ՀՀ ֆինանսների նախարարությունը հերքել է շրջանառվող լուրերը, թե հաստատվել է «Նաիրիտ» գործարանի արդիականացման նպատակով 400 մլն դոլար վարկ տրամադրելու որոշումը: «Օրերս ռուսական «Իզվեստիա» պարբերականի կողմից տեղեկատվություն էր հրապարակվել, որտեղ հղում անելով ՌԴ ֆինանսների նախարարության իր աղբյուրին` թերթը գրել էր, թե Ռուսաստանը համաձայնել է ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամից «Նաիրիտի» համար Հայաստանին 400 մլն վարկ հատկացնել: Սույն տեղեկատվությունը լայն արձագանք է ստացել նաեւ հայկական մամուլում: Այս առնչությամբ հայտնում ենք, որ հայկական կողմից ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամին ներկայացված հայտը դեռեւս քննարկման փուլում է, եւ հայտը բավարարելու հետ կապված որեւէ պաշտոնական որոշում կայացված չէ: Քննարկման փուլում են նաեւ վարկի չափը եւ պայմանները: ՀՀ ֆինանսների նախարարությունն այս մասին տեղեկացրել էր նաեւ «Իզվեստիա» թերթին: Տեղեկացնում ենք նաեւ, որ հայտի հետ կապված վերջնական որոշում կկայացվի ԵվրԱզԷՍ-ի հերթական նիստի ընթացքում»,- ասված է ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ: