Մարինան, արդեն քանի ամիս է, չի ծիծաղել: Ամուսինն այնպես է ատամնաշարը փշրել, որ ամաչում է նույնիսկ ժպտալ, որպեսզի ջարդված-բացակայող ատամները չերեւան: Մազերից քարշ տալով ծեծելուց նրա մոտ անակնկալ մազաթափություն է սկսվել, տեղ-տեղ համարյա ճաղատացել է: Ասում է` «Եթե մի քանի ամիս առաջ ինձ տեսնեիք` կսարսափեիք` լրիվ քաչալ: Մազերիցս բռնում քարշ էր տալիս, փնջերով մնում էր ձեռքերի մեջ: Էլ դեղ չմնաց, որ չքսեմ գլխիս, հիմա նոր-նոր սկսում ա աճել»: Վերջին անգամ ամուսինն այնպես է քիթ-բերանը ջարդել, որ Մարինան վերցրել է երեք մանկահասակ երեխաներին ու հեռացել մոր մոտ: Մոր տունը Վարդաշենի հանրակացարանի նկուղային հարկում մի «բուն» է, որտեղ տեղաշարժվելը պարզապես անհնարին է, դրա համար էլ 4-ամյա Գեւորգի աչքին կապտուկ կա. խաղալու ընթացքում սեղանի անկյունը մտել է երեխայի աչքը: Յոթ տարվա ամուսնական համատեղ կյանքից զզված ու հիասթափված` Մարինան, աննկարագրելի ծանր տարիներ անցկացնելուց հետո, որոշել է փախչել ամուսնուց. «Փախա մորս տուն: Էլ չէի դիմանում էդ ծեծ ու ջարդին, էնքան ծեծեց` առողջություն էլ չմնաց: Ամբողջ օրը խմում ու հասնում էր վրես: Ի՞նչ իմանայի, որ ալկաշի մեկն ա: Աշխատում, ընկերների հետ ամբողջ օրն ալկաշություն էր անում, իսկ երեխեքիս մի կտոր հացի փող չէր տալիս, սովամահ էին լինում: Էսքան տարի հանուն երեխեքիս խեղդված ապրել եմ, բայց էլ չէի դիմանում»,- ասում է Մարինան, ում երեք երեխաներն ամեն օր ականատես են եղել, թե ինչպես է հայրը դաժանաբար ծեծում մորը: Հեռանալուց հետո էլ ամուսինը պարբերաբար հայտնվել է Մարինայի մոր տանը եւ բռունցքներին ազատություն է տվել: Երեք երեխաների մայրն այլեւս չհանդուրժելով ամուսնու վարքագիծը` դիմել է Ոստիկանություն: Ստորագրությամբ Մարինայի ամուսնուն բաց են թողել, որից հետո նա այլեւս չի անհանգստացնում կնոջն ու երեխաներին: Վախն ու խեղճությունը դաջվել է երեխաներից յուրաքանչյուրի աչքերում: Սառնամանիքին թախտի վրա քնած Գեւորգի բերանից գոլորշի է դուրս գալիս: Ողջ հանրակացարանով մեկ արձագանքում է Գեւորգի խռպոտ հազի ձայնը, ասես 50 տարի անընդմեջ ծխող ծերունու հազ լինի: «Թոքաբորբով հիվանդ ա»,- ասում է Մարինան, ում 4-ամյա որդին մինչեւ հիմա չի կարողանում խոսել:
Հինգ տարեկան Միլենան նույնպես հիվանդ է. նա ցրտից պաշտպանվելու համար մաշված քըրջ ու փալասով էր ծածկվել: Մինչեւ հիմա ամառային կոշիկներով է մանկապարտեզ գնում, դրա համար էլ` անձրեւին սառչել, քարացել ու անկողին է ընկել: Արդեն քանի օր է` ջերմում է: «Պիտի հիվանդանոց տանեմ, բայց պատկերացրեք, որ տրանսպորտի փող նույնիսկ չկա: Մամաս Աշտարակի Ուջան գյուղի խոզաբուծարանում ա աշխատում, խոզերի տակն ա մաքրում: Տասը օր աշխատում ա, տասն օր տանն ա, 15.000 դրամ աշխատավարձ ա ստանում: Սպասում եմ գա, որ երեխուն հիվանդանոց տանեմ»,- ասում է Մարինան, ում հորդորում եմ հիվանդանոց գնալու փոխարեն` պոլիկլինիկայից կանչ գրել: Մարինան ասում է` երբեք չի դիմի պոլիկլինիկա, քանի որ 7 տարեկան Ռիմայի համար պոլիկլինիկայի բժշկին դիմելը եղել է ճակատագրական: «Մեծս` Ռիմաս, կեղեւով դեղձ էր կերել, ամբողջ մարմինը ցան էր եղել: Տարա պոլիկլինիկա, բժիշկն ասեց` ալերգիա ա, բան չկա: Ուժեղ հակաբորբոքային դեղորայք նշանակեց: Բուժումը ստանալուց հետո երեխաս ահավոր վիճակում հայտնվեց: Կանացի սնկային սկսվեց, հետո էլ տեսողությունը սկսեց վատանալ: Տարա Մուրացանի հիվանդանոց, հետազոտեցին ու դեղերը նայելով ասեցին` մեծերի ուժեղ դոզայով հակաբորբոքային են նշանակել, դրանից էլ տեսողությունը վատացել ա, սնկայինն էլ` մի կողմից: Ուժեղ դոզայից աչքերը թարախակալվել էր, ահավոր թարախ էր հոսում: Հիմա ահավոր գլխացավեր ունի: Երեք ու կես ամիս երեխաս հիվանդանոցում պառկեց: Տեղամասային բժշկին ասում եմ` քո սխալ բուժման հետեւանքով երեխայիս մոտ էսպիսի բաներ եղավ: Ասում ա` դա կօգներ իրեն` դա եմ նշանակել»: Առաջին դասարանցի Ռիման հիմա կարճատես է, դպրոցում նստում է առաջին նստարանին, որպեսզի կարողանա գրատախտակը տեսնել: Ասում է` դասերը սովորելիս շատ է դժվարանում: Մի նախադասություն կարդալուց հետո պետք է հինգ րոպեանոց դադար տա, այլապես աչքերն արցունքոտվում, լարվում, կարմրում են: Ռիման կորցրել է լազերային ապակիներով ակնոցը, որի միջոցով աչքերն ավելի հանգիստ էին ու կարդալն էլ հեշտ էր: Մարինան ասում է, որ 10.000 դրամ արժողությամբ ակնոց գնելն այս պահին անհնար է, ինչի պատճառով արդեն երկու ամիս տառապում է այս փոքրիկ աղջիկը: Չնայած դրան` նա սովորում է գերազանց գնահատականներով: «Տանջանքով ա սովորում, բայց երեխես ընդունակ ա, շատ լավ ա սովորում: Դասատուն գիտի, որ պրոբլեմ ունի, շատ ա ընդառաջում: Ես մեկ-մեկ ուրիշների տները մաքրում եմ ու գումար եմ վաստակում: Ամիսը մեկ, երկու ամիսը մեկ մաքրողի կարիք լինում ա: Հիմա տանտերը խոստացել ա, որ գումար ունենալու դեպքում երեխայի ակնոցը կգնի: Սպասում ենք, տեսնենք: Ճիշտն ասած` ինքը շատ ա օգնում մեզ: Պատահում ա` բրինձ, ձավար, բան-ման ա ուղարկում երեխեքիս համար: Հին շորեր էլ մեկ-մեկ տալիս ա»,- ասում է Մարինան, ով ներկայումս աշխատանք գտնելու ելքեր է որոնում: Հիմա փորձում է Միլենային եւ Գեւորգին ընդունել գիշերօթիկ հաստատություն, որպեսզի կարողանա աշխատել: Զանգահարել է Շենգավիթ վարչական շրջանի գիշերօթիկ մանկապարտեզ-դպրոց, որտեղից, սակայն, պատասխանել են, թե` ծանրաբեռնված են, տեղ չունեն այլեւս: Մարինան ասում է` երեխաների խնամքի հարցը լուծելուց հետո նույնիսկ պատրաստ է հավաքարարություն անել, միայն թե մի կտոր հացի գումար վաստակի. «Երեխեքի հարցն ինձ շատ ա խեղճացնում: Եթե պահելու հարցը լուծեմ` ամեն տեսակ գործ կանեմ: Մամաս տասը օրով բացակայում ա, չի կարա պահի: Ճիշտն ասած` մեկ-մեկ, որ տուն մաքրելու գործ լինում ա` երեքին մենակ եմ թողում տանն ու գնում եմ: Բայց փոքր են, շատ անհանգիստ եմ լինում»: Առաջին դասարանցի Ռիման այս ցրտին դպրոց է հաճախում զուգագուլպաներով, իսկ 4-ամյա Գեւորգը հագնում է Մարինայի եղբոր հին շորերը, որոնք ահագին մեծ են ու մանկական չեն: Մարինան վստահեցնում է, որ երեխաների համար հատկացվող աղքատության նպաստը մինչ օրս ստանում է սկեսուրը: Օրեր առաջ «մեծագոհաբար» համաձայնվել է 31.500 դրամ նպաստից 10.000 դրամը հատկացնել երեխաներին: Մարինան ամուսնուց հեռանալուց հետո գիտակցել է, որ դաժան ու ծանր օրեր են սպասվում թե՛ իր, թե՛ երեք երեխաների համար: Սակայն վստահ է, որ ճիշտ քայլ է կատարել, քանի որ երեխաները թեեւ ապրում են ծանր կենսապայմաններում, այդուհանդերձ, գոնե ականատես չեն լինում, թե ինչպես է հայրը դաժան բռնության ենթարկում մորը: Ասում է. «Հարեւաններս շատ են օգնում, լույսի պարտքի համար գումար եմ խնդրում` չեն մերժում, պարտքով հաց եմ խնդրում` տալիս են: Ձեռք են մեկնում` մինչեւ ոտքի կանգնենք: Առայժմ ոտքի կանգնելու հեռանկար չկա, բայց հույս ունեմ, որ երեխաների գիշերօթիկի հարցերը կլուծեմ ու աշխատանք կգտնեմ: Ճիշտ ա, սոված ու ցուրտ օրեր ենք անցկացնում, բայց, հավատացեք, որ ծեծուջարդին էլ չէի դիմանում: Էլ ուժ չունեի: Նա աշխատածը տալիս էր խմիչքին, էնպես որ, սովոր ենք էս պայմաններին»:
Մարինան ամուսնու հետ փախել է 17 տարեկանում: Հիմա այնքան է զղջում, որ նույնիսկ ինքն իրեն չի կարողանում ներել: Եթե կարողանար ժամանակը ետ բերել` հաստատ այդ քայլը չէր կատարի: Ամուսնությունը նրա համար դարձել էր բանտ, որտեղ ռեժիմով ծեծ էր ուտում: Հիմա միակ բանը, որ նրան երջանկացնում է` երեխաներն են: Այն երեք երեխաները, որոնք ծնողների ու աղքատության պատճառով կորցնում են առողջությունն ու վաղվա օրվա ապրելու հույսը: