Եկեղեցու պահանջն արդարացի չէ

01/11/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի)` գույքահարկի եւ հողահարկի պարտավորություններից ազատելու մասին օրենսդրական փաթեթը ՀՀ կառավարության կողմից հավանության էր արժանացել դեռեւս օգոստոսի 25-ին տեղի ունեցած նիստի ընթացքում:

Սակայն այդ փաթեթի շուրջ հասարակական թեժ քննարկումները սկսվեցին նախորդ շաբաթվանից, երբ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Գույքահարկի մասին», «Հողահարկի մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում» լրացումներ կատարելու օրենսդրական նախագծերը: Օրինագծերը, չնայած հասարակական-քաղաքական դիմադրությանը` ընդունվեցին առաջին ընթերցմամբ:

Եկեղեցու ցուցակը

Քննարկումների առանցքում հայտնվեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի կողմից ներկայացված պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ չունեցող շենքերի, շինությունների եւ հողատարածքների` 268 կառույցների ցանկը, որում ներառված են` 20 հողատարածքներ, 45 հողամասեր, 6 տնամերձ հողամասեր, 20 բնակելի տներ, 35 բնակարաններ, 4 առանձնատներ, վիլլաներ, 8 տարածքներ (հայտնի չէ` ի՞նչ տարածքներ են, բայց ցանկում այսպես է նշված), 25 եկեղեցիներ, 7 առաջնորդարաններ եւ վարչական շենքեր, 12 հայորդաց տներ եւ մշակութային կենտրոններ, 4 ճեմարաններ, 10 դպրոցներ եւ մանկապարտեզներ, 3 ծերանոցներ եւ մանկատներ, 4 արոտ, արոտավայր, 4 վարելահող եւ խոտհարք, 4 գրասենյակներ, 5 դիվանատներ, վանատներ, հովվատներ, միաբանական շենքեր եւ սրահներ, 5 ճամբարներ, 3 պանսիոնատներ եւ առողջարաններ, 2 հակահամաճարակային կենտրոնի շենք եւ ատամնաբուժական դիսպանսեր, 2 ճաշարան եւ սրճարան, 2 շենք, շինություն, 2 կինոթատրոն, 3 խանութ եւ տաղավար, 4 արտադրամաս, կոմբինատ, 1 սեղանատուն, ֆուտբոլի 11 մարզադաշտեր` շրջակա կառույցներով, 2 անտառ-պուրակ, 1 մկրտարանի շենք, 2 արհեստական լիճ եւ լճի տակ գտնվող մառան, հասարակական 2 զուգարաններ եւ ենթակայան, 2 բաց խորան, խորանի տարածք, 1 մկրտարանի շենք, 1 կաթսայատուն, 1 մատենադարան, 4 պահեստ, անգար, տնտեսական սենյակ, 2 պահակատուն, 4 կիսակառույցներ, 1 «Շողակաթ» հեռուստաընկերություն եւ հողատարածք (մշակույթի պալատ), 1 մոմավառության սրահ, 2 բացվածք (հայտնի չէ` ի՞նչ են), 1 ավտոկանգառ, 1 ավտոտնակ, 1 անասնաշենք, 1 ջրավազան եւ հողամաս, 1 տրակտորային կայան, 1 խաղադաշտ, 1 թեմապատկան տնակ, 1 նկուղային հարկ եւ 1 «Սուրբ Ներսես Մեծ» գիտաբժշկական կենտրոն: Համաձայնեք` շատ տարօրինակ ցանկ է, մասնավորապես` զուգարանները, վարելահողերը, արոտավայրերը, այգի-պուրակները…

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանի խոսքով` ժամանակին ցուցակը ներկայացվել էր պատկան պետական մարմիններին` եկեղեցու ունեցվածքի մասին պատկերացում կազմելու համար, սակայն մինչ օրս վերոնշյալ կառույցների անունների արձանագրություններն այդպես էլ չեն փոխվել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում: «Թե ինչո՞ւ առաջացավ ընդվզում, բուռն քննարկումներ, կարծում եմ` պայմանավորված էր ապատեղեկատվությամբ, եւ նաեւ այն հանգամանքով, որ մեջտեղ բերվեց մի ցուցակ, որը բացարձակ առնչություն չուներ օրենսդրական փոփոխությունների հետ»,- նկատեց Տեր Վահրամը, ում փոխանցմամբ` ցուցակի շուրջ 130 անուն կազմում են նորակառույց եկեղեցիները, որոնք չունեն հուշարձանի կարգավիճակ, իսկ մնացյալ կառույցներում էլ Հայաստանյայց Առաքելական Սբ. եկեղեցին իրականացնում է տարբեր ծրագրեր: «Որպեսզի պատկերավոր լինի, ասեմ, որ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տարածքում գտնվող բոլոր տարածքները հաշվառված են իբրեւ առանձին միավորներ այդ կառույցում, եւ կարող եք պատկերացնել, եթե Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում կան 30-ից ավելի շինություններ, ապա այդ ամենն ընդգրկված են այդ ցուցակում` անգամ երկու շենքն իրար միացնող կցակառույցը, հասարակական պետքարանները, պահակակետը եւ ավտոկանգառը, որը ասֆալտապատ մի տարածք է, այն եւս իբրեւ առանձին միավոր է ներկայացված այդ ցուցակում` իբրեւ կալվածք»,- ասաց տեղեկատվական համակարգի տնօրենը: Նա նաեւ նշեց. «Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը չունի հարսանյաց հագուստի սրահ, Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը չունի սրճարան: Դրանք այն պարագաներն են, երբ Հայ Առաքելական եկեղեցին ձեռք է բերել անհատից, մի կառույց, ինչպես Վանաձորի սրճարանը, որը գրանցված էր սրճարան անվան տակ, եւ սեփականության վկայականի մեջ եւս գրանցված է սրճարան անվան տակ,- ասաց զրուցակիցս` շարունակելով,- Ես կարող եմ յուրաքանչյուր կառույցի մասին լուսաբանում տալ. ճաշարանները, որոնց թիվը 5-ն է, եւ առաջիկայում էլի կբացվեն` բարեգործական են, կինոթատրոնները Արմավիր եւ Չարենցավան քաղաքների կինոթատրոններն են, որոնք օտարվեցին եկեղեցուն, եւ եկեղեցին դրանք վերակազմակերպել է հայորդաց տների»:

Ո՞ւմ առանձնատներն են

Ինչ վերաբերում է ցուցակում տեղ գտած 4 առանձնատներին, Տեր Վահրամը խոսեց դրանցից երկուսի մասին` նշելով, որ դրանք Վազգեն Վեհափառի ամառանոցներն են, որոնցից մեկը գտնվում է Երեւանի Բաղրամյան 1 հասցեում, իսկ երկրորդը` Բյուրականում: Իսկ երբ փորձեցինք ճշտել, թե որտե՞ղ են գտնվում մյուս 2 առանձնատները, նա պատասխանեց. «Միայն բնակարաններ չէ, որ մենք ունենք: Ունենք նաեւ առանձնատներ, որոնք գտնվում են գյուղական միջավայրերում, եւ տարբեր թեմերում կան այդ առանձնատները: Գաղտնիք չէ դա, եւ ցանկում եղել են դրանց հասցեները»:

Ինչեւէ, Տեր Վահրամ Մելիքյանի խոսքով` հողատարածքների մեծ մասը ձեռք է բերվել ապագայում եկեղեցիներ կառուցելու նպատակով, որոշ հողեր էլ պարզապես ձեռք են բերվել տեղանքի պատմամշակութային վայրի տեսքը չփչացնելու համար: Քահանայի խոսքով` եկեղեցին դրանք գնում է անհատ սեփականատերերից, ձեռնարկատերերից, կամ լինում են դեպքեր, երբ պետության կողմից օտարվում են եկեղեցուն: Հարցին, թե ինչպե՞ս են ձեռք բերվել կինոթատրոնները կամ սրճարանը, Տեր Վահրամը պատասխանեց. «Տարբեր շինություններ տարբեր ճանապարհով են ձեռք բերվել` մի մասը` պետության կողմից, որը կարեւորել է առաքելությունը կամ ծրագիրը, որ պետք է իրականացվի այդ կառույցում, մյուսները ձեռք են բերվել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի կողմից գումար վճարելով»: Արդյոք եկեղեցին ունի՞ այդքան ֆինանսական միջոցներ նման տարածքներ գնելու համար։ Տեր Վահրամ Մելիքյանն ասաց. «Եկեղեցին մեծ գումարների չի տիրապետում, սակայն, փառք Աստծո, եկեղեցու կողքին միշտ էլ գտնվում են անձեր, բարերարներ, ովքեր սատարում են եկեղեցու գործունեությանը, եւ ոչ ոքի համար գաղտնիք էլ չէ, որ եկեղեցու տարբեր ծրագրեր տարբեր հովանավորներ ունեն»:

Ցամաքած լճի տակ` «չայնի»

Եկեղեցին ցանկանում է հարկային արտոնություն ունենալ նաեւ Էջմիածնի Ներսիսյան արհեստական լճի եւ լճի տակ գտնվող մառանի նկատմամբ: Զրուցակիցս հանգամանորեն խոսեց նաեւ Ներսիսյան լճի մասին, որը Խորհրդային Միության տարիներին է բետոնապատվել: Ըստ Տեր Վահրամի` լողավազանը վնասված է, մառաններն էլ եկեղեցու կողմից օգտագործվում են իբրեւ պահեստներ: Ընդ որում` Էջմիածնի բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ տարիներ առաջ եկեղեցու եւ ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի միջեւ փոխանակում է կատարվել: Ս. Սարոյանն իրեն պատկանող մառանները հանձնել է եկեղեցուն` փոխարենը ստանալով եկեղեցու դիմաց գտնվող «Կռունկ» ռեստորանը: Հիշեցնենք, որ Ս. Սարոյանին էր պատկանում Էջմիածնի գինու գործարանը: «Ես այդ ամենի մանրամասները չգիտեմ: Նման քննարկումներ, բանակցություններ ժամանակին եղել են, ներկայումս այդ մառանները փոխանցվել են Մայր Աթոռ Սբ. էջմիածնին, իսկ թե ի՞նչ պայմաններով` չեմ կարող ասել: Դժվարանում եմ հստակ թվական ասել, թե ե՞րբ է կատարվել այդ փոխանցումը»,- ասաց Տեր Վահրամը: Ներսիսյան լիճը, որի մասին այդքան խոսվում է, գտնվում է Էջմիածնի Սբ. Գայանե վանքի եւ Մայր տաճարի միջեւ, ավելի հստակ` Էջմիածնի մարզադաշտի հարեւանությամբ: Այն ամբողջությամբ ցամաքած տարածք է, որի տակ գտնվող մառանների փոխարեն` մենք գտանք սննդի մի օբյեկտ, որը, հարակից զորամասի զինվորների փոխանցմամբ` զինվորների «չայնին» է: Ո՞ւմ է պատկանում այդ թեյարանը` «չայնին»: Դարձյա՞լ եկեղեցունն է: Լողավազանը կամ, ինչպես էջմիածինցիներն են ասում` «գյոլը», պատկանում է եկեղեցուն:

Արտոնություն` անապահովներին ցրելու համա՞ր

Ի դեպ, եկեղեցու սպասավորներն անակնկալի էին եկել ցուցակի, այսպես ասած` երեւան գալու փաստից: Հասարակությունը` նույնպես: Որեւէ մեկին հասկանալի չէ, թե ինչո՞ւ պետք է եկեղեցուն հարկային արտոնություններ տրվեն: Ինչո՞ւ եկեղեցին հաշվետու չի լինում հասարակությանը, թե որքա՞ն գումար եւ ինչի՞ համար է ծախսվել:

Եկեղեցին պահանջում է, որպեսզի հարկային արտոնություններ տրվեն նաեւ «Սուրբ Ներսես Մեծ» Գիտաբժշկական կենտրոն ՓԲԸ-ին: Դեռեւս 2001թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ձեռք բերեց Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի «Սուրբ Ներսես Մեծ» գիտաբժշկական կենտրոնի սեփականության իրավունքը: Շենքը կառուցվել է 1986թ. եւ հայտնի էր Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ անունով: 2000թ. Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունն` ի դեմս Լուիզ-Սիմոն Մանուկյանի` սեփականացրեց կլինիկան եւ մեկ տարի անց հանձնեց այն Մայր Աթոռին:

Այս հիվանդանոցի մասին http://www.armenianchurch.org/index.jspգsid=1&id=16862&pid=16860-ում կարդում ենք. «Սուրբ Ներսես» հիվանդանոցը առեւտրային հաստատություն է եկամուտի երեք աղբյուրներով` 1. ծառայությունների դիմաց վճարում, 2. կառավարության ֆինանսավորում սոցիալապես անապահով մարդկանց համար, 3. առողջության ապահովագրություն: … Հիվանդանոցի ղեկավարությունը յուրաքանչյուր բժշկական ծառայության համար սահմանել է հաստատված սակագներ: Հիվանդներին տրամադրվում է բուժման համար անհրաժեշտ ամեն ինչ` վիրաբուժություն, հիվանդասենյակ, վերակենդանացում, թերապիա եւ բուժական օգնություն:… «Սուրբ Ներսես Մեծ» բժշկական կենտրոնի շնորհիվ մեր Եկեղեցին այսօր կարողանում է եւ հոգեւոր, եւ բժշկական օգնություն ցուցաբերել իր հավատացյալներին»: Եվ սա` այն դեպքում, երբ նույնիսկ մամուլն է բազմիցս անդրադարձել հասարակ, սոցիալապես անապահով, անտուն-անօթեւան հիվանդ մարդկանց բողոքներին, որոնց այս հիվանդանոցը չի ընդունում` «ցրում է» տարբեր պատճառաբանություններ բերելով` նման բաժանմունք չունենք, ազատ հիվանդասենյակ չունենք եւ այլն: Մյուս բոլոր հիվանդանոցներն ավելի սիրալիր են ընդունում նման հիվանդներին, քան Եկեղեցուն պատկանող այս բուժկենտրոնը: Այս հիվանդանոցում պետպատվերով հիվանդներին քամահրանքով են վերաբերվում, ու պատշաճ հոգատարություն նրանց նկատմամբ չի ցուցաբերվում: Ուրեմն, առավել եւս, ինչո՞ւ պետք է շահույթ հետապնդող այս հիվանդանոցին հարկային արտոնություններ տրվեն: Ինչո՞ւ պետք է սոցիալապես ծայրահեղ վատ վիճակում ապրող քաղաքացին հարկ վճարի, իսկ եկեղեցին` ոչ, որը հսկայական շահույթներ է ստանում: Ուսումնասիրության առանձին նյութ են նաեւ Հայորդաց տները, որոնք ստեղծվել են նախկին Պիոներպալատների, մշակույթի տների եւ կինոթատրոնների հիմքի վրա: «Ես համաձայն եմ, որ Եկեղեցուն տանք արտոնություն, բայց համաձայն չեմ, որ այդ լավությունը լինի մեկ այլ ինստիտուտի հաշվին: Այդ հողի, գույքի հարկը գնում է համայնքի բյուջե: Նախ, մենք չգիտենք, թե կոնկրետ ի՞նչ գումարի մասին է խոսքը: Այդ ցանկը դեռ լրիվ չկա: Սա պետք է ճշգրտվի: Պետք է իմանանք, թե որ համայնքի հաշվին ենք լավություն անում: Ինձ համար զարմանալի է, որ տարածքային նախարարությունը չի պայքարում, որ կառավարությունը փոխհատուցի համայնքներին: Համայնքներ կան, որ այդ գույքահարկի հաշվին են ապրում: Պետք է ցանկը, գումարային արժեքը, թե որ համայնքում որքան կնվազի հարկերի չափը,- օրեր առաջ լրագրողներին ասել էր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` նկատելով,- Եկեղեցին մետր առ մետր ռեսուրսներ է վերցնում: Նույնը կատարվեց Արշակունիների ժամանակ, եւ պարտվեցինք: Ամբողջ քրիստոնեական աշխարհը եկեղեցուն հող տվեց ու պարտվեց»: