Վրաստանի ԱԳՆ-ը հերքել է այն տեղեկությունը, թե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «վիրավորված է Վրաստանի նախագահից», այդ պատճառով էլ հետաձգել է նոյեմբերի սկզբին նախատեսված պաշտոնական այցը Թբիլիսի: «Ցանկանում եմ Ձեզ վստահեցնել, որ այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»,- հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն: Ըստ նրա, Սարգսյանի այցը չի հետաձգվել, պարզապես այցի կոնկրետ ժամկետը հայտնի չի եղել, եւ այս փուլում այդ հարցի շուրջ աշխատանք է տարվում: Հիշեցնենք, որ տարբեր տեղեկությունների համաձայն` Սերժ Սարգսյանը Սահակաշվիլիից վիրավորվել է այն հայտարարության համար, որը վերջինս արել էր հայ-վրացական սահմանին տեղի ունեցած սողանքի առնչությամբ: Սահակաշվիլին, մասնավորապես, ասել էր, որ Վրաստանի կառավարությունը 2 ժամում կմաքրեր սողանքի տարածքը: «Տեսաք, թե որքան երկար ժամանակ որեւէ մեկը չէր գալիս ճանապարհը մաքրելու: Ես չեմ ուզում Հայաստանի մասին վատ բան ասել, նրանք մեր բարեկամներն են, բայց Ռամազ Նիկոլաիշվիլին էլ ավելի բարդ խնդիրներ է լուծել մի քանի ժամում: Իսկ Հայաստանից դրա համար գրեթե երկու շաբաթ պահանջվեց: Ահա թե ինչ է նշանակում` արդյունավետ պետական ապարատ»,- ասել էր Սահակաշվիլին: