Առա՛ջ Նյու Վասյուկի

01/11/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած ՀՀԿ առաջին տնտեսական կոնֆերանսը, որն ուղիղ եթերով ցուցադրվում էր «Արմնյուզով», շատերին հիշեցրեց սովետական ժամանակները։

Օրինակ՝ ԶԼՄ-ներից մեկն այն համեմատել էր «կոլխոզի ժողովի» հետ։ Մյուսն էլ ընդհանրապես առաջարկել էր ՀՀԿ բառը փոխարինել ԽՀՀԿ-ով՝ Խորհրդային Հայաստանի հանրապետական կուսակցություն։ Չէ, իհարկե, ՀՀԿ կոնֆերանսը հաստատ մի քանի կողմերով տարբերվում էր սովետական ժամանակներից։ Օրինակ՝ LCD էկաններով (մեկի փոխարեն` չորս հատ) եւ հեռակառավարվող միկրոֆոններով։ Սակայն, ինչպես պնդում են սովետական ժողովներն իրենց աչքով տեսած մարդիկ, կար մի շատ մեծ նմանություն, որն ի չիք է դարձնում բոլոր տարբերությունները։ Դա մթնոլորտն էր եւ միայն դրական բաների մասին խոսելու ազնիվ մղումը։

Լավ, իսկ ո՞րն էր այդ կոնֆերանսի անցկացման նպատակը։ Այս հարցի պատասխանն իր բացման ելույթում ներկայացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, նախաձեռնելով եւ անցկացնելով անդրանիկ տնտեսական կոնֆերանսը, նպատակ ունի կուսակցության անդամներին, գործընկերներին եւ հանրությանը ներկայացնել երկրի տնտեսական իրավիճակը, որի պատասխանատվությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քվեի ուժով առաջին հերթին կրում է Հանրապետական կուսակցությունը»,- ասել է նա՝ պարզաբանելով, որ ՀՀԿ-ն հանրությանն է ներկայացնում կոալիցիոն կառավարության 2008-2011 թվականների գործունեության արդյունքները: Սակայն սա միակ նպատակը չէ. ըստ վարչապետի, կոնֆերանսը բացառիկ հնարավորություն է ստեղծում ներկայացնել կառավարության գործունեության արդյունքները մարզերում, համայնքներում, նախաձեռնել քննարկումներ, որոնց արդյունքում ՀՀԿ-ն կկարողանա հավաքագրել հանրությանը մտահոգող հարցերը եւ հանրության շրջանում առկա առաջարկությունները՝ նախընտրական ծրագրի տնտեսական խնդիրները ձեւակերպելու համար։

Հետո, բնականաբար, հնչեցին գնահատականներ՝ կառավարության 2008-2011թթ. գործունեությանը։ Նախ՝ վարչապետը կրկին անգամ հիշեցրեց, որ Հայաստանի կառավարությանը հաջողվել է մեղմել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները: «2008-ին սկիզբ առած ճգնաժամի բնույթն աննախադեպ էր, եւ դրա ազդեցությունը ցայսօր զգացվում է թե՛ համաշխարհային եւ թե՛ Հայաստանի տնտեսության վրա: Չնայած ճգնաժամով պայմանավորված բարդություններին` Հայաստանի կառավարությանը հաջողվեց շարունակել տնտեսական կառուցվածքի դիվերսիֆիկացիան եւ բարեփոխումները»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ճգնաժամի միտումները բացասական ազդեցությունների հաղթահարման համար Հայաստանի կառավարությունը կարողացել է կյանքի կոչել հիմնարար փաստաթղթերում ամրագրված հիմնական դրույթները: «Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ապացուցել է, որ ունի բավականաչափ մտավոր եւ մարդկային ներուժ, քաղաքական կամք` իր առջեւ դրված նպատակները կյանքի կոչելու համար, ինչպես նաեւ` շտկելու բացթողումներն ու թերությունները, որոնք դեռեւս առկա են»,- ասաց Տ. Սարգսյանը։ Հետո, բնականաբար, գնահատական տալու գործին միացան նաեւ կառավարության անդամները։ Օրինակ, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն արդյունավետ գնահատեց 2008 թվականին սկիզբ առած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տնտեսական անկմանը հակազդելուն ուղղված կառավարության քաղաքականությունը։ Վ. Գաբիրելյանը խոսեց նաեւ խոշոր համակարգաստեղծ ընկերություններին, հանքարդյունաբերության ոլորտին, փոքր եւ միջին ձեռնարկություններին ցուցաբերված աջակցության մասին՝ ընդգծելով, որ այդ ընթացքում Հայաստանում սոցիալական ծախսերն ամբողջությամբ պահպանվել են` թույլ չտալով ժողովրդի կենսամակարդակի անկում: Խոսք գնաց նաեւ Հայաստանում ներդրումները խրախուսելու համար կառավարության ձեռնարկած քայլերի մասին (մաքսային եւ հարկային արտոնություններ), արդյունավետ դրամավարկային քաղաքականության, փոխարժեքի արդյունավետ քաղաքականության մասին եւ այլն։

Շատ ավելի լավատեսական էր Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ելույթը։ Նա ասաց, որ 2008թ.-ից ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել արդյունաբերության զարգացման ծրագրերի իրականացմանը, եւ շեշտը դրվել է արտահանող արդյունաբերության ձեւավորմանը։ Նախարարն ընդունեց, որ ճգնաժամը թողել է իր անդրադարձն իրականացվող քայլերի վրա, ուստի հարկադրված էին ճշգրտումներ իրականացնել քաղաքականության մեջ, որպեսզի ադեկվատ պատասխանեին առկա մարտահրավերներին: Սակայն, չնայած դրան, Տ. Դավթյանը վստահորեն ազդարարեց. «Հայաստանը եղել է, կա եւ կմնա արդյունաբերական երկիր»։

Եղան նաեւ այլ ելույթ ունեցողներ՝ հիմնականում դրական շեշտադրումներով (իհարկե, վերացական նշելով, որ դեռ խնդիրներ ու անելիքներ կան)։ Սակայն ոչ մի սուր քննադատություն, ոչ մի սուր հարց չհնչեց, ոչ մի բանավեճի ականատես չեղանք։ Ի դեպ, ԶԼՄ-ներից մեկը «Արմնյուզ» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Արտակ Ալեքսանյանից ճշտել է, թե արդյոք ի՞նչ սկզբունքով էր եթեր տրամադրվել` վճարովի՞, թե՞ անվճար, եւ արդյոք այլ կազմակերպությունների համաժողովի դեպքում հեռուստաընկերությունը կհամաձայնի՞ այն հեռարձակել, ինչին Ա. Ալեքսանյանը պատասխանել է, որ ուղիղ հեռարձակումը պայմանավորված էր նրանով, որ «այդ համաժողովը բացառիկ էր»։ Եթե նայենք «համերաշխության մթնոլորտի» տեսանկյունից, ապա կոնֆերանսն իրո՛ք բացառիկ էր. դժվար է գտնել որեւէ երկիր, որտեղ մի իշխող կուսակցության բոլոր անդամները գտնում են, որ կառավարությունն անսխալ է գործել, եւ եթե ինչ-որ տեղ էլ թերացում եղել է, ապա մեղավորը միայն եւ միայն ճգնաժամն է։

Այսքանից հետո զարմանալի չէր, որ կոնֆերանսն ընդունեց բանաձեւ, որը սկսվում է հետեւյալ նախադասությամբ. «Հայաստանի Հանրապետական կուսակցության տնտեսական կոնֆերանսի պատվիրակները դրական են գնահատում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2011 թվականների գործունեության արդյունքները»։ Ավելին, բանաձեւում նշվում է, որ անհրաժեշտ է այդ արդյունքները քննարկել կուսակիցների եւ հանրության հետ։

Ինչ կարելի է հասկանալ այս ամենից։ Եթե ժողովրդական լեզվով ասենք, տեղի է ունեցել հետեւյալը։ «Մոտիկներով» հավաքվել են, իրենք իրենց արածին գնահատական տվել։ Մազոխիստական հակումներ ունեցողներ ներկաների մեջ չկան, եւ գնահատականը, բնականաբար, դրական է եղել։ Եվ քանի որ, ինչպես նշել էր վարչապետը, տնտեսական իրավիճակի պատասխանատվությունը ՀՀ քաղաքացիների քվեի ուժով առաջին հերթին կրում է Հանրապետական կուսակցությունը, ապա ստացվում է, որ դրական զարգացումների դափնիներն էլ բաժին են ընկնում առաջին հերթին ՀՀԿ-ին։ Ստացվում է, որ ՀՀԿ կոնֆերանսը ոչ այլ ինչ էր, քան հուշում-հիշեցում, որ բնակչությունը պետք է շնորհակալություն հայտնի ՀՀԿ-ին` փայլուն տնտեսական քաղաքականության համար։

Ինչ վերաբերում է հանրության հետ քննարկումներին, ապա դժվար է պատկերացնել ակտիվ բանավեճ կամ բուռն քննարկում, քանի որ անգամ կուսակցության ակտիվը (որը մասնակցում էր կոնֆերանսին) բավականին համեստ էր պահում իրեն։ Ինչ վերաբերում է հասարակության կարծիքին` ընդհանրապես, ապա մեր իշխանություններն այս հարցում սկսել են նախապատվություն տալ վիրտուալ շփմանը՝ անձնական բլոգների կամ, որ հիմա շատ մոդայիկ է դարձել՝ «Ֆեյսբուքի» միջոցով։ Ի դեպ, վարչապետը ժամանակին այս հարցում շատ ակտիվ էր եւ մեծ ուշադրություն էր դարձնում իր բլոգի գրառումներին։ Սակայն հիմա, ինչպես երեւում է, անգամ վիրտուալ շփման համար ժամանակ չկա. վերջին գրառումը վարչապետը կատարել է հունիսին (կապված արտագաղթի վերաբերյալ «168 Ժամ» թերթին տված հարցազրույցում արված արտահայտության հետ)։