Օրերից մի օր Ձեր դուռը ծեծում են։ Բացում եք եւ տեսնում կոկիկ հագնված, վայելուչ արտաքինով երկու հոգու։ Չեք հասցնում հարցնել, թե ովքեր են, երբ նրանցից մեկն ասում է. «Բարեւ ձեզ, մենք եկել ենք Ձեզ պատմելու այն իշխանության մասին, որը երկրի վրա դրախտ կհաստատի»։ Մինչ դուք կհասցնեք ինչ-որ բան ասել, մյուսն արագ-արագ արտասանում է Աստվածաշնչի միջից անգիր արած մի հատված եւ առաջարկում ծանոթանալ իրենց ձեռքի տակ եղած որոշ նյութերի հետ։ Շփոթված վերցնում ես նրանց կողմից առաջարկվող ինչ-որ բրոշյուրներ, իսկ կարճ ժամանակ անց ձեր անձնական տվյալները եւ հասցեն արդեն գտնվում են Բրուքլինյան կորպորացիայի համակարգչային տվյալների բազայում։ Շատերի համար այսպես է սկիզբ առնում այն ճանապարհը, որը տանում է դեպի…
Երեւի շատերն արդեն գլխի ընկան, թե խոսքն ինչի մասին է, իհարկե՝ «Եհովայի վկաների»։
Ինչու որոշեցի գրել այս մասին։ ԱՄՆ Պետդեպարտամենտի 2005 թ. կրոնական ազատության վիճակի մասին զեկույցում (հրապարակվել է նոյեմբերի 8-ին) մեզ կշտամբել են՝ որ թեեւ ըստ Օրենսդրության` եկեղեցին տարանջատված է պետությունից, սակայն Հայաստանյայց առաքելական եկեղեցին ճանաչվում է որպես ազգային եկեղեցի։ Ու թեեւ օրենքով բոլոր կրոնական կազմակերպություններն ունեն նույն իրավունքները, սակայն եկեղեցին որոշ արտոնություններ ունի։ Իսկ որպես դրական քայլ հիշատակվում է «Եհովայի վկաների» գրանցումը։
Ովքե՞ր են «Եհովայի վկաները»
Թեեւ Հայաստանում գրանցված են եւ գործում են շատ կրոնական կազմակերպություններ, սակայն ամենից մեծ դժգոհություն հարուցեց հենց Եհովայի վկաների գրանցումը։ Ինչո՞ւ։ Այսօր դժվար է գտնել մի այնպիսի մարդու, որի դուռը սրանք թակած չլինեն։ Նորմալ մարդկանց համար եհովայականների հետ 2 րոպե շփվելն էլ բավական է, որպեսզի ատելություն առաջանա այդ կազմակերպության նկատմամբ՝ անդամների աներեսության, զոռբայության եւ վտանգավոր չափերի հասնող ֆանատիկոսության համար։ Շատերը ոգեւորված չէին նրանց գրանցման փաստով՝ նկատի ունենալով, որ օրինական գործունեության իրավունք ստանալով՝ նրանց լկտիությունը կկրկնապատկվի։ Պետդեպարտամենտի մասնագետների կարծիքով, հանրության բացասական վերաբերմունքի պատճառը բացատրվում է նաեւ զինվորական ծառայությունից խուսափելով։ Ի դեպ, նշեմ, որ եհովականները համաձայն չեն, որ իրենց նկատմամբ ժողովուրդը անհանդուրժողական է։ Մեզ հետ ունեցած զրույցում «Եհովայի վկաների» կազմակերպության քարտուղար Տիգրան Հարությունյանը նշեց, որ վատ վերաբերմունքի արժանանում են հիմնականում ԶԼՄ-ների կողմից (հավանաբար, այս հոդվածից հետո այս ցուցակում կավելանա նաեւ մեր թերթը)։
Սակայն կան ավելի խորքային եւ լուրջ պատճառներ, որոնց հիման վրա շատ փորձագետներ «Եհովայի վկաներին» դասում են, այսպես կոչված, տոտալիտար աղանդների շարքին։ Նշենք, որ տոտալիտար աղանդը այն կրոնական խումբն է, որն անձի նկատմամբ մտավոր, զգացմունքային եւ սոցիալական հսկողություն է հաստատում՝ հարուցելով հոգեկան ուժեղ կախվածություն։ Բայց սկսենք սկզբից։
19-րդ դարի «մարգարեն»
Եվ այսպես, որտեղի՞ց է սկիզբ առել «Եհովայի վկաներ» կազմակերպությունը։ 1870թ. ԱՄՆ-ում այն ստեղծել է ոմն Չարլզ Ռասել։ 18 տարեկան հասակում նա կազմակերպում է աստվածաշնչյան խմբակ։ Չունենալով ոչ՛ աստվածաբանական, ո՛չ էլ աշխարհիկ կրթություն՝ նա իրեն համարում է «նոր եկեղեցու հիմնադիր» եւ հայտարարում. «Ավելի լավ է ընդհանրապես չկարդալ Աստվածաշունչը, քան անուշադրության մատնել դրանց վերաբերյալ իմ մեկնաբանությունները»։ Նա սկսեց տպագրել սեփական գրականությունը, որը կոչվում էր «Սիոնի Դիտարան» (Zion’s Watchtower)։ Այստեղից էլ՝ Եհովայի վկաների կազմակերպության անունը։ Ռասելը մահացավ 1916 թվականին՝ Աշխարհի վերջի (Արմագեդոնի) իր նախանշած ամսաթվից երկու տարի հետո։ Նրա կյանքից նշենք մի հետաքրքիր փաստ. երբ Ռասելը դատի տվեց իրեն «խաբեբա եւ կեղծ ուսուցիչ» անվանած Ջ. Ռոսին, դատարանում պարզ դարձավ, որ իրեն աստվածաշնչյան լեզուների գիտակ համարող «մարգարեն» չգիտեր անգամ այդ լեզուներից որեւէ մեկի այբուբենը։ Ահա այս մարդու գաղափարների հիման վրա ստեղծված կառույցին են հավատում ու ենթարկվում արդեն միլիոնների հասնող աղանդավորները։ Նշենք, որ վերջին շրջանում Եհովայի վկաները հերքում են իրենց գաղափարական կապը Ռասելի հետ, սակայն նրան հաջորդած առաջնորդները հաճախակի ցիտում են նրա «աշխատանքներից»։
Ի՞նչ են քարոզում եհովականները
Թեեւ ես աստվածաբան կամ եկեղացական չեմ, սակայն տարբեր աղբյուրների միջոցով փորձեցի ինչ-որ կերպ հասկանալ եհովականների ասելիքը։ Կազմակերպությունը կոչվում է նաեւ «Դիտարան», իսկ «Եհովայի վկաներ» անվանումը կապված է աղանդի անդամների այն համոզման հետ, որ իրենք կոչված են խոսել (վկայել) Եհովա Աստծո մասին։ Հիմնվում են Հին եւ Նոր Կտակարանների վրա։ Ընդունում են Քրիստոսին, սակայն հերքում են նրա մարմնական հարությունը՝ գտնելով, որ նա հարություն է առել՝ որպես անմահ հոգի։ Եհովականները չեն հավատում ո՛չ դժոխքին, ո՛չ հոգու անմահությանը։ Քրիստոնեական եկեղեցու ներկայացուցիչների պնդմամբ, աղավաղում են Աստվաշնչի դրույթներն ու մեկնաբանում լրիվ այլ տեսանկյունից։ Գտնում են, որ աշխարհի անտեսանելի կառավարողը սատանան է, քրիստոնեական բոլոր ուղղությունները համարում են սատանիստական, իսկ Քրիստոսի խաչը՝ չարի խորհրդանիշ։ Հիմնականում մյուս կրոնական ուղղությունների նկատմամբ այսպիսի ատելության եւ անհանդուրժողականության պատճառով են եհովականները քննադատության արժանանում։ Հնարավոր են համարում ենթարկվել միայն այն օրենքներին, որոնք չեն հակասում աստվածաշնչյան ճշմարտությունների իրենց ընկալումներին։ Այս պատճառով էլ չեն հարգում երկրի դրոշը, չեն ծառայում բանակում եւ այլն։ Կան եւս մի քանի հետաքրքիր դրույթներ, որոնց կանդրադառնամ ընթացքում։ Նշեմ եւս մի փաստ։ Իրենց գոյության ընթացքում եհովականները նախանձելի համառությամբ` ձգտել են գուշակել աշխարհի վերջը (թեեւ փորձում են ժխտել)։ Ահա նրանց նշած ամսաթվերը՝ 1872, 1874, 1914, 1925, 1975։ Ըստ տրամաբանության՝ նրանց «մարգարեությունների» սուտ դուրս գալը պետք է հետ պահեր մարդկանց այս կազմակերպությունից, սակայն տեղի ունեցավ հակառակը…
Եկեղեցի՞, թե՞ կորպորացիա
«Եհովայի վկաներն» այսօր իրենցից ներկայացնում են պրոպագանդիստական հզոր կառույց, որը միավորում է ավելի քան 100 ֆիլիալներ աշխարհի տարբեր ծայրերում։ Գլխավոր մարմինը գտնվում է Բրուքլինում (Նյու Յորք), այստեղից էլ՝ «Բրուքլինյան կորպորացիա» անվանումը։ Ընդ որում, սրա զարգացման տեմպերին կնախանձեին անգամ աշխարհի ամենահզոր ընկերությունները։ Եհովայի վկաների շարքերը լքած Վ. Շնելլը, որը 30 տարի ղեկավարող պաշտոն է զբաղեցրել Բրուքլինյան կորպորացիայում, ասում է. «Հզորագույն քարոզչության ազդեցության տակ մենք պարզապես կորցնում էինք գլուխներս, հայտնվում էինք ինչ-որ տրանսի մեջ։ Շատ մարդիկ, «չար համակարգի վախճանի» (աշխարհի վերջի) նախաշեմին վաճառում էին իրենց ունեցվածքը կամ հանձնում Կազմակերպությանը, որն այդ ընթացքում զբաղվում էր ավելի ու ավելի մեծ քանակի անշարժ գույք եւ տպագրական սարքավորումներ ձեռք բերելով» (Schell W. Dreisig Jahre Sklave der Wachttrum, Berlin, 1970)։ Ու չնայած մեծ թվով մարդիկ լքում էին կազմակերպությունը, նրանց տեղը գալիս էին շատ ավելի մեծ թվով մարդիկ, իսկ կազմակերպությունը շարունակում էր աճել։ Կազմակերպչական առումով «Դիտարանը» բավականին կուռ կառույց է։ Վերին ղեկավարությունը կազմակերպության նախագահն է եւ նրա ներկայացուցիչները, ովքեր ղեկավարում են ֆիլիալները։ Կենտրոնական շտաբ-բնակարանում կան ավելի քան 700 հաստիքային աշխատողներ։ Տեղական համայնքները ղեկավարում են վկաների դպրոցներում համապատասխան կրթական նախապատրաստություն անցած անձինք։ Շարքային եհովականները՝ պիոներները, պետք է օրվա ընթացքում պարտադիր մի քանի ժամ զբաղվեն քարոզչությամբ եւ ամեն օրվա վերջում ճշգրիտ հաշվետվություն ներկայացնեն կատարած աշխատանքի վերաբերյալ։ Ամփոփելով այս ամենը՝ նշենք, որ 2001 թվականի տվյալներով, միայն Նյու Յորքում «Եհովայի վկաներն» ուներ 186 միլիոն դոլարի անշարժ գույք, իսկ ամենամյա շրջանառությունը գերազանցում էր 1,5 միլիարդ դոլարը։ Կազմակերպությունը թողարկում է երկու ամսագիր՝ «Դիտարան» եւ «Արթնացեք»։ Յուրաքանչյուրը լույս է տեսնում ամիսը 2 անգամ, համապատասխանաբար` 21 եւ 18 միլիոն տպաքանակով, 140 տարբեր լեզուներով։ Մեծ տպաքանակներով թողարկվում են նաեւ գրքեր, թռուցիկներ, տեսա- եւ աուդիո ժապավեններ, համակարգչային սկավառակներ։ Ինչ խոսք, մասշտաբները տպավորիչ են…
Ո՞րն է նպատակը…
Դժվար է հստակ ասել, թե որն է եհովականների նպատակը։ Ի նկատի ունեմ, ոչ թե շարքային, տնից տուն թափառողներին, այլ` վերին օղակներին։ Մեկնաբանությունները տարբեր են, եւ բոլորն էլ ունեն իրենց հիմնավորումները։ Թվարկենք մի քանիսը։ Ըստ քրիստոնեական եկեղեցու՝ նրանք սատանայական ուժեր են, որոնք պայքարում են իրենց դեմ։ Ավելի հետաքրքիր տեսակետ են ներկայացնում ազգայնական ուժերը՝ այն է, այսպիսի աղանդների միջոցով որոշ ուժեր ձգտում են դիմազրկել մարդկության ազգային նկարագիրը եւ թաքնվելով ազատական եւ ժողովրդավարական արժեքների քողով՝ մարդկությանը վերածել ստրուկների եւ տանել իրենց ձեռնտու ուղիով։ Այսինքն՝ հսկողություն ձեռք բերելով մարդկանց մտածելակերպի նկատմամբ՝ իրականացնել համաշխարհային կառավարում։ Կա նաեւ տեսակետ, որ բոլոր այսպիսի ուժերին, այդ թվում եւ` «Եհովայի վկաներին», ուղղորդում են արտերկրի հատուկ ծառայությունները։ Այլ կերպ ասած՝ նրանք պարզապես լրտեսներ են, որոնք իրենք էլ երեւի այդ մասին չեն իմանում։
Ես ձեռնպահ կմնամ մի բանի մասին խոսելուց, որի մասին հստակ տեղեկություն չունեմ։ Սակայն այն, որ մեզ էլ են պարտադրում հանդուրժել նման վտանգավոր աղանդների գոյությունը, տարբեր ազատությունների, իրավունքների տեսքով, դա փաստ է։ Իսկ որ «Եհովայի վկաները» իսկապես մեծ վտանգ է, դրանում շատերն են համոզված։
Մտահոգիչ փաստեր
«Խաբարովսկում աննախադեպ դատավարություն տեղի ունեցավ։ Ծննդաբերության ժամանակ կինը մեծ քանակի արյուն էր կորցրել, եւ վիճակը ծանր էր։ Ամուսինը աղաչում էր բժիշկներին` փրկել նրա կյանքը, եւ դա նրանց հաջողվեց։ Առողջանալուց հետո կինը, որը Եհովայի վկա էր, դատի տվեց բժիշկներին՝ իրեն ուրիշի արյուն փոխներարկելու համար…»։
Զարմացա՞ք։ Սա «Ռիա-Նովոստիի» հաղորդագրություններից էր։ Բարեբախտաբար, դատարանը բժիշկների գործողություններում հանցակազմ չգտավ։ Բարեբախտաբար եմ ասում նաեւ նրա համար, որ հաջողվեց մարդու կյանքը փրկել, մինչդեռ դեպքերի մեծ մասում ամեն ինչ ավարտվում է ողբերգությամբ, նման դեպքեր պատահել են նաեւ Հայաստանում։ Ըստ հետազոտողների, որ աստվածաշնչյան «հեռու մնա արյունից» դրույթը եհովականներն ընկալում են բառացի, եւ նրանց մոտ արյան փոխներարկումն արգելվում է։ Եհովականներն իրենք հերքում են, որ այդպիսի արգելք կա, եւ ասում, որ իրենց հետեւորդներն իրենք են որոշում՝ համաձայնե՞լ, թե՞ ոչ՝ նշելով, որ օրենքով փոխներարկումը պարտադիր չէ եւ կատարվում է բուժվողի համաձայնությամբ։ Ու թեեւ փորձում են դրա վտանգավորությունը բացատրել զուտ բժշկական տեսակետից, սակայն, ըստ էության, մերժումը պայմանավորված է իրենց կողմից տարվող քարոզչությամբ։
Բերեմ մեկ այլ օրինակ։ Ձեզ եմ ներկայացնում «Եհովայի վկաների» պաշտոնական ինտերնետային կայքում տեղ գտած մի հաղորդագրություն։
«ՄԱԿ-ը Մարդու իրավունքների իր համընդհանուր դեկլարացիայում հայտարարել է, որ երեխաները ունեն հատուկ խնամքի եւ օգնության իրավունք… Երեխաների վիճակի բարելավման համար միայն խոսքերը բավական չեն… Մոտենում է այն օրը, երբ Եհովա աստվածը այս աշխարհի մարդկանց համար անսպասելի կխառնվի նրանց գործերին՝ իր Արքայության միջոցով։ Ով այլասերում եւ շահագործում է մյուսներին, չի խուսափի պատժից… Ինչքան երջանիկ կդառնա կյանքը, երբ չեն լինի աղքատություն, թմրամոլություն, մանկական մարմնավաճառություն, ընտանեկան վեճեր եւ անսկզբունքայնություն…»։
Մարդասիրության ինչպիսի դրսեւորում… Իսկ հիմա սրա ֆոնի վրա ծանոթացեք «ՌԵԳՆՈՒՄ» գործակալության այս հաղորդագրությանը։
« 2005 թվականի ապրիլի սկզբին Վլադիմիր Կորժավինը փորձել էր սպանել իր 8-ամյա որդուն՝ սանդղահարթակի վրա քարով մի քանի անգամ հարվածելով նրան…Ապրիլի 8-ին Կորժավինը ձերբակալվել էր։ Նա միանգամից խոստովանել էր հանցանքը եւ քննիչին ասել, որ երկնային ձայներ է լսել, որոնք իրենից պահանջում էին սպանել որդուն։ Կորժավինը հաճախում էր աղանդավորական հավաքների եւ կարդում էր կրոնական գրականություն, որը նրան տրամադրում էին «Եհովայի վկաները»։
Փաստերը շատ են եւ մեկը մյուսից խոսուն…
«2003 թվականի հոկտեմբերի 13-ին Պենզայում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 13-ամյա Յակով Ռուստամովը։ Խուզարկության ժամանակ երեխայի սենյակից հայտնաբերվել է կրոնական ուղղվածության գրականություն, մասնավորապես «Եհովայի վկաների» գրքեր։ Քննիչի խոսքերով, ինքնասպանության միակ վարկածը այդ աղանդի ազդեցությունն էր»։
Նմանատիպ փաստերը քիչ չեն։ Հետաքրքրվողները կարող են առատ ինֆորմացիա գտնել ինտերնետում։ Ինչո՞ւ են այս աղանդի հետ առնչություն ունեցող երեխաները ինքնասպանություն գործում։ Շատ մասնագետների կարծիքով, երեխայի՝ դեռ ամբողջությամբ չձեւավորված գիտակցության վրա խոր ազդեցություն են թողնում աշխարհի մոտալուտ վերջի մասին խոսակցությունները։ Երեխայի մոտ առաջանում է վախ, եւ նա ցանկանում է խուսափել այդ օրվան ականատես լինելուց, քանի որ «Եհովայի վկաները» դա ներկայացնում են որպես «Աստծո ցասման օր»՝ զարհուրելի ու դաժան տեսարաններով։ Ահա այս ամենի ազդեցությամբ` երեխան կամ ինքնասպան է լինում, կամ, լավագույն դեպքում, նրա հոգեկան աշխարհը լիովին խեղաթյուրվում է։ Ընդհանրապես, այս հարցում ամենամեծ տուժողները հենց երեխաներն են՝ ինչպիսի մարդիկ պետք է նրանք դառնան ապագայում, երբ փոքր տարիքից աղանդավոր ծնողները նրանց մեջ ատելություն են ներարկում բոլոր ոչ եհովականների նկատմամբ, եթե երեխան չի մասնակցում ոչ մի տոնակատարության (Ամանոր, ծննդյան տարեդարձ եւ այլն), եթե նրան արգելվում է խաղալ ոչ եհովական երեխաների հետ։ Երեխան կտրվում է հասարակությունից, մեկուսանում եւ դառնում սեփական մտածելակերպ չունեցող եւ կրոնական ղեկավարի ամեն մի ասածին անվերապահորեն ենթարկվող մարդ, որից ամեն ինչ կարելի է սպասել։ Իսկ ո՞ւր մնացին երեխաների իրավունքներն ու նրանց նկատմամբ սերն ու հոգածությունը, որի մասին խոսում են «Եհովայի վկաները»։
Անգամ չափահաս մարդիկ են անկանխատեսելի, իրենց եւ ուրիշների համար վտանգավոր քայլերի են դիմում աղանդի ազդեցության տակ։
«2005 թ. հոկտեմբերի 19-ին, ժամը 11.30-ի սահմաններում Ոստիկանության Գուգարքի բաժնից Վանաձորի Բազումի բաժանմունք ահազանգ է ստացվել այն մասին, որ Թագավորանիստ կոչվող սարում կախվելու միջոցով ինքնասպանության փորձ է կատարել 1962թ. ծնված Կ.Պ.-ն։ Վերջինս փայտից խաչ է պատրաստել, իսկ դրա վերնամասում փակցված ստվարաթղթի վրա գրել է, որ ինքը Եհովա Աստծո հետեւորդներից է, տերունական երազ է տեսել եւ պետք է համբարձվի երկինք, քանի որ այդ օրն ու ժամը հասել է»։ Սա մեր թերթում հրապարակված լուրերից է։ Պատկերացնո՞ւմ եք, ինչ կլիներ, եթե դրա փոխարեն երազ տեսներ, որ պետք է գիշերով հրդեհի իրենց գյուղը…
Ահա մասնակիցների վրա ունեցած հոգեբանական այսպիսի ազդեցության պատճառով այս աղանդը անվանում են տոտալիտար, երբ աղանդի հետեւորդը հաշիվ չի տալիս իր գործողությունների համար…
Էլ ավելի մտահոգիչ փաստեր…
Շատերը գտնում են, որ նմանատիպ փաստերն էական հիմք չեն դատողություններ անելու համար, եւ այդպիսի դեպքեր կարող են պատահել ցանկացած այլ կրոնական ուղղության հետեւորդների կամ ընդհանրապես ոչ մի կրոնի չդավանող մարդկանց հետ։ Թեեւ համաձայն չեմ, քանի որ մեկ փաստն էլ բավական է, որպեսզի մարդիկ զգուշանան, սակայն փորձեմ այս աղանդի հակահասարակական դիրքորոշումներն ապացուցել նաեւ տեսական առումով։
Անկեղծ ասած, ես խորությամբ չեմ ուսումնասիրել եհովականների գրվածքները։ Նախ, դա իմ ոլորտը չի, ես աստվածաբան չեմ, եւ երկրորդ, չեմ կարծում, որ դրանց վրա արժե ժամանակ ծախսել։ Այդ դեպքում ինձ կարող են մեղադրել, թե ինչո՞ւ եմ այդքան վստահ հայտարարում, որ նրանք խաբեբաներ են, ընդ որում` վտանգավոր խաբեբաներ, որոնցից պետք է զգուշանալ։ Այդ հարցին ես կարող եմ պատասխանել հարցով՝ իսկ ինչպե՞ս են նրանք մյուս բոլոր կրոնական ուղղություններին եւ դրանց հետեւորդներին անվանում խաբեբաներ եւ սատանային ծառայողներ։ «Լիովին տրամաբանական է, որ պետք է գոյություն ունենա միայն մեկ ճշմարիտ կրոն։ Միանշանակ կարող ենք ասել, որ դա «Եհովայի վկաների» ուսմունքն է» – ահա այսպես են մտածում եհովականները (Watchtower Bible and Tract society of New York, Brooklin, New York, USA, 1989, p.190)։
Այն պնդումը, որ իրենց ուսմունքն ամենաճիշտն է, դատապարտելի չէ, ի վերջո յուրաքանչյուր կրոնական, եւ անգամ փիլիսոփայական ուղղություն համոզված է իր բացառիկության եւ ճշմարտացիության մեջ։ Եհովականների տարբերությունը կայանում է այլ կրոնական ուղղությունների նկատմամբ տածած վերաբերմունքի մեջ։ Ըստ նրանց գաղափարախոսության, մարդիկ գնահատվում են միայն իրենց ուսմունքի հետ ունեցած առնչությամբ։ Մարդկանց ենթարկում են կոպիտ բաժանման՝ երկու խմբերի միջեւ՝ «Աստծո ժողովուրդ» (սրանք բացառապես «Եհովայի վկաներն» են) եւ «սատանայի աշխարհ», այսինքն` մյուս բոլոր մարդիկ։ Ասվածը հիմնավորեմ իրենց իսկ խոսքերով։ «Եհովայի վկաներն» իրոք հանդիսանում են միակ ժողովուրդը, որն առանձնանում է մյուսներից, որպես մաքուր ժողովուրդ» (Watchtower Bible and Tract society of New York, Brooklin, New York, USA, 1990, p.158)։
Եթե ամեն ինչը միայն այսքանով սահմանափակվեր, ապա էլի մի-ինչ տեղ կարելի էր հանդուրժել։ Սակայն եհովականներն ավելի հեռու են գնում՝ նշելով ժամանակակից աշխարհում գոյություն ունեցող բոլոր այլ կրոնների բռնի ոչնչացման անհրաժեշտությունը։
«…դատաստանի օրը մոտենում է… Այո, Եհովան ժամկետ է նշանակել կեղծ կրոնների նկատմամբ դատավճիռ կայացնելու համար» («Դիտակետի աշտարակ» ամսագիր, 01.10.1999, էջ 13-14)։
Կեղծ կրոնները, ըստ եհովականների, բոլոր այլ կրոններն են։ Սա կրոնական թշնամանքի սերմանում է, որն արգելվում է օրենքով։
Ստացվում է պարադոքս, օրենքը տալիս է խղճի եւ դավանանքի ազատության իրավունք, իսկ «Եհովայի վկաները», օգտվելով այդ իրավունքից եւ գործելով դրա շնորհիվ, խախտում են մյուսների այդ իրավունքը (սահմանադրությամբ ամրագրված)` բոլոր մյուս կրոնների հետեւորդներին համարելով անխտիր «վատ», «այլասերված», «սատանայական», եւ սպառնալով ոչնչացման, պատերազմի եւ բնաջնջման վտանգով։
Որպեսզի ասածներս մերկապարանոց չհնչեն, նշեմ հետեւյալը։ 2001 թվականին ՌԴ Արդարադատության նախարարության Մոսկվայի Գլխավոր վարչության պատվերով անցկացվել է փորձաքննություն՝ «Եհովայի վկաների» կրոնական ուսմունքի եւ գործունեության վերաբերյալ։ Եզրակացություններն առանց մեկնաբանության ներկայացնում եմ ձեր ուշադրությանը։ Մինչեւ առաջ անցնելը նշեմ երկու հանգամանք. 1) դատողություններն արված են ՌԴ համար, սակայն դրանք նույնությամբ կարելի է ընդունել նաեւ Հայաստանի օրինակով, 2) յուրաքանչյուր եզրակացությունից հետո տրված էր դրա հիմնավորումը՝ ըստ եհովականների պաշտոնական գրականության աղբյուրների։ Ծավալների մեծ լինելու պատճառով` դրանք ամբողջությամբ տեղ չեն գտել այս հոդվածում, սակայն հետաքրքրվողների համար նշեմ, որ փորձագիտական եզրակացությունն ամբողջությամբ կարող են կարդալ www.stolica.narod.ru/pseudo/jw/112.html ինտերնետային էջում։
Իրենց գործունեության մեջ Եհովայի վկաները հրապարակային հայտարարություններ են անում՝ գոյություն ունեցող կրոնական ուղղություններին եւ նրանց հետեւորդներին մեղադրելով քրեորեն պատժելի արարքների մեջ (խարդախություն, ծայրահեղականություն, պատերազմի կոչեր, սպանություններ եւ այլն), ինչը, իր հերթին, կարելի է որակել որպես զրպարտություն, որը վնասում եւ վարկաբեկում է անհատ անձանց եւ կազմակերպություններին, բարոյական վնաս է հասցնում, եւ վնաս է հասցնում նրանց պատվին եւ գործարար համբավին։
«Հատկանշական է, որ պատմության ընթացքում տեղի ունեցած ամենազարհուրելի արյունահեղությունների համար պատասխանատվություն են կրում համաշխարհային կրոնները… Սակայն պետությունները շարունակում են նախապատրաստել նոր արյունահեղություններ՝ եկեղեցու աջակցությամբ կամ համաձայնությամբ» («Դիտակետի աշտարակ» ամսագիր, 01.02.2000, էջ 17)։
«Մեր օրերում քաղաքականությունը եւ քաղաքական գործիչները նույնացվում են ստի հետ, սակայն արդյոք ձեզ հայտնի՞ է, որ ամենաճարպիկ ստախոսները կրոնական առաջնորդներն են» («Արթնացեք» ամսագիր, 22.02.1997, էջ 18)։
Ազատ տարածվող հրատարակությունների մեջ, առաքելական եւ իբր թե քրիստոնեկան գրականության անվան տակ, հասարակության մի մասի նկատմամբ բռնության, ոչնչացման կոչեր են անում՝ հորինված եւ դատարանում չապացուցված հիմքերով։ Փաստորեն, քարոզում են ցեղասպանության անհրաժեշտություն եւ արդարացիություն՝ «Եհովայի վկաների» նկատմամբ մարդու վերաբերմունքից ելնելով։ Մարդկանց մեջ ուղղակի ատելություն է սերմանվում «Եհովայի վկաներից» դուրս գտնվող ամեն ինչի նկատմամբ։
«Քաղաքական համակարգերը կազմում են սատանայի աշխարհի մյուս կարեւոր մասը։ Այս հրեշանման կառավարությունները իրենց իշխանությունը ստանում են սատանայից… Կազմակերպված մարդկային հասարակությունը սատանայի, հրեշի գլխավորությամբ, իրոք չար է եւ այլասերված։ Եթե դու Աստծո նոր համակարգի մեջ ես (այսինքն` Եհովայի վկա ես.- Բ.Թ.), ապա պետք է հեռու մնաս աշխարհից, այդ թվում, կեղծ կրոններից» («Դու կարող ես ապրել հավերժ, երկրային դրախտում», Watchtower Bible and Tract Society of New York, Brooklyn, New York, U.S.A., 1989, էջ 210-212)։
Ահա թե ինչու են եհովականները մեկուսանում մյուսներից, չեն նշում ոչ մի տոն (Ամանոր, ծննդյան տարեդարձ, Մարտի 8 եւ այլն), չեն շնորհավորում եւ չեն ընդունում շնորհավորանքներ, չեն հայտնում եւ չեն ընդունում ցավակցություններ։ Մի խոսքով, դառնում են ոչ սոցիալական անձինք։
«Եհովայի վկաներ» կազմակերպությունը չի կարելի դիտարկել որպես քրիստոնեական ուղղություն կամ եկեղեցի, իսկ նրանց ուսմունքը չի կարելի նույնացնել քրիստոնեության, քրիստոնեության տարածման կամ Աստվածաշնչի ուսուցման հետ։ Եհովականները աղավաղում են Աստվածաշնչի գրվածքները, համատեքստից ներկայացնում որոշակի արտահայտություններ, ավելացնում կամ կրճատում են բառեր։ Այս ամենի արդյունքում` իմաստը փոխվում է, իսկ անտեղյակ մարդիկ սա ընդունում են ճշմարտության տեղ։
Սպառնալով Ահեղ դատաստանի օրն իրենց սպասվող սարսափելի պատիժներով՝ եհովականները հոգեբանական ազդեցություն են գործում մարդկանց վրա, որը քրեորեն պատժելի է։
Այս եւ նմանատիպ եզրակացությունները՝ իրենց մեկնաբանություններով հանդերձ, շարունակվում են, սակայն բոլորին անդրադառնալու դեպքում հոդվածի ծավալները չափից դուրս մեծ կստացվեին։
Հաջորդ համարում կներկայացնեմ այս հարցին առնչվող տարբեր մարդկանց եւ հենց իրենց՝ եհովականների կարծիքներն այս ամենի մասին։