթուներ (խնձորի, գինու, կիտրոնի, սաթի, եւ այլն), 20-25 % կատեխիններ, ներկանյութ, եթերային յուղ, դաբաղանյութ, կալցիում, կալիում եւ նատրիում (Na:K=1:9), ֆոսֆոր, մագնիում, երկաթ, պղինձ (0,11 մգ 100 գրամ հումքի մեջ), յոդ 140-170 մկգ, որը հավասար է մարդու օրգանիզմին անհրաժեշտ մեկ օրվա չափաբաժնին (մոտ 150 մկգ)։

Ասկորբինաթթվի պարունակությունը տերեւների մեջ 400 մգ է, այն մոտ 6 անգամ ավելին է, քան պտղամսում։ Խնձորենու բոլոր տեսակները մեղրատու են` 15-50 կգ` մեկ հա։ Մեղրը բաց դեղին է, ունի նուրբ բուրմունք, արագ բյուրեղանում է։

Վիտամինների քանակը վաղահաս եւ ձմեռային տեսակների մեջ տարբերվում է` կարոտին 0,02 եւ 0,05 (համապատասխանաբար), տոկոֆերոլներ (E), 0 եւ 0,63, ասկորբինաթթու 10 եւ 16, պիրիդոքսին (B6), 0,08 եւ 0,08, բիոտին (H) 0 եւ 0,3, նիացին (PP), 0,23 եւ 0,3, պանտոտենաթթու 0 եւ 0,07, ռիբոֆլավին (B2) 0,03 եւ 0,02, տիամին (B1) 0,01 եւ 0,03, ֆոլացին 1,6 մկգ եւ 2 մկգ։

Սերմերում կա ճարպայուղ, թունավոր նյութ` ամիգդալին, յոդ։

Խնձորը P վիտամինի աղբյուր է, այն պարունակում է ֆլավոններ, հատկապես կվերցետին, որի յուրացման համար կարեւոր է պղինձը։

Ռուտինը (P) խնձորի մեջ պարունակվող հիմնական բուժիչ նյութն է, դրա բաղադրությունը վայրի խնձորենու պտղամսում հասնում է 2,3 %, այն դեպքում, երբ մարդու օրգանիզմի մեկօրյա պահանջը մոտ 100 մգ է։ Հիվանդությունների կանխարգելման համար մարդուն անհրաժեշտ է նաեւ օրական 75 մգ վիտամին C։ Եթե ուտենք օրը 375 մգ շամպայն-ռանետ տեսակի խնձոր, ապա կբավարարենք օրգանիզմի պահանջի կեսը, իսկ մնացածը կյուրացվի այլ սնունդից։

Դեռեւս 20-րդ դարի 60-ական թվերին ռուս գիտնականներ Լ.Ի. Վիգորովը, Ս.Ի. Իսաեւը, Ե.Ս. Չերնենկոն, Վ.Ն. Վասիլեւան ստացել են խնձորենու տեսակներ, որոնք ունեն բարձր հիպոտենզիվ հատկություն։ Հետազոտությունները ցույց են տվել, որ հիպերտոնիայի կանխարգելման համար բավարար է, որ C:P հարաբերությունը լինի 8-10 մգ։40-50 մգ, բուժիչ են C:P=(25-35)։ (200-300) եւ բարձր հիպոտենզիվ հատկություն ունեցող C:P=(25-35)։(300-400)։ Ի դեպ, ցուրտ վայրերում աճող խնձորենու պտուղներում C:P հարաբերությունն ավելի բարենպաստ է։ Հայաստանի միջին լեռնային գոտում մշակվող Սիմիրենկո տեսակի մոտ` C:P=15։210։

Այն տեսակների մոտ, որոնք կարող են երկար պահպանվել, C:P ցուցանիշն ավելի բարենպաստ է։

Վերջին ժամանակներում մի շարք երկրների գիտնականներ (Իտալիա, ԱՄՆ, Ֆրանսիա, այլ) փորձերի միջոցով ապացուցել են, որ խնձորը կարգավորում է ճարպերի յուրացման գործընթացը օրգանիզմում եւ նպաստում խոլեստերինի ավելցուկի դուրս բերմանը։ Հայտնի է, որ խոլեստերինը ճարպային միացություն է, որը յուրացվում է ճարպոտ սննդից եւ կարող է նաեւ սինթեզվել օրգանիզմում։ Դրա ավելցուկը վտանգավոր է օրգանիզմի համար, սակայն պակաս վտանգավոր չէ նաեւ այդ նյութի նորմայից պակաս լինելը։ Խոլեստերինի ավելցուկը արտազատվում է լեղու մեջ եւ լուծվում, խնձորը նպաստում է այդ գործընթացին։ Խոլեստերինի ավելցուկը քարեր է առաջացնում լեղապարկում եւ լյարդում, կուտակվում արյունատար անոթների պատերին, ինչի պատճառով սիրտ-անոթային համակարգի, հատկապես` հիպերտոնիկ հիվանդություններ են առաջանում։ Ապացուցված է, որ օրը 150-300 գ խնձոր ուտողների մոտ խոլեստերինի մակարդակը մոտ 10% ցածր է եւ ավելի մոտ է նորմային։ Նման բարերար ազդեցությունը բացատրվում է C:P բարենպաստ հարաբերությամբ, իսկ պեկտինները ընդամենը նպաստում են ծանր մետաղների, թույների, աղային ավելցուկի, այլ վնասակար նյութերի դուրս բերմանը։ Խնձորի օգտագործումը ոչ միայն իջեցնում է ճարպայուղերի քանակությունը, այլ նաեւ կարգավորում է դրանց փոխադարձ հարաբերակցությունը։ Ակնհայտ է, որ ճարպոտ եւ քաղցր ուտեստների «սիրահարների» համար խնձորով սննդակարգն օգտակար կլինի։ Խնձորը օրգանիզմում կանխարգելում է ճարպի սինթեզումը ածխաջրից։

Խնձորը կտրատելիս` որոշ ժամանակ հետո նկատում ենք, որ հատույթի մակերեսը շագանակագույն երանգ է ստանում։ Կարեւոր է հիշել, որ խնձորի պտղամսի մեջ պարունակվող բոլոր քիմիական տարրերը, վիտամինները, լուծվող թաղանթանյութը առկա են ատոմար վիճակում, օդում գտնվող թթվածնի ատոմները հեշտությամբ միանում են, օրինակ, երկաթի ատոմի հետ։ Եվ հետո, երբ մենք ուտում ենք խնձորը, դրա մեջ պարունակվող երկվալենտանի երկաթի ատոմը հայտնվելով օրգանիզմում` կլանում է թթվածնի ատոմը, որը նույնպես երկվալենտանի է։ Այժմ հիշենք, որ հեմոգլոբինը բարդ մոլեկուլ է, որի մեջ առկա են երկաթի միացությունները եւ մինչեւ չորս թթվածնի ատոմ, ապա պարզ կդառնա, որ կլանված թթվածինն արյան միջոցով տարածվում է օրգանիզմում։ Արդյունքում` բարձրանում է աշխատունակությունը` թե մտավոր եւ թե ֆիզիկական։

Ասվածից հետեւում է, որ նախաճաշից 1 ժամ առաջ կերած խնձորը զգալիորեն կնպաստի առողջության պահպանմանը։ Խնձորի քաղցր տեսակներում համեմատաբար քիչ է երկաթը, սակայն ավելի շատ է կալիումը, ինչը կարեւոր է սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում։ Սերմերում պարունակվող յոդը նույնպես հեշտ է յուրացվում, սակայն պետք չէ ուտել ավելին, քան պարունակվում է 1 խնձորի մեջ։

Օրգանիզմի եռօրյա մաքրում խնձորահյութով, մածունով եւ բանջարեղենային աղցանով

Հաստ աղիի մաքրում

1-ին օր. օրվա ընթացքում խմեք 2,5 մլ մածուն սեւ հացից պատրաստված պաքսիմատով։

2-րդ օր. խմեք 1,5-2 լ թարմ (քաղցր տեսակի) խնձորի հյութ, սեւ հացից պատրաստված պաքսիմատ եւ այլեւս ոչինչ չուտեք։

3-րդ օր. ամբողջ օրը սնվեք ձեթով համեմված, եփած բանջարեղենով (բազուկ, գազար, կարտոֆիլը` աղ դրած վարունգով, թթու կաղամբ եւ թարմ սոխ) եւ սեւ հացով։

Մաքրումը կատարեք բժշկի հսկողությամբ։

Օրգանիզմի մաքրում խնձորի քացախով եւ հաբեթասունկով

Խնձորի քացախը կարգավորում է թթվային հավասարակշռությունը օրգանիզմում։ Դրա պատրաստման ընթացքում խնձորի մեջ պարունակվող նյութերին ավելանում են նաեւ կաթի, սաթի թթուները, մի շարք ֆերմենտներ եւ ամինաթթուներ։ Հաբեթասունկը հեռացնում է օրգանիզմից թույները, ծանր մետաղները, մաքրում արյունը։

Խնձորի քացախը եւ հաբեթասունկը ունեն հակաուռուցքային ազդեցություն եւ խորհուրդ են տրվում կանացի հիվանդությունների դեպքում, հատկապես` ուռուցքային։

– 200 մլ ծավալ զբաղեցնող սունկին ավելացրեք (նախօրոք եռացրած) տաք ջուր` 600C, 48 ժամ թրմեք մութ, հով տեղում։ Քամեք։ Ավելացրեք 4 ճ/գ մեղր եւ 2 ճ/գ խնձորի քացախ։ Խմեք 200-ական մլ, 3-5 անգամ, սնվելուց առաջ։ Շարունակեք 20 օր, ընդմիջեք 5 օր եւ կրկնեք եւս 3 շաբաթ։

Հակացուցված է ստամոքսահյութի բարձր թթվայնության, ստամոքսաբորբի եւ 12-մատնյա աղիի հիվանդությունների դեպքում։

Դիսբակտերիոզ

Ոչ ինֆեկցիոն բնույթի լուծի դեպքում` կերեք` օրվա ընթացքում 1-2, իսկ փորկապության դեպքում` 5-6 խնձորի քերվածք։

Կլիմաքս

Օգտակար է, որ խմեք 300 մլ խնձորի հյութի հետեւյալ խառնուրդները.

– գազար, թթվաշ խնձոր (1։1),
– գազար, բազուկ, խնձոր (ըստ ճաշակի),
– դդում, գազար, խնձոր (ըստ ճաշակի),
– լոլիկ, դդմիկ, խնձոր,
– սպիտակ կաղամբ, գազար, խնձոր,
– բազուկ, խնձոր (1։2)։

Շաքարային դիաբետ

– Խառնեք թթվահամ խնձորի եւ մաղադանոսի արմատի քերվածքները, կիտրոնի հյութը (4։2։1)։ Կերեք 150-300 գրամ օրվա ընթացքում։

– Խառնեք 1-ական թ/գ խնձորենու ծաղիկը եւ տերեւը, 1 ժամ թրմեք 150 մլ եռջրում, քամեք։ Խմեք երկուական ճ/գ, օրը 3 անգամ, սնվելուց առաջ։

Լարինգիտ. Թրմեք 1 ճ/գ խնձորենու չորացրած տերեւը ջերմապահում 3-4 ժամ։ Քամեք, կատարեք ողողում գոլ թուրմով։ Օգտակար է սակավարյունության դեպքում։ Ունի լեղամուղ հատկություն` խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ։

Ծնկների ցավ. Խնձորի քացախի (50 մլ) մեջ լուծեք (10-15 գ) խունկ։ Քնելուց առաջ ներմերսեք ծնկներին կամ թրջոց դրեք եւ պահեք 2-3 ժամ, իսկ գլխացավի դեպքում քսեք քիմքին, ճակատին։

Միգրեն. Խմեք 100-200 մլ խնձորի հյութ` օրը 3 անգամ։ Նվազեցնում է նոպայի ուժգնությունը, մաքրում անոթները, լավացնում ուղեղի թաղանթի արյան սնուցումը։

Բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբ. 1 թ/գ խնձորենու ծաղիկը 30 րոպե թրմեք եռջրի մեջ, քամեք։ Խմեք փոքր կումերով օրվա ընթացքում։

Գիրություն. Խնձորի եւ շոգեխաշած ծովաբողկի արմատի քերվածքներին խառնեք քարավուզի մանրացրած արմատ (3։2։1)։ Քնելուց 2-4 ժամ առաջ կերեք 100 գ մածունի հետ։ Հետեւեք քաշի փոփոխությանը։

Դիմադրողականությունը բարձրացնող միջոց. Խառնեք հավասար քանակությամբ մանրացրած խնկածաղկի, ուրցի, եղինջի խոտերը, մաղադանոսի արմատը։ Խառնուրդի 1 ճ/գ-ին ավելացրեք 1 ճ/գ խնձորենու մատղաշ ճյուղի տրորած փայտանյութը, 15 րոպե եռացրեք 500 մլ եռջրի մեջ, թրմեք մինչեւ գոլանալը, քամեք, խմեք 200-300 մլ չափով, օրը 2 անգամ` սնվելուց առաջ։

ԴԻՄԱԿՆԵՐ

Նորմալ մաշկ. Կեղեւից մաքրած խնձորի քերվածքը խառնեք 1 ճ/գ ձիթապտղի յուղի (կաթի կամ թթվասերի) հետ։

Սնուցող դիմակ. Խառնեք հավասար քանակությամբ քերած մեկական խնձորը եւ գազարը։ Շիլայատիպ զանգվածը քսեք դեմքին, 15 րոպե անց լվացվեք։

Կնճիռների առաջացումը կանխարգելող միջոց. Հարած 1 ձվին ավելացրեք քերած 1 խնձոր, 1-ական ճ/գ վարսակի ալյուր, մեղր, մեկական թ/գ ձիթապտղի յուղ, խնձորի քացախ եւ ասկորբինաթթու։ Լավ խառնեք, 20 րոպե պահեք դեմքին եւ պարանոցին, 1 լ գոլ ջրին ավելացրեք 1 թ/գ խնձորի քացախ եւ լվացվեք։

Ճարպոտ մաշկի համար. Ծակոտիների դեպքում օգտագործեք հավասար քանակությամբ շոգեխաշած ծովաբողկի եւ խնձորի շիլայատիպ զանգվածի խառնուրդը։ Պահեք դեմքին 5-10 րոպե, լվացեք գոլ ջրով։

Շուրթերի խնամք

Մաքրած 1 խնձորի քերվածքը հարեք 1 թ/գ կարագի հետ, 15 րոպեից հանեք գոլ ջրի մեջ թրջած բամբակի խծուծով։

Ատամների խնամք

Խնձորի մեջ պարունակվող թթուները կարող են քայքայել էմալը, այդ պատճառով խնձորը կերեք պանրի հետ, իսկ ատամները խոզանակով լվացեք 30 րոպեից ոչ շուտ։

Մազերի խնամք

Մազերը սնուցող քսուք. 3 ճ/գ գերչակի յուղ, մեկական թ/գ խնձորի քացախ, բժշկական գլիցերին, օճառահեղուկ։ Կես թ/գ կռատուկի յուղ։ Պահեք 30 րոպե։ Վերականգնում է մազերի փայլը։

Մազերի փայլը վերականգնող միջոց. Հարեք 1 ձուն, ավելացեք 2 ճ/գ գերչակի յուղ, մեկական ճ/գ խնձորի քացախ եւ բժշկական գլիցերին։ Ներմերսեք գլխամաշկին, 15 րոպե անց լվացեք գոլ ջրով։

Ոտքերի խնամք

Կեղեւից մաքրած խորանարդաձեւ կտրատած խնձորը եփեք փոքր քանակի կաթի մեջ, մինչեւ ստացվի շիլայատիպ զանգված։ Քսեք հաստ շերտով կրունկներին, ծածկեք թանզիֆով։ Լվացեք 30 րոպե անց, մշակեք փափկեցնող քսուքով։