1992թ. Լոս Անջելեսում հիմնված «ARPA» (Analysis Research and Planning for Armenia) ինստիտուտը, որը Հայաստանի համար գիտական հետազոտություն, ուսումնասիրություն եւ ծրագրավորում է իրականացնում, արդեն 5 տարի է` գիտության ոլորտի նորարարության մրցույթներ է կազմակերպում: Այս տարի մրցույթին ներկայացված 13 հայտերից մրցանակի արժանացավ 5 ուսանող: Հ. Փանոսյանի փոխանցմամբ` աշխարհում սկսված գիտական ճգնաժամի պարագայում պետք է ավելի շատ խրախուսել գիտությամբ զբաղվող ուսանողներին, աջակցել նրանց, որպեսզի նրանց կողմից ստեղծված նորարարությունը վերածվի արտադրանքի: Սակայն այստեղ էլ դժվարությունները քիչ չեն, որոնք, ըստ Հ. Փանոսյանի` պայմանավորված են Խորհրդային Միության ժամանակ ձեւավորված մտածողությամբ:
– Նորարարության ըմբռնումը տարբեր է Հայաստանում եւ Եվրոպայում: Հայաստանում կարծում են, թե երբ գաղափարը հղացավ, դրա դիզայնը կարելի է պատկերել թղթի վրա, մի քանի տող բացատրագիր տալ, եւ ահա` պատրաստ է նորարարությունը: Մինչդեռ դա նորարարություն չէ: Նորարարությունը գաղափարից ավելի պետք է ունենա համակարգչային մոդելավորում, վերլուծություն, ինչպես նաեւ պետք է պատրաստվի դրա նախատիպը, որը պետք է փորձարկվի, աշխարհում եղած նմանօրինակ սարքով պետք է ուսումնասիրվի, այնուհետ այդ սարքի եւ նոր ստեղծված սարքի ամսաթիվը համեմատվեն` փաստելով, որ նորարարությունն, իսկապես, ունի առավելություն առկա բոլոր նմանօրինակ սարքերից: Մեր ստացած նորարարություններից քչերն են, որ լրացնում են այս տվյալները: Եվ կարծում եմ, որ դրա պատճառը Խորհրդային Միության ժամանակաշրջանից եկած ըմբռնումն է: Մենք բազմիցս կազմակերպել ենք դասախոսություններ այն մասին, թե ի՞նչ է նորարարությունը, գյուտարարությունը, եւ ի՞նչ պետք է անել, որ գյուտը վերածվի շուկայական արտադրանքի:
– Իսկ ուսանողների նորարարություններից քանի՞սն են վերածվել շուկայական արտադրանքի:
– Մեր մրցույթին ներկայացված նորարարություններից ոչ մեկը տակավին չի վերածվել շուկայական արտադրանքի: Դա երկար ժամանակ է պահանջում, այսինքն` այնպես հեշտ չէ, ինչպես վերը բացատրեցի: Նորարարությունը շուկայական արտադրանքի վերածելու գործընթացը պայմանավորված է տարբեր քայլերով: Մյուս կողմից, նորարարության լավագույն գաղափարը կարող է եւ չվերածվել շուկայական արտադրանքի` դրա համար շուկա չլինելու պատճառով: Նկատի ունեմ այն, որ մարդիկ կարող է ցանկություն չունենան վճարել լավագույն գաղափարի համար կամ այլ պատճառներով: Իսկ նորարարությունը շուկայական արտադրանքի վերածելու համար պետք է իրականացվեն բազմաթիվ քայլեր: Որպես օրինակ` նշեմ մի նորարարություն` լազերային համակարգը, որը մեկ միլիոներորդ վայրկյանի ժամանակ կարող է չափել ազդանշանը: Այն ավելի ճշգրիտ է, քան աշխարհի նմանօրինակ սարքերը: Իսկ այդ սարքը շուկայական արտադրանքի վերածելու համար կպահանջվի մոտ 10 տարի, եթե նրանք աշխատեն ներկա կազմով, եւ արտադրանքի պատրաստ լինելու համար կպահանջվի մոտ 500 հազար դոլար:
– Չե՞ք կարծում, որ Ձեր նշած նորարարության ըմբռնումը պահանջում է նաեւ տեխնիկական ռեսուրսներ, որոնք փաստացի մեր համալսարանները չունեն:
– Ճիշտ դիտարկում է: Ոչ միայն դա է պակասում, այլեւ համապատասխան մասնագետներ ու դասագրքեր չկան արդյունաբերության, ճարտարագիտության ոլորտներում, կամ եթե կան, ուրեմն` քիչ է նրանց թիվը: Պատճառները շատ են, եւ ՀՀ Կառավարությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի երիտասարդ սերնդին: Որքան տեղյակ եմ, Հայաստանում գիտության ֆինանսավորումն ավելանում է տարեցտարի: Իհարկե, հուսալի երեւույթներ կան, բայցեւ պետք է հասկանալ, որ ամեն բան չէ, որ դոլարով է լուծվում: Շատ հաճախ հանդիպում եմ մարդկանց, ովքեր հազար պատճառ են նշում որեւէ նախագիծ իրականացնելու համար: Բողոքներ ու դժգոհություններ միշտ կան, եւ պակասում է նաեւ այն ըմբռնումը, որ մարդ պետք է սեփական ջանքերով իրականացնի իր նախագիծը, եթե, անշուշտ, ունի դրա փափագը: Դա նման է հայաստանյան այն իրականությանը, երբ բնակարանը գեղեցիկ է, բայց սարսափելի տգեղ ու կեղտոտ է շենքը: Կարծես պակասում է սեփականատիրոջ իրավունքով երկրին վերաբերվելու մոտեցումը:
– Իսկ ինչպե՞ս կարող է գիտնականը կիրառական արդյունք տալ (դա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի պահանջն է), երբ երիտասարդ գիտնականի միջին աշխատավարձը կազմում է 32.500 դրամ: Այդ պարագայո՞ւմ էլ գումարը կարեւոր չէ:
– Կարծում եմ` պետք է չմոռանալ, որ մեր երկիրը դեռեւս պատերազմական հրադադարի մեջ է, եւ պետք է պատրաստ լինենք ամեն պահ պատերազմի վերսկսման: Միեւնույն ժամանակ` դա արդարացուցիչ պատճառ չէ գիտությունը անուշադրության մատնելու համար: Իշխանությունները հայտարարում են, թե այսպես ասած` գիտության հետ են, կանգնել են գիտնականի կողքին, այնինչ իրականությունն այլ է: Ամիսներ առաջ Լոս Անջելեսից դիմում գրեցինք վարչապետին, որպեսզի նա հանձնի նորարարության մրցույթի մրցանակները: Մեկ ամիս պահանջվեց` մինչեւ ստացա նրանց պատասխանը, որը ժխտական էր: Վարչապետը 15 րոպե ժամանակ չուներ, որ կարողանար գալ եւ ուսանողներին հանձնել մրցանակները: Սա ընդունելի չէ, եթե իրենք, ինչպես ասում են, ցանկանում են քաջելերել նորարարությունը մեր երկրում, ապա այդ խոսքերը պետք է կրեն նաեւ գործնական բնույթ: Անգամ ՀՀ նախագահը ժամանակ գտավ «Սինոփսիս» ընկերության կողմից անցկացվող մրցույթի մրցանակները հանձնել, մինչդեռ վարչապետը ժամանակ չգտավ` համալսարանական ուսանողներին քաջալերելու համար: Զարմանալի եւ անհասկանալի էր ինձ համար վարչապետի նման արձագանքը, այն դեպքում, երբ անմիջապես նրանից եմ լսում, որ Հայաստանը պետք է դառնա նորարարության կենտրոն: Փաստորեն, իրականությունը փաստում է հակառակը:
– Ի վերջո, ինչո՞ւ է գիտությունն անընդհատ հետընթաց ապրում մեզանում, կամ ինչո՞ւ ենք շարունակում գիտության մասին խոսել անցյալ ժամանակով:
– Բացառություններ շատ կան: Օրեր առաջ Երեւանի պետական համալսարանում ծանոթացա մի գիտնականի հետ, ով իր լաբորատորիան հիմնել է սեփական նախաձեռնությամբ ձեռք բերած դրամաշնորհների միջոցով, այսինքն` գիտնականը պետք է ակտիվ լինի, ծանրանա իր գործին, եւ այլեւս չնստի ու սպասի Կառավարությանը: ԱՄՆ-ը ունի ռազմավարություն գիտության նկատմամբ, բայց գիտությունն ավելի շատ կառավարվում է սեփական համալսարանների կողմից, ինչպես, օրինակ, MIT-ը, որ, թերեւս, աշխարհի ամենանշանավոր ճարտարագիտական համալսարանն է, իր հետազոտություններով օրինակ է ծառայում ամերիկյան մյուս համալսարանների համար: Պետությունն ունի հստակ ռազմավարություն, գումարներ է ծախսում գիտության ուղղությունների համար, ինչպես ասենք` NASSA-ի, TARPA-ի ստեղծումը, որոնք մեծ դեր են խաղում գիտության զարգացման համար, բայց մյուս կողմից` գիտության զարգացման համար սեփական համալսարանները կատարում են մեծ դեր: Այսինքն` մասնագետները պետք է միություններ, խմբեր կազմեն` փորձելով բարելավել իրենց վիճակը, հակառակ դեպքում` կարող են դարերով սպասել Կառավարության աջակցությանը: ԱՄՆ-ում մենք հավատում ենք, որ Կառավարությունը խոչընդոտում է առաջադիմությունը, եւ դրական արդյունք ավելի շատ տալիս են սեփական միջոցները: Ամենաճիշտ ձեւը հասարակական կազմակերպությունների աշխատանքը քաջալերելն է: Դա է միայն այն կարեւոր խթանը, որ կարող է ինչ-որ բան փոխել հայաստանյան իրականության մեջ, այլ կերպ ասած` բողոքելուց կամ Կառավարությանը վստահելուց օգուտ չկա: Ի վերջո, յուրաքանչյուր մարդ պետք է մտածի, որ այս երկիրը բարելավելու դեպքում բարելավում է նաեւ իր կյանքը: Երբ այս հասկացողությունը տարածվի Հայաստանում, դրական շատ տեղաշարժեր կարձանագրենք: