Ներիշխանական հակասությունների գոնե առաջին փուլը կարելի է ավարտված համարել` այս պահին ԲՀԿ-ի նկատմամբ ՀՀԿ-ի փաստացի հաղթանակով: Այդ մասին է վկայում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` երեկ լրատվամիջոցներից մեկով տարածված հարցազրույցը (ի դեպ, ներկոալիցիոն հակասությունների սրացման փուլում որեւէ կայքի միջոցով հանդես գալը գործելաոճ է դարձել, ինչից եւս որոշ շրջանակներ շատ որոշակի հետեւություններ են անում): «Մեր նպատակադրումը կամ, ինչպես Դուք եք ասում, մեր հավակնությունները շատ տրամաբանական են ու կանխատեսելի. առնվազն պահպանել «Բարգավաճ Հայաստանի» այսօրվա ներկայացվածության աստիճանը խորհրդարանում եւ փորձել հասնել ավելիին…,- ի պատասխան` «Կարո՞ղ եք նշել գալիք խորհրդարանական ընտրությունների համար «Բարգավաճ Հայաստանի» նպատակադրումը, հավակնությունները» հարցին` ասել է Գ. Ծառուկյանը` շարունակելով,- Շատ տրամաբանական է, որ Հանրապետական կուսակցությունն էլ աշխատելու է պահպանել այսօրվա ներկայացվածության մակարդակն ու հասնել ավելիին: Եվ ընդհանրապես, մենք մեր միասնական նպատակները հայտարարել ենք դեռ ամիսներ առաջ` փետրվարին ստորագրված հուշագրով` նախանշելով, որ մեր ակտիվ քայլերով մեծացնելու ենք իշխող կոալիցիայի դերակատարությունը մեր երկրում ու խորհրդարանական ընտրությունների արդյունքում հասնելու ենք ՀՀ Ազգային ժողովում մեր կուսակցությունների ներկայացվածության աճին»: Այսպիսով, Գ. Ծառուկյանը, որ անգամ փետրվարյան կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո շարունակում էր հայտարարել առաջիկա ԱԺ ընտրություններում «50+1» տոկոս հավակնությունների վերաբերյալ, երեկ համեստորեն խոսել է «այսօրվա ներկայացվածության աճը պահպանելու եւ ավելիին ձգտելու» շատ ընդհանրական, ոչ չափելի ցանկության մասին: Այսինքն` ԲՀԿ-ն ընդունեց ՀՀԿ-ի գերակայությունը եւ հիմա ամեն ինչ անելու է «միասնական նպատակներին» հասնելու համար: ՀՀԿ-ԲՀԿ դիմակայության հաջորդ փուլը, կամ, ինչպես Գ. Ծառուկյանն է սիրում ասել` «հաջորդ դասը», ամենայն հավանականությամբ, կավարտվի նրանով, որ վերջինս կհայտարարի 2013 թ. նախագահի ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու մասին, ինչն արձանագրված է նրա կողմից մեջբերված նույն հուշագրում: Ի դեպ, Գ. Ծառուկյանի երեկվա հարցազրույցը եւս մեկ թիրախ ուներ: Նա փաստորեն հրաժարվեց ՀԱԿ առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանի` համագործակցության հեռակա առաջարկից, որի մասին վերջինս ակնարկում էր եւ հոկտեմբերի սկզբի, եւ անցած ուրբաթ օրվա հանրահավաքում` նշելով, որ ՀԱԿ-ը խորհրդարանում «ծանրակշիռ ներկայություն» ապահովելով միայնակ կամ այլ ուժերի հետ համագործակցությամբ` պետք է ձգտի Ս. Սարգսյանի իմպիչմենթի գործընթացին: Գ. Ծառուկյանը երեկ փաստորեն հասկացրեց, որ իր վրա հույս չդնեն: Ի դեպ, կա եւս մեկ հետաքրքիր նրբերանգ. Գ. Ծառուկյանի սույն հայտարարությունն արվում է Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա կատարած այցից հետո եւ վերադարձից առաջ: