Մեր տեղեկություններով, «Օրինաց Երկիր» կուսակցությունում լուրջ խուճապ է սկսվել: Բանն այն է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոալիցիայի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ զգուշացրել է, որ նախընտրական ցուցակները կազմելիս պետք է հաշվի առնեն, որ դրանցում չպետք է հայտնվեն գործարարների անուններ:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` դրանից հետո Ա. Բաղդասարյանը հայտնվել է անելանելի վիճակում, քանի որ նա վաղուց Էդուարդ Մադաթյանին (Խուճուճ Էդո) եւ Արայիկ Հայրապետյանին (Լավանդայի Արայիկ) խոստացել էր ընդգրկել ՕԵԿ համամասնական ցուցակում, ինչի դիմաց Էդ. Մադաթյանն ու Ա. Հայրապետյանը կուսակցությանը պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեին նախընտրական փուլում: Ըստ նույն աղբյուրների, վերջիններս արդեն իսկ որոշակի գումարներ տրամադրել են ՕԵԿ-ին` տարբեր վարչական շրջաններում ՕԵԿ շքեղ գրասենյակներ բացելով: Ըստ այդ տեղեկությունների` նրանք Ա. Բաղդասարյանին ասել են, որ այլեւս չեն պատրաստվում ֆինանսական աջակցություն ցուցաբերել ՕԵԿ-ին, ինչն Ա. Բաղդասարյանին շատ անհարմար վիճակների մեջ է դրել: