«Նախընտրական փուլերում քաղաքական գործունեություն ծավալելն ու քաղաքական ակտիվություն բարձրացնելն անհամեմատ ավելի հեշտ է: Դրա համար Սահմանադրությամբ ու օրենքներով բազմաթիվ հնարավորություններ նախատեսված են` սկսած հեռուստատեսությունից` մինչեւ հանրահավաք: Մենք դրանք օգտագործելու ենք»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` անդրադառնալով հարցին, որ Կոնգրեսի հանրահավաքները դարձել են պակաս մարդաշատ: Նույնիսկ տեսակետներ են հնչում, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը սահուն կերպով մարեց գարնանը ժողովրդի բարձրացրած դժգոհության մեծ ալիքը, որը կրում էր նաեւ արաբական հեղափոխությունների ազդեցությունը: Այս տեսակետի հետ համաձայն չէ ՀԱԿ մեկ այլ անդամ` ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: «Ինձ համար առավել քան ծիծաղելի է մտածել, թե Տեր-Պետրոսյանն ինչ որ հասունացրել է, հետո մարել է: Նման բան գոյություն չունի: Ի սկզբանե ասել էինք, որ մենք հեղափոխական ճանապարհով չենք գնալու իշխանափոխության` շատ լավ հասկանալով, թե դա ինչ կարժենա երկրի համար»,- ավելացրել է Լ.Սարգսյանը: