Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը:
Հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանն իր խոսքը սկսեց` անդրադառնալով 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը` ասելով. «Մենք պետք է հասկանանք, հանուն ժողովրդավարության, հանուն ազատ եւ երջանիկ Հայաստանի համար պայքարելով` մենք պայքարում ենք 1999թ. հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների դեմ, որովհետեւ հենց այդ մարդիկ են զրկել Հայաստանը զարգացման հեռանկարից»: Ն. Փաշինյանը վստահ է, որ հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները կանգնելու են ժողովրդի դատաստանի առաջ` այնպես, ինչպես «դատաստանի առաջ կանգնեցին Մուբարաքը, Բեն Ալին, Քադաֆին»: ՀՀՇ վարչության նախագահ Ա. Մանուկյանն` անդրադառնալով մարդահամարին, ասաց. «Գեղի կլուբի նման մարդահամար են արել, թվեր են նկարել, եւ կան մարդիկ, ովքեր չեն էլ հաշվառվել»: Նա դարձյալ հայտարարեց, որ իրենց կարգախոսը դարձյալ մնում է Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ այն քաղաքական ուժերը, ովքեր չմիանան իրենց, ապա, ըստ Ա. Մանուկյանի` «Սերժ Սարգսյանի հաճախորդներն են»: «ՀԱԿ-ը հստակ դիմում է բոլոր քաղաքական ուժերին, որ կողմնորոշվեն` կամ Սերժ Սարգսյանի դեմ են եւ պահանջեն նրա հրաժարականը, կամ էլ ասեն, որ իրենք Սերժ Սարգսյանի հաճախորդն են»,- ասաց Մանուկյանը:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ իր ելույթում անդրադարձավ ՀԱԿ-կոալիցիա ընդհատված երկխոսությանը, հանրահավաքների օրը Երեւան բերող ճանապարհների փակմանը` ասելով, որ եթե իշխանությունները շարունակեն ճանապարհները փակել նաեւ հանրահավաքի մյուս օրերին, ապա ՀԱԿ-ը կգնա մարզեր` ժողովրդի մոտ: «Կգնանք Նոյեմբերյան ու կգնանք մինչեւ Մեղրի ու բոլորիդ կկանչենք այստեղ: Ես հավատում եմ, որ այդ օրը հեռու չէ, ու այդ օրը տեղի կունենա ՀԱԿ-ի մինչ այդ կազմակերպած ամենամեծ հանրահավաքը, ու այդ օրը իշխանությունը կխնդրի երկխոսել մեզ հետ, բայց այդ ժամանակ դուք կորոշեք: Կգա այդ օրը, ու դուք կորոշեք` դուք մեծահոգի ժողովուրդ եք»,- դիմելով ժողովրդին` ասաց Ա. Սարգսյանը:
Իսկ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն իր խոսքում նշեց, թե 1999թ. հոկտեմբերի 27-ին գնդակահարվեց ժողովրդի մեջ արթնացած հույսը: Նրա հավաստմամբ` Կոնգրեսը հետամուտ է լինելու հոկտեմբերի 27-ի ոճրագործության մեղավորների բացահայտման գործում:
Իսկ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում խոսեց առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին` ասելով, թե` անզեն աչքով իսկ նկատելի է, որ Հայաստանի ներքաղաքական պայքարը թեւակոխում է վճռական, այն է` նախընտրական փուլ: Տեր-Պետրոսյանի խոսքով` ՀԱԿ-ը շարունակելու է ամեն ինչ անել արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, բայց քանի որ դա միայն ՀԱԿ-ից կախված չէ, ապա ՀԱԿ-ը պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացման։ «Եթե, հակառակ գործադրված բոլոր ջանքերին, այնուամենայնիվ, առաջիկայում չհաջողվի հասնել Ս. Սարգսյանի հրաժարականին, իսկ քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ, ապա Կոնգրեսը պետք է ձգտի ԱԺ-ում ապահովել այնպիսի ծանրակշիռ ներկայություն, որն, առանձին կամ այլ ուժերի հետ կազմած դաշինքով, ի վիճակի լինի անմիջապես բարձրացնելու նրա պաշտոնանկության, կամ այլ կերպ ասած` իմպիչմենթի հարցը: Անկախ, սակայն, իրադարձությունների անկանխատեսելի զարգացումից, քանի որ ասվեց, որ երկրի քաղաքական կյանքն արդեն թեւակոխել է նախընտրական փուլ, մենք պարտավոր ենք այսօրվանից եւեթ լրջորեն զբաղվել առաջիկա ընտրությունների օրինականության ապահովման մեխանիզմների կատարելագործման հարցով»,- ասաց նա: Իսկ իր ելույթի վերջում Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ի կարգախոսն, ինչպես անցյալում, այնպես էլ ներկայումս, մնում է նույնը` «Հայաստանն` առանց Սերժ Սարգսյանի». «Որովհետեւ վերջինիս կառավարման յուրաքանչյուր օրը մեր երկիրը քայլ առ քայլ մոտեցնում է անխուսափելի կործանման: Առաջիկա ամիսները մենք նվիրելու ենք այս կարգախոսը ողջ ժողովրդի համոզումը դարձնելու խնդրին, օգտագործելով քարոզչական բոլոր հնարավորություններն ու քաղաքական պայքարի մնացյալ օրինական միջոցները, եւ կենտրոնանալով գլխավորապես Հայաստանի մարզերում տարվող աշխատանքի ու Կոնգրեսի տարածքային կառույցների գործունեության ակտիվացման վրա: Հոկտեմբերի առաջին շաբաթին տեղի ունեցած շուրջօրյա նստացույց-հանրահավաքը, հակառակ երկրում տիրող վախի մթնոլորտին եւ իշխանությունների հարուցած աննախադեպ խոչընդոտներին, ցույց տվեց ՀԱԿ-ի հսկայական կազմակերպական եւ մոբիլիզացիոն կարողությունները: Մեր անհետաձգելի պարտքն է` առաջիկայում այդ կարողությունները հասցնել առավելագույնի: Միապաղաղ թվացող իրավիճակը կարող է կտրուկ փոխվել ցանկացած պահի` կապված ոչ միայն հավանական, այլեւ բոլորովին անսպասելի որեւէ իրադարձության հետ: Մենք մտնում ենք քաղաքական պայքարի մի դինամիկ շրջան, որը մեր նպատակներին հասնելու նոր հնարավորություններ է ընձեռում: ՀԱԿ-ի խնդիրն է, արդ, ճշտորեն հաշվարկել իր քայլերը եւ առավելագույնս օգտվել այդ հնարավորություններից»:
Հանրահավաքի վերջում տեղի ունեցավ երթ, որից հետո հանրահավաքի մասնակիցները դարձյալ հավաքվեցին Ազատության հրապարակում եւ այնտեղից կամաց-կամաց հեռացան: