Պատգամավորի հրաձիգը` մահվան պատճառ

01/11/2011

Հոկտեմբերի 30-ին, ժամը 20:00-ի սահմաններում Հալաբյան փողոցում «Ռենջ Ռովեր» մակնիշի անհայտ համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Արաբկիր վարչական շրջանի բնակիչ Դոնարա Հարությունյանին եւ թողնելով նրան անօգնական վիճակում` դիմել է փախուստի: Արդեն մահացած Դ. Հարությունյանը հայտնվել է թիվ 28 երթուղային տաքսու անիվների տակ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` Դ. Հարությունյանն աշխատում էր Հայաստանի Վերահսկիչ պալատում: Դեպքի վայրում հավաքվածները Գագիկ Շամշյանին պատմել են, որ կինը թիվ 28 երթուղայինի տակ է հայտնվել այն բանից հետո, երբ «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան նրան վրաերթի է ենթարկել եւ հարվածի ուժով շպրտել:

Հոկտեմբերի 30-ին, ժամը 23:30-ի սահմաններում, մեղայականով Ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել 46-ամյա Սմբատ Խաչատրյանը: Գ. Շամշյանի հաղորդմամբ` Ս. Խաչատրյանն աշխատում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության անձի եւ անշարժ գույքի պահպանության բաժնում` որպես հրաձիգ: Ս. Խաչատրյանը որպես հրաձիգ պահպանում էր ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի («Դերժավայի Արկադի») անվտանգությունը: Վրաերթ կատարած «Ռենջ Ռովեր» մակնիշի 05 ՍՍ 500 համարանիշի ավտոմեքենան հայտնաբերվել է եւ տեղափոխվել Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ: