Բուժիչ նամակներ

01/11/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Ոսկե աշնան ծաղիկ` քրիզանթեմ

Քրիզանթեմը հնագույն ժամանակներից իշխանության խորհրդանիշ է եղել. 16 ծաղկաթերթ ունեցող դեղնաոսկեգույն ծաղիկը պատկերված է Ճապոնիայի Միկադոյի անձնական կնիքի վրա։ Ճապոնիայի բարձրագույն պետական պարգեւներից մեկը Քրիզանթեմի շքանշանն է, այն պատկերված է երկրի պետական էմբլեմի եւ դրամի վրա։

Քրիզանթեմը ճապոնացի կամիկաձեների նվիրվածության եւ անձնազոհության խորհրդանիշն է եղել։

Քրիզանթեմը Chrysanthemum աստղածաղկավորների ընտանիքի բույս է։ Եվրոպայի եւ բարձրլեռնային եւ ալպիական գոտիներում հանդիպում է C.Alpinum տեսակը, որը մշակվում է ալպինարիումներում, դրա արտաքին ծաղկաթերթերը սպիտակ են, իսկ ներքինները` դեղին խողովակաձեւ։ Ժամանակակից տեսակները ստացվել են հնդկական եւ չինաճապոնական C.Cindicum եւ C.morifolium տեսակներից, սելեկցիոն աշխատանքների հետեւանքով որոշ տեսակների մոտ խողովակաձեւ ծաղիկները բացակայում են, իսկ եզրային լեզվակավոր ծաղկաթերթերի թիվը մեկ ծաղիկի վրա կարող է լինել 70-ից ավելի։ Քրիզանթեմ թարգմանաբար նշանակում է` ոսկեգույն, այն ծաղկում է օգոստոսի վերջից, դիմանում սառնամանիքներին եւ երբեմն կարող է ուրախացնել իր բազմերանգ գույներով եւ բուրմունքով նույնիսկ ծննդյան օրերին։

Քրիզանթեմը ոսկե աշունի զարդն է համարվում։ Ճապոնիայում մինչեւ մեր օրերը պահպանվել է մի ավանդույթ, երբ երեկոյան բացված ծաղիկը ծածկում են կտորով եւ առավոտյան դրա վրա իջած բուրումնավետ ցողով մաքրում դեմքը։ Ըստ հին հավատալիքների` այս արարողությունը պարգում է առողջություն եւ երկարակեցություն։ Եվրոպայում քրիզանթեմը սկսել են մշակել 18-րդ դարում` որպես դեկորատիվ բույս այգիները եւ բնակարանները զարդարելու համար։ Տարածված է C.carinatum տեսակը, որն առատորեն ծաղկում է ամռանը, այն ցածր բույս է, որը հարմար է տնային պայմաններում աճեցնելու համար։ Հայտնի է, որ ճապոնացիները երկիր մոլորակի ամենաերկարակյաց բնակիչներն են, հետաքրքիր է, որ նրանց սննդակարգի անբաժան մասն է կազմում նաեւ քրիզանթեմը։ Այս հրաշալի բույսի մեջ պարունակվում են բազմաթիվ օգտակար նյութեր` բետա-կարոտին, կալիում, կալցիում, ֆոսֆոր, նատրիում, երկաթ։ Ծաղիկները եւ տերեւները հարուստ են ածխաջրերով, ճարպով, պրոտեինով, պարունակում են նիկոտինաթթու, B խմբի այլ վիտամիններ, ասկորբինաթթու, ֆլավոններ, միայն բույսին բնորոշ գլյուկոզիդ եւ եթերային յուղ։

Ուտելի քրիզանթեմն ունի տերեւաբանջարային բույսերին բնորոշ հատկություններ, պարունակում է քլորոֆիլ եւ օգտագործվում է բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման եւ բուժման համար։ Բուժիչ նպատակներով օգտագործում են փոքր ծաղիկներ ունեցող քրիզանթեմի տեսակները։ Բույսից ստացված եթերային յուղերը շատ երկրներում օգտագործում են Պարկինսոնի հիվանդության զարգացումը դանդաղեցնելու համար։ Հիվանդն ամեն օր մի քանի անգամ պետք է տրորի մատներով բույսի տերեւիկը եւ խորը շնչի տարածվող հաճելի դառնահոտությունը։

Քրիզանթեմը կիրառվում է ստամոքսի եւ աչքի հիվանդությունների, միգրենի, ալկոհոլիզմի, ոսկրախտի դեպքում։ Ունի նաեւ լուծողական, ախորժակը լավացնող հատկություն։ Ժողովրդական բժշկության մեջ քրիզանթեմի թարմ ծաղկաթերթերն օգտագործվում են մրսածության, վերքերի, ուռուցքների, գլխացավի բուժան համար։

Կորեացիները հնագույն ժամանակներից օգտագործել են ծաղկաթերթերը` որպես միզամուղ, ջերմությունն իջեցնող միջոց եւ արեւահարման դեպքում։ Այդ երկրում պատրաստում են բրենդային ուտեստ, որը ստացել է «Կորեական աղցան» անվանումը։ Այն պատրաստվում է հետեւյալ ձեւով.

– 1 ճ/գ հոտավետ տաքդեղի հատիկները դաղեք 1 ճ/գ բուսայուղի մեջ, առանձնացրեք հատիկները, բուսայուղին ավելացրեք մեկական ճ/գ ռաֆինացված շաքար, քացախ, քնջութի յուղ, եւ 1 թ/գ աղ։ 1 կգ լոբու ծիլը առանձնացրեք սերմից, լվացեք։ 1-2 րոպե իջեցրեք եռջրի, ապա նախօրոք եռացրած-սառը ջրի մեջ, ճզմեք քամիչի վրա, ավելացրեք համեմունքային սոուսը, խառնեք։ Աղցանը զարդարեք քրիզանթեմի (40 գ) ծաղկաթերթերով (որը 20 րոպե պետք է նախապես թրջեք սառը ջրում)։

– Քրիզանթեմի տերեւները մթերելուց առաջ չորացնում են օդափոխվող ծածկի տակ։ Մթերված հումքը ավելացնում են ուտեստներին, մատղաշ, թարմ տերեւները նույնպես ավելացնում են աղցաններին, ուտում են ինչպես հում, այնպես էլ եփված վիճակում։ Սննդի մեջ օգտագործում են նաեւ բողբոջները։ Արեւելքում հարգի է քրիզանթեմի գինին.

– 60 գրամ մանրացրած ծաղիկներին ավելացրեք 600 մլ սպիտակ գինի, 90 գ ռաֆինացված շաքար։ Կիպ փակեք տարան եւ 12 ամիս պահեք սառը, հով տեղում, որից հետո քամեք ոգեթուրմը։ Ծաղիկները ճզմեք, իսկ հեղուկը կրկին զմռսեք տարայի մեջ, պահեք եւս 12 ամիս։ Գինին խմում են 20-30 մլ, օրը 2-3 անգամ։ Բուժման ժամկետը 3 ամիս է, ընդմիջումը` 1 ամիս։

Հակացուցված է սրտային անբավարարության, մրսածության, գրիպի, մարսողության խանգարման դեպքում, հղիներին։

Գինին երիտասարդացնում է բջիջները, պայծառացնում ուղեղը, սրում տեսողությունը։ Կարող եք խմել 40-50 մլ, քնելուց 2-3 ժամ առաջ (պետք է հետեւեք ճնշմանը` հիպերտոնիայի դեպքում)։

Դեղատոմսեր

Դիմադրողականությունը բարձրացնող միջոց.

1 թ/գ քրիզանթեմի ծաղկաթերթերը թրմեք 200 մլ եռջրի մեջ 1 ժամ, խմեք 50-ական մլ, սնվելուց

1 ժամ անց։ Թուրմն օգտակար է հասարակ հերպեսի, պարկինսոնի հիվանդության, դեղնախտի, գլխացավի, ականջներում աղմուկի դեպքում։

Պարոդոնտոզ. 2 թ/գ տերեւները թրմեք 200 մլ եռջրում, քամեք, կատարեք ողողում։

Ցավ ծնկներում. Մանրացրեք 2 խոշոր քրիզանթեմի ծաղիկը, 24 ժամ թրմեք 100 գ (գոլացրած, հեղուկ) մեղրի մեջ։ Քնելուց առաջ խառնուրդն ամրացրեք ծնկներին։

Ոսկրախտ. Հարեք 1 ճ/գ թարմ, մանրացրած ծաղկաթերթերը 100 գ թթվասերի հետ, բաժանեք 3 մասի, կերեք առավոտյան, ցերեկը եւ երեկոյան։ Օգտակար է նաեւ մրսածության դեպքում։

Օրգանիզմը մաքրող, հակաուռուցքային միջոց. Խառնեք կեսական թ/գ քրիզանթեմի եւ լորենու չորացրած, մանրացրած ծաղիկները։ Թրմեք 200 մլ եռջրի մեջ մինչեւ հովանալը, բաժանեք 2 մասի, խմեք առավոտյան եւ երեկոյան։ Թուրմն ունի միզամուղ, քրտնաբեր հատկություն։

Ձեռքերի դող (տրեմոր). Թրմեք քրիզանթեմի 5 ծաղկաթերթերը 400 մլ եռջրի մեջ։ Կատարեք ձեռքերի լոգանք գոլ թուրմով մինչեւ հովանալը։