ՀԱԿ-ը մտնում է նախընտրական փուլ

01/11/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Վերջին հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե` «ՀԱԿ-ը, անշուշտ, շարունակելու է ամեն ինչ անել արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, բայց քանի որ դա մեզանից կախված չէ, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման», մեկնաբանությունների տեղիք է տվել, թե ընդդիմության առաջնորդը վերջապես խոստովանեց, որ պատրաստվում են հերթական ընտրություններին:

2008թ. նախագահական ընտրություններից հետո մինչեւ հիմա ՀԱԿ առաջնորդները հայտարարություններ են արել միայն արտահերթ ընտրությունների մասին: Իսկ անցած հանրահավաքում պահանջն ավելի կոնկրետացվեց, եւ նախագահ Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականի հարց բարձրացվեց: Դրանից 3 շաբաթ հետո արված այս հայտարարությունը քաղաքական շրջանակներում մեկնաբանվեց որպես խոստովանություն, թե մինչ այդ էլ Կոնգրեսը գնում էր դեպի հերթական ընտրություններ, բայց այդ մասին չէր բարձրաձայնում, որովհետեւ դա կարող էր հիասթափություն առաջացնել իր համակիրների շարքերում: Եվ քանի որ հերթական խորհրդարանական ընտրություններին մնացել է ընդամենը 5-6 ամիս, ուրեմն ժամանակն է դրա մասին ակնարկներ անել եւ մտնել նախընտրական փուլ: Հատկապես, որ ՀԱԿ առաջնորդները միշտ բացառել են հեղափոխական ճանապարհով իշխանափոխության հասնելը, իսկ իրենց կազմակերպած վերջին հանրահավաքներին համեմատաբար քիչ մարդ է գալիս: Ուրեմն ժամանակն է մարդկանց տրամադրել, որ իրենց թիրախը գարնանը տեղի ունենալիք հերթական խորհրդարանական ընտրություններն են: «Եթե, հակառակ գործադրված բոլոր ջանքերին, այնուամենայնիվ, առաջիկայում չհաջողվի հասնել Ս.Սարգսյանի հրաժարականին, իսկ քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ, ապա ՀԱԿ-ը պետք է ձգտի ԱԺ-ում ապահովել այնպիսի ծանրակշիռ ներկայություն, որն, առանձին կամ այլ ուժերի հետ կազմած դաշինքով, ի վիճակի լինի անմիջապես բարձրացնելու նրա պաշտոնանկության կամ այլ կերպ ասած` իմպիչմենթի հարցը»,- հանրահավաքում հայտարարել էր Լ.Տեր-Պետրոսյանը:

Եվ հատկապես այս տողերից հետո արդեն քաղաքական շրջանակներում վստահ են, որ Լ.Տեր-Պետրոսյանը փորձում է արտահերթ ընտրությունների հետ կապված սպասելիքները սահուն փոխանցել դեպի հերթական ընտրություններ: Առավել եւս, որ իր վերջին ելույթում արդեն ՀԱԿ առաջնորդը խոսում էր ընտրական մեխանիզմները կատարելագործելու եւ ընտրակեղծիքները նվազագույնի հասցնելու մասին: Արդյո՞ք այդպես են մտածում կամ Լ.Տեր-Պետրոսյանի հետ համաձայն են նաեւ Կոնգրեսում: ՀԱԿ անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը համաձայն չէ հնչած մեկնաբանությունների հետ: Նա ասում է, որ Տեր-Պետրոսյանի ելույթում «հերթական ընտրություններ արտահայտություն» գոյություն չունի, հետեւաբար պետք չէ նման մեկնաբանություններ անել: «Ինքն ընդհանրապես ընտրությունների մասին է ասում, որ ՀԱԿ-ը քաղաքական որեւէ պրոցես իր գործունեությունից դուրս չի թողնելու: Ու դրանից հետեւություն անել, թե ՀԱԿ-ը նախապատրաստվում է հերթական ընտրությունների, ճիշտ չէ»,- ասում է Ա.Սարգսյանը:

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը նույնպես պնդում է, որ ՀԱԿ-ն իր նպատակներից չի նահանջել, եւ իրենց համար օրակարգային համար մեկ խնդիրը շարունակում է մնալ Ս.Սարգսյանի հրաժարականը: Նա գտնում է, որ Լ.Տեր-Պետրոսյանն իր հայտարարություններով միշտ ազնիվ է եղել ժողովրդի հետ: «Անկախ նրանից, թե ինչքանով ենք արագացնում պրոցեսները, միեւնույն է, մոտենում է հերթական ընտրությունների նախընտրական շրջանը: Բնականաբար, մենք ձգտելու ենք իրականացնել այն, ինչին մենք գնում ենք արդեն 4 տարի: Բայց համամիտ եմ Լ.Տեր-Պետրոսյանի հետ, որ միշտ չէ, որ ամեն ինչ մեզանից է կախված` հաշվի առնելով երկրի ներքին ու արտաքին խնդիրները, նաեւ շահագրգիռ գերտերությունների ցանկություններն ու նպատակները, որը մենք կցանկանայինք անտեսել, բայց իրականությունը մի բան է, մեր ցանկություններն` այլ: Ամեն դեպքում մեր բոլոր գործողությունները միտված են լինելու Ս.Սարգսյանի հրաժարականը արագացնելուն, բայց նորից եմ կրկնում, ոչինչ չբացառենք, սա լուրջ գործընթաց է»,- ասում է Լ.Սարգսյանը:

Ըստ Լ.Սարգսյանի, ներիշխանական խնդիրները բավական սրված են, եւ չի բացառվում, որ դա լուրջ ազդեցություն ունենա հետագա գործընթացների զարգացման վրա: Այնուամենայնիվ, վերջին հանրահավաքների ժամանակ նախորդների նման այնքան էլ շատ մարդ չի հավաքվում: Տեղեկություններ են հրապարակվում, թե Կոնգրեսը քննարկումներ է անցկացնում եւ փորձում է պարզել, թե դա ինչի հետեւանք է: Շատ են եղել մեկնաբանություններ, թե ամռանը սկսած, բայց հաջողություն չունեցած երկխոսության գործընթացը բացասական ազդեցություն ունեցավ ՀԱԿ-ի պայքարի վրա: Ընդդիմության համակիրների մոտ դա հիասթափություն առաջացրեց: Լ.Սարգսյանն ընդունում է, որ երկխոսությամբ, որոշ չափով, բայց ժամանակավոր նեղացրեցին իրենց համակիրների շրջանակը, սակայն գիտակցաբար գնացին այդ գործընթացին, որովհետեւ խաղաղ իշխանափոխություն իրականացնելու այլ ճանապարհ չկար: «Բայց ես համամիտ չեմ այն կարծիքին, որ ժողովուրդը լավ չէր ներկայացված հանրահավաքներին: Կար որոշակի դժգոհություն երկխոսության մասով, բայց այն քանակը, որ անհրաժեշտ էր 8 օր շարունակ այդ ակտիվությունը պահելու, կար: Եվ շատ լուրջ քննարկում էլ չի եղել, եւ բոլորը միանշանակ համակարծիք էին, որ մեզ հաջողվեց շատ լավ իրականացնել շուրջօրյա հանրահավաքները»,- ասում է նա:

Իսկ Ա.Սարգսյանը նշում է, որ ՀԱԿ-ի ցանկացած ակցիայից հետո տեղի է ունենում քննարկում: «Եվ այդ քննարկումներում չեն խոսում, թե ինչքան լավ է: Այդ քննարկումները վերաբերում են նրան, թե ինչ թերություններ կային, որոնք հետագայում շտկել է պետք, եւ ինչ ձեռքբերումներ ունեցանք: Թերությունների մասին միշտ ես խոսել եմ ՀԱԿ-ում ու շարունակելու եմ խոսել: Իսկ հասարակությանն աշխատում եմ ասել ձեռքբերումների մասին, որովհետեւ մեր թերությունների մասին մեր մրցակիցներն ու հակառակորդներն այնքան շատ են ասում, որ իմ ասելու կարիքը չի առաջանում»,- ասում է Ա.Սարգսյանը:

Նաեւ խոսք է գնում, թե քանի որ ՀԱԿ-ն իրականում հերթական խորհրդարանական ընտրությունների է գնում, արդեն քննարկում է նախընտրական համամասնական ցուցակը: Նույնիսկ մեկնաբանություններ են հնչում, թե այս առումով Կոնգրեսում արշալույսները խաղաղ չեն, որովհետեւ այդ կառույցը ներառում է 18 կուսակցություններ` իրենց առաջնորդներով ու ամբիցիաներով: Մեր զրուցակիցները հերքեցին, որ ՀԱԿ-ում ցուցակի հետ կապված քննարկումներ են եղել: «Եթե սկսել են, ու ես տեղյակ չեմ, ուրեմն հաստատ ուշացել եմ: Ես կարծում եմ, որ դեռ վաղ է ցուցակների մասին խոսելը, մենք դեռ շատ լուրջ գործեր ունենք անելու: Մեզ համար օրակարգայինը Ս.Սարգսյանի հրաժարականն է, հետեւաբար ակնկալվում է նախագահական արտահերթ, իսկ խորհրդարանականի եւ ցուցակների մասին դեռ վաղ է մտածել»,- ասում է Լ.Սարգսյանը:

«Վստահեցնում եմ, որ իմ ներկայությամբ երբեւիցե այդպիսի հարց չի քննարկվել ու նման խնդիր չի դրվել: Ես նաեւ ասում եմ, որ ՀԱԿ-ն ամենակայացած, կազմակերպված կառույցն է, 3,5 տարի միասին ճանապարհ ենք գնում, բոլորն իրար ճանաչում են, նույնիսկ ելույթները հերթականությամբ գիտեն: Այստեղ առանձնապես մեծ խնդիր չկա»,- ավելացրեց Ա.Սարգսյանը: