Պրծել ա

29/10/2011

Երեկ Ազատության հրապարակում կայացել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքը, որը կարելի է իրավամբ բեկումնային համարել: Ընդհուպ մինչեւ երեկ (մինչ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը), ՀԱԿ-ը հայտարարում էր, թե պայքարում է արտահերթ ընտրությունների անցկացման համար` հերթական ընտրություններից նույնիսկ մեկ օր առաջ արտահերթ ընտրությունների իրագործումը համարելով սկզբունքային հարց: Երեկ, սակայն, ՀԱԿ առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանը վերջապես խոստովանել է, որ ՀԱԿ-ն իրականում պատրաստվում է առաջիկա հերթական ընտրություններին: Այն, ինչ ակնհայտ էր երկխոսության մեկնարկի առաջին իսկ օրվանից: «Անզեն աչքով իսկ նկատելի է, որ ՀՀ ներքաղաքական պայքարը թեւակոխում է վճռական, այն է` նախընտրական փուլ: ՀԱԿ-ը, անշուշտ, շարունակելու է ամեն ինչ անել արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, բայց քանի որ դա միայն մեզանից կախված չէ, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման: Եթե, հակառակ գործադրված բոլոր ջանքերին, այնուամենայնիվ, առաջիկայում չհաջողվի հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, իսկ քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ, ապա ՀԱԿ-ը պետք է ձգտի ԱԺ-ում ապահովել այնպիսի ծանրակշիռ ներկայություն, որն, առանձին կամ այլ ուժերի հետ կազմած դաշինքով, ի վիճակի լինի անմիջապես բարձրացնելու նրա պաշտոնանկության, կամ այլ կերպ ասած` իմպիչմենթի հարցը: Անկախ, սակայն, իրադարձությունների անկանխատեսելի զարգացումից, քանի որ ասվեց, որ երկրի քաղաքական կյանքն արդեն թեւակոխել է նախընտրական փուլ, մենք պարտավոր ենք այսօրվանից եւեթ լրջորեն զբաղվել առաջիկա ընտրությունների օրինականության ապահովման մեխանիզմների կատարելագործման հարցով»,- հայտարարել է Լ. Տեր-Պետրոսյանը:

Այսպիսով, ՀԱԿ-ը գոնե ազնվություն ունեցավ իր համակիրներին խոստովանելու, որ այլեւս ի վիճակի չէ իրագործել այն առաքելությունը` իշխանափոխությունը, որի համար հասարակությունից մանդատ էր ստացել 2008թ.: Այսինքն` մի կողմ թողնենք հանրահավաքի հռետորաբանությունը, կարող ենք արձանագրել, որ ՀԱԿ-ը երեկ հայտարարեց 2012թ. ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավին իր մասնակցության մեկնարկի մասին: Իսկ «ԱԺ-ում ծանրակշիռ ներկայություն ապահովելու միջոցով Սերժ Սարգսյանի իմպիչմենթի հարցն անմիջապես բարձրացնելը»` արդեն դառնում է սովորական նախընտրական խոստում, ինչպես, ասենք` ավանդների վերադարձը կամ երկրում ծնելիության խթանումը: Դժվար չէ կռահել, թե ինչպիսին կլինի իշխանությունների վերաբերմունքը ՀԱԿ-ի` հերթական ընտրություններին մասնակցելու պատրաստակամությանը, քանի որ, եթե Լ. Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթից հանենք արդեն սովորական դարձած «ավազակապետական» որակումները, իրականում այն կարծես իշխանությունների` համագործակցության առաջարկին ուղղված պատասխան լինի: «ՀԱԿ-ը բազմիցս հայտարարել եւ այսօր էլ հայտարարում է, որ իր նպատակը ոչ թե սոսկ իշխանության հասնելն է, այլ արդար ընտրությունների միջոցով օրինակարգ իշխանության ձեւավորումը, եւ որ այդ պարագայում պատրաստ է առաջինը շնորհավորել հաղթողին»,- երեկ ասել է Լ. Տեր-Պետրոսյանը` ըստ էության, վերջնականապես ուրվագծելով առաջիկա ոչ միայն ԱԺ, այլեւ նախագահական ընտրություններում ՀԱԿ-ի դերակատարությունը: Մնում է միայն պարզել, թե քանի խորհրդարանական մանդատ արժե 2013թ. Սերժ Սարգսյանին շնորհավորելու պատրաստակամությունը: ՀԱԿ-ի վերջին շրջանի գործունեությունը ցույց է տալիս, որ առաջիկայում այդ «ծառայությունը» կարող է կամ ընդհանրապես արժեզրկվել, կամ, լավագույն դեպքում, ՀԱԿ-ին ապահովել «ծանրակշիռ փոքրամասնություն» 2012թ. հերթական ընտրություններում ձեւավորվելիք ԱԺ-ում: