Զրուցելով «Ռադիո Վանի» տնօրեն Շուշանիկ Արեւշատյանի հետ, սկսում ես կյանքին ավելի սթափ հայացքով նայել: Նա այն հազվադեպ սթափ հայ կանանցից է, որ ոչ թե լացակումած ապրում է հանուն իր երեխաների, այլ ապրում է իր երեխաների հետ՝ միշտ դեպի առաջ նայելով:
– Ո՞ւմ մտահղացումն է ռադիոյի ինտերնետային կայքի մարտական ոգու գաղափարը:
– Ամեն ինչում նորություն է պետք, քանի որ մարդիկ միշտ նույն բաներից ձանձրանում են՝ լինի դա ինտերնետային կայք, թե տան կահույք: Այս անգամ մեր ինտերնետային կայքը նվիրված էր Մեծ Հաղթանակի 60-ամյակին: Երկրորդն էլ՝ մենք բոլորս զինվոր ենք, պարզապես ծառայում ենք մեր ռադիոլսողներին:
– Ասում եք, որ ռադիոյի ստեղծումը Ձեզ համար երազանք էր, որին շատերը, հատկապես տղամարդիկ, թերահավատությամբ էին վերաբերվում: Իսկ այսօր այդ նույն մարդիկ ինչպե՞ս են գնահատում Ձեր աշխատանքը:
– Այո, շատերը քամահրանքով էին վերաբերվում իմ այդ գաղափարին: Ես մի անգամ կարդացի, որ ռադիոն ստեղծում են մարդկանց երեք կատեգորիա՝ քաղաքական գործիչները, գործարարները եւ ավանտյուրիստները, իհարկե, այս բառի լավ իմաստով: Ես ինձ դասում եմ երրորդների շարքին: Մարդ, որը երազանքից ու նպատակից բացի` չունի ոչինչ եւ, հաղթահարելով բոլոր խոչընդոտները, գնում է առաջ ու հանկարծ տեսնում, որ ստացվեց այն, ինչին ձգտում էր: Դեռ շատ փոքրուց նպատակասլաց եմ եղել: Եթե մարդ նպատակ է դնում, պետք է աշխատի հասնել դրան, այսինքն այդ ճանապարհին չի կարելի հուսահատվել, հոգնել, կամ եթե հոգնել, ապա նորից վեր կենալ ու շարունակել: Ես հիշում եմ, դպրոցում ֆիզիկա առարկայից շատ թույլ էի եւ չէի հասցնում: Ու մի օր ուսուցիչս ինձ ասաց. «Լավ, անցնենք առաջ, միեւնույն է, դու չես կարողանում»:
Ես այդ արտահայտությունից շատ վիրավորվեցի եւ մտածեցի, թե ի՜նչ մի դժվար բան է ֆիզիկա սովորելը: Ու երկու ամիս գիշեր ու ցերեկ ֆիզիկա կարդալուց հետո` ապացուցեցի ուսուցչիս, որ ինքը սխալ է: Նույնն էլ եղավ ռադիոյի ստեղծման ժամանակ: Մոսկվայում ասպիրանտուրան փսիխոլինգվիստիկա մասնագիտությամբ ավարտելուց հետո գիտական աշխատանք էի գրում, որի գործնական կիրառումը ռադիոն էր: Երբ Մոսկվայից վերադարձա, մեր ամբիոնը պոլիտեխնիկական ինստիտուտում փակվել էր: Այդ ժամանակ ծնվեց ռադիոյի գաղափարը: Չկային ֆինանսներ, չկային աջակցողներ, կար միայն մերկ ցանկություն, ռադիո ստեղծելու երազանք: Իհարկե, արդեն այդ ժամանակ իմ կողքին կային մարդիկ, որոնք մինչեւ օրս էլ իմ կողքին են: Շատերը, ումից ես խորհուրդ էի հարցնում կամ օգնություն էի խնդրում, ծիծաղելով էին լսում եւ միայն մի բան էին ասում. «Դե լավ, հիմա կին է, էլի, թող խոսի»: Ես հիշում եմ, որ ռադիոյի մասին խոսակցություններով ձանձրացրել էի իմ շրջապատի մարդկանց: Ցանկությունս կարող եմ համեմատել միայն երեխա ունենալու ցանկության հետ: Հետո, երբ ամեն ինչ ստացվեց, նույն այդ տղամարդիկ ներողություն էին խնդրում՝ ասելով, որ իրենք այսուհետեւ իրենց կարծիքը կփոխեն կանանց հանդեպ, եւ նույնիսկ իրենք էին խորհուրդ հարցնում ինձանից, իսկ ես ինչով կարող էի՝ օգնում էի:
– Երբեւէ կանացի ինտուիցիան Ձեզ խաբե՞լ է:
– Ես շատ կցանկանայի մեկ անգամ սխալվել: Կենդանակերպի նշանով Կարիճ եմ, իսկ Կարիճների մոտ ինտուիտիվ զգացողությունը մեծ է: Հիմնականում առաջնորդվում եմ իմ ներքին զգացողությամբ, որն ինձ երբեք չի խաբել:
– Լինելով ղեկավար կին, տղամարդկանց հետ պրոբլեմներ չե՞ք ունենում:
– Մեզ մոտ՝ ռադիոյում, դեմոկրատիա է, ոչ ոք ոչ ոքի չի ենթարկվում, մի խոսքով, մեր կոլեկտիվը ուտոպիստական կոմունիզմի լավ օրինակ է: Մենք հավաքվում, մտքեր ենք փոխանակում, հետո ես հաճախ կատակով ասում եմ՝ «Մենք խորհրդակցեցինք, եւ ես որոշեցի»: Բայց այդ որոշումը միայն իմ որոշումը չէ, դա բոլորի կարծիքների հավաքական տարբերակն է:
– Հաջողվո՞ւմ է լինել եւ բիզնես լեդի, եւ տնային տնտեսուհի:
– Պետք է ասեմ, որ դա ամենաբարդն է: Ես համարում եմ, որ ամենաերջանիկ կինն այն կինն է, ով իր կողքին ունի իրեն հասկացող ամուսին ու սիրելի աշխատանք: Կինը պետք է ազատ լինի իր գործողություններում, իսկ տղամարդն էլ պիտի հասկանա, որ ազատությունը պոռնկություն չէ: Դժբախտաբար, մեր իրականության մեջ նման տղամարդիկ քիչ են, որովհետեւ մեր հոգեկերտվածքը թույլ չի տալիս, որ հայ տղամարդը կանգնի այդ դիրքերում: Ես ամուսնալուծված եմ, իսկ թե ինչու, որովհետեւ ամուսինս այն տղամարդը չէր, որը հասկանար, որ ես ունեմ իմ ներաշխարհն ու իմ բնույթը, ու այն չի կարելի կոտրել: Աստված մեզ ստեղծել է որպես ազատ մարդիկ, մենք ծնվում ենք մենակ ու մահանում ենք մենակ: Ես իմ բնույթով ազատ մարդ եմ ու հիմա շատ հանգիստ եմ, որովհետեւ սթրեսային վիճակների մեջ չեմ հայտնվում: Ապրում եմ երեխաներիս ու ծնողներիս հետ, շատ հաշտ ու համերաշխ: Պարզապես այնքան ժամանակ չեմ հատկացնում երեխաներիս, որքան որ ես կցանկանայի: Ես գտնում եմ, որ երեխաները պետք է տեսնեն երջանիկ ու անհոգ մայր, այլապես նրանք ճիշտ չեն արժեւորի կյանքը:
– Դուք Ձեր տղային կնամեծա՞ր եք դաստիարակել:
– Ես շատ ցանկանում եմ, որ նա այդպիսին լինի: Ես ուզում եմ, որ նրա կինը ինձ շնորհակալություն հայտնի լավ մարդ դաստիարակելու համար: Երեխաներս տեսնում են, որ ես ազատ մարդ եմ, եւ երբեւէ չեմ հիշում, որ նրանց «չի կարելի» ասած լինեի: Երբ փոքր էի, մայրս ինձ ամեն ինչ ասում էր «չ» նախածանցով՝ չի կարելի, չնայես, չմտածես, ձեռք չտաս, եւ այլն, ու ինձ թվում էր, թե նրա բառապաշարում առանց «չ»-ի բառ չկա: Ու քանի որ դա ես իմ մաշկի վրա եմ զգացել, երեխաներիս դաստիարակել եմ ճիշտ հակառակ ձեւով: Ես միշտ ասում եմ, որ ոչ թե ապրում եմ հանուն երեխաներիս, այլ ապրում եմ նրանց հետ, այսինքն` մենք առաջ ենք գնում ձեռք ձեռքի տված: Ես ուզում եմ, որ նրանք չվախենան ազատ մտածելուց: Մենք՝ հայերս ճիշտ չենք դաստիարակում մեր երեխաներին: Հատկապես աղջիկներին շատ փակ ենք պահում, եւ 18 կամ 19 տարեկան աղջիկն ամուսնանալուց ու հագնվելուց այն կողմ ոչինչ չի տեսնում: Ես չեմ հասկանում այն ծնողներին, ովքեր հսկում են երեխայի յուրաքանչյուր քայլը, ստուգում են նրան: Վերջապես ամեն մեկն ունի իր կյանքն ու ճակատագիրը, եւ մենք չենք կարող փոխել կամ տնօրինել այն: Ճակատագիրն, իմ կարծիքով, սա է. եթե պատից ձիու նկար է կախված, մեր առաքելությունը պետք է լինի այդ ձիուն գունավորելը, բայց մենք չենք կարող ձիու փոխարեն կոկորդիլոս նկարել:
– Իսկ խոհանոցում հասցնո՞ւմ եք լինել:
– Շատ եմ սիրում համեղ ուտել: Առհասարակ ուտելը հայերի մոտ ծիսակատարության նման մի բան է: Ուրիշ ազգերի ներկայացուցիչներն ուտում են քաղցը բավարարելու համար, իսկ մենք ճաշին երկար նախապատրաստվում ենք: Օրինակ, ես չեմ սիրում պատրաստել տոլմա կամ այլ հասարակ ճաշատեսակ: Դեռ տատիկիցս եկած, կիրակի օրերին մեր տան ճաշը տոնական է լինում, եւ դա դառնում է ծիսակատարության նման մի բան՝ անպայման սպիտակ սփռոցով ու մոմերով: Սիրում եմ նոր կերակրատեսակներ պատրաստել ու ընկերներիս ճաշի հրավիրել, իսկ հետո էլ հաճույք ստանալ «ինչ համեղ ես պատրաստել» խոսքերից: