Ըստ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի, Հայաստանի երեք նախագահների փորձը ցույց է տվել, որ նախագահական համակարգը Հայաստանի համար ուղղակի թունավոր է: «Որոշ տեղերում միգուցե դա դեղամիջոց է, բայց երբ դեղամիջոցը շատ ես օգտագործում, դա կարող է թունավորել օրգանիզմը: Երբ ամենափոքր անգամ քաղաքական, տնտեսական եւ սոցիալական հարցը կարող է լուծվել միայն նախագահի կամ նրան շրջապատող թիմի մակարդակի վրա, դա նշանակում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների եւ կառավարության առանձին օղակների հնարավորությունները սահմանափակված, ճնշված են նախագահի կողմից»,- ասել է նա: Վ. Հովհաննիսյանը նշել է, որ ՀՅԴ-ն փորձեց 2005թ. փոխել այդ վիճակը. «թղթի վրա փոխվեց, իսկ իրականում` ոչ»: «Այս առումով մեր կուսակցության մոտեցումը հետեւյալն է` Հայաստանի փրկությունը նախագահական ինստիտուտից ձերբազատվելու մեջ է»,- հայտարարել է նա:
Անդրադառնալով ՀԱԿ-ի կողմից նախաձեռնվելիք Սերժ Սարգսյանի իմպիչմենթի հնարավոր գործընթացին ՀՅԴ-ի միանալու հավանականությանը` Վահան Հովհաննիսյանն ասել է. «Դրա համար ընդդիմադիր ուժերը պետք է հաղթեն ընտրություններում: ԱԺ-ում «Դաշնակցությունն» ու «Ժառանգությունը» միասին ներկայացված են 25 տեղով, 27 էլ չկա, որ կարողանան դիմել Սահմանադրական դատարան: Այսինքն` որակական փոփոխություններ պառլամենտի միջոցով կատարելու համար անհրաժեշտ է քանակական ներկայացվածություն, հենց թեկուզ այդ գործընթացի հնարավորությունն ունենալու համար: Այդ դեպքում քո ձեռքում կգտնվի մի գործիք, որը կսաստի իշխանությանը եւ կպարտավորեցնի նրան աշխատել ավելի խոհեմ»: