ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ իր խոսնակի միջոցով հերթական հերքում-մեկնաբանությունն է տարածել: Այս անգամ պարզաբանման կարիք է ունեցել նրա` ով ՀՀԿ-ի հետ է` կշահի, ով ոչ` կհայտնվի կոտրած տաշտակի առջեւ, չորեքշաբթի օրը ԱԺ-ում արած հայտարարությունը: Տ. Սարգսյանի խոսնակի տարածած հաղորդագրության համաձայն` «շատերն են փորձում նենգափոխել վարչապետի խոսքերը եւ ուղղել դրանք կոալիցիոն գործընկերներին` այն դեպքում, երբ խոսքը ՀՀ նախագահի շուրջ համախմբվելու մասին էր եւ ուղղված էր քաղաքական դաշտի բոլոր այն ուժերին, որոնք երկիրն առաջ մղելու նախաձեռնություններում համագործակցելու փոխարեն` ինքնանպատակ պայքար են ծավալում: ԲՀԿ-ն մեր կոալիցիոն գործընկերն է, եւ հարկ չկա հորինվածքներ շրջանառել մի բանի մասին, որը ոչ միայն անհեթեթ է, այլեւ ուղղակի սուտ է»: Չնայած ՀՀԿ եւ ԲՀԿ ներկայացուցիչների պնդումներին, թե` նույն օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քննարկել են բացառապես օրինագծերի վերաբերյալ հարցերը, այնուամենայնիվ, մեր աղբյուրների փոխանցմամբ` քննարկման հիմնական թեման եղել են ՀՀԿ-ԲՀԿ շուրջ տարածված խոսակցությունները: Նույն աղբյուրի փոխանցմամբ` Աբրահամյանն ու Ծառուկյանը դժգոհել են Տիգրան Սարգսյանից` հորդորելով զերծ պահել նրան քաղաքական հայտարարություններից, որն, ըստ ՀՀԿ կանոնադրության եւ ի պաշտոնե` իր իրավասության շրջանակներում չէ: