Կիրակի օրը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անձամբ է մեկնաբանել անցած չորեքշաբթի օրն ԱԺ-ում իր կողմից արված` «կոտրած տաշտակի» առջեւ հայտնվելու մասին հայտարարությունը, որն, ինչպես հայտնի է` սվիններով էր ընդունվել ՀՀԿ կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից:
Մինչ այդ` հինգշաբթի օրը Տ. Սարգսյանի այդ հայտարարությունն արդեն պարզաբանել էր նրա խոսնակ Արամ Անանյանը, սակայն, պարզվում է` այն չէր գոհացրել ԲՀԿ-ին, ուստի Տ. Սարգսյանը ստիպված եղավ անձամբ բացատրություն ներկայացնել: Պատճառը, սակայն, ոչ միայն ԲՀԿ-ն էր, այլեւ ՀՀԿ կոալիցիոն մյուս գործընկեր «Օրինաց Երկիր» կուսակցությունը, որի ղեկավար Արթուր Բաղդասարյանը` Տ. Սարգսյանի խոսնակի տված մեկնաբանությունից հետո, դժգոհել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, թե` այդպիսով ստացվում է, որ ՀՀԿ-ական վարչապետի այդ զգուշացում-սպառնալիքը վերաբերել է ՕԵԿ-ին: Եվ որպեսզի կոալիցիայի մյուս թեւում` ՕԵԿ-ում էլ կրքերը հանդարտվեն, Տ.Սարգսյանը պարտադրված է եղել կիրակի օրը հայտարարելու, որ իր հայտնած այդ «միտքը» վերաբերել է ոչ թե կոալիցիայի կազմում ընդգրկված քաղաքական ուժերին կամ իշխանամերձ մյուս կուսակցություններին, այլ` ընդդիմությանը: Եվ այս անգամ նա փորձել է իրեն արդարացնելու համար վկայակոչել ՀՀ նախագահին, ինչը, կարծում ենք` առաջիկայում եւս պարզաբանման անհրաժեշտություն է ունենալու: «Ես մեջբերեցի ՀՀ նախագահի հայտնի հայտարարությունն այն մասին, որ մենք ուզում ենք ընդդիմության հետ համագործակցության կամուրջներ կառուցել: Կարծում եմ, որ այն մարտահրավերները, որ մեզ սպասում են ապագայում, թելադրում են, որ այդ համագործակցությունը մեզ խիստ անհրաժեշտ է` այդ թվում` նաեւ ընդդիմության հետ: Եթե մենք տեսնում ենք դեստրուկտիվ որոշումներ, ապա արձանագրում ենք, որ եթե այդ մարդիկ մտադիր են ինչ-ինչ ցնցումների տանել մեր հանրապետությունը, ապա նրանք հայտնվելու են կոտրված տաշտակի առջեւ, որովհետեւ մենք ունենք երկրում ցնցումներ թույլ չտալու կարողություններ եւ հնարավորություններ: Մենք ցանկություն ունենք կառուցելու մեր ապագան համագործակցության մթնոլորտի շնորհիվ»,- կիրակի օրը հայտարարել է Տ. Սարգսյանը: Փաստորեն, Տ, Սարգսյանի ցանկացած հայտարարություն կամ հրապարակային ելույթ ՀՀԿ-ի համար դառնում է ճակատագրական, քանի որ նույնիսկ «գործընկեր» քաղաքական ուժերն են պատասխան պահանջում դրանից հետո:
Տ. Սարգսյանի այդ հայտարարությունը քաղաքական տարբեր գործիչներ գնահատեցին` որպես վարչախմբի կողմից ընտրությունների նախաշեմին հրապարակ նետված սպառնալիք, որից պետք է հետեւություն անեն թե քաղաքական ուժերը, թե հասարակությունը: Սակայն, ըստ քաղաքական վերլուծաբանների` նման շեշտադրումներով հանդես եկող իշխանություններն էլ ավելի են սրում առանց այն էլ լարված ներքաղաքական իրավիճակը, որն ամենեւին էլ ձեռնտու չէ հենց իշխանություններին: Հետեւաբար` անհասկանալի է, թե ինչո՞ւ է նախ Տ. Սարգսյանը նման հայտարարությամբ հանդես գալիս, այնուհետեւ դա վերագրում Ս. Սարգսյանին: Նպատակը, ՀՀԿ մեր աղբյուրների փոխանցմամբ` Տ. Սարգսյանի կողմից ՀՀԿ-ին հեղինակազրկելն է, որի համար նա այդպես էլ յուրային չդարձավ: Նրա այդ հայտարարությունը նույնկերպ է մեկնաբանել նաեւ Ռազմավարական ազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը` ասելով, թե դա բնորոշ է ավտորիտար բնույթ ունեցող իշխանություններին: «Կարծում եմ` բարձրագույն իշխանությունը` Տ. Սարգսյանի հայտարարություններով` փորձում է ցույց տալ, որ մի առանցք գոյություն ունի. ով մեզ հետ է` կունենա ամեն ինչ, իսկ ով դրանից դուրս է` կունենա կոտրած տաշտակ: Դա երկրին է ասված: Դա տոտալիտար մտածողության արդյունք է ընդամենը, եւ յուրաքանչյուրը փորձում է հասկանալ` դա իրե՞ն է վերաբերում: Այնինչ դա բոլորին է վերաբերում»,- ասել է Մ. Սարգսյանը: Վերջինս համոզված է, որ որեւէ այլ երկրի վարչապետ, ով համարձակություն կունենար նման հայտարարություն անելու, հազիվ թե շարունակեր մնալ այդ պաշտոնում: Իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` անդրադառնալով նույն խնդրին, երեկ ասել է` «տաշտակը թող մնա իրենց եւ իրենց բարեկամներին»: Նաեւ նկատել է. «Բազմաթիվ են այն դեպքերը, երբ ՀՀԿ ղեկավարներն անում են մի արտահայտություն, որը հետո հերքելու կամ պարզաբանելու կարիք է առաջանում: Սա կամ նշանակում է, որ նրանք անզգույշ բաներ են ասում, կամ էլ` սկանդալ առաջացնելու համար են անում»: «Վարչապետն իրենց հետ համագործակցողների եւ չհամագործակցողների միջեւ տարբերություն է դնում: ՀՀԿ-ի համար համագործակցությունը հլու-հնազանդվելն է, չքննադատելը, իսկ սխալներ մատնանշողը եւ վերլուծություններ ներկայացնողը դիտվում է որպես թշնամի, բայց մենք թույլ չենք տալու որեւէ մեկին հեզասահ կառավարելու: Այն համագործակցությունը, որը մատնանշում է վարչապետը, համագործակցություն չէ, այլ ենթարկվելու մեխանիզմ: Կոալիցիոն ուժերին էլ պարտադրել են ընդունել ՀՀԿ-ի գերակայությունը»,- ասել է Վ. Հովհաննիսյանը: Անդրադառնալով փետրվարին կոալիցիոն ուժերի միջեւ կնքված հուշագրին, Վ. Հովհաննիսյանն ասել է` ինչի՞ մասին կարող է խոսք լինել, եթե, ըստ այդ հուշագրի` կուսակցական պայքար չի լինելու։ «Սա մեր կուսակցության եւ հասարակության համար ընդունելի չէ: Հասարակությունը պետք է կոտրի ոմանց տաշտակը: Հայաստանում ջարդող-փշրող մարդիկ կան, սակայն ծայրահեղ գործողությունների գնալու պատրաստների թիվը շատ աճել չի կարող»,- ասել է նա: