ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի դիտարկմամբ` Ռուսաստանի դերակատարումը ԼՂ խնդրի կարգավորման գործում հսկայական է, ուստի նա պատահական չի համարում այն, որ այսօր` նախընտրական փուլի նախաշեմին, հայաստանյան ուժերը` թե ընդդիմադիր, թե իշխանական, ցանկանում են Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ դրսեւորել:
Ա. Մելիքյանն այն համոզմանն է, որ հենց Ռուսաստանից է կախված այդ ուժերի հաջողությունը: «Իրականությունն այնպիսին է, որ մենք սերտորեն փոխկապակցված ենք, բայց կա մի նուրբ սահման, որը չպետք է անցնենք ոչ մենք, ոչ Ռուսաստանը»,- ասել է Արման Մելիքյանը: Նրա խոսքով` Հայաստանը «նստել է երկու աթոռի վրա» եւ հարաբերություններ է վարում ինչպես Արեւմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ, սակայն անհրաժեշտ է վերջնականապես կողմնորոշվել: «Հայաստանյան ուժերի միջեւ ներքին մրցակցություն է ստեղծվել. Ռուսաստանը շատ լավ գիտակցում եւ օգտագործում է այս փաստը: Կարծում եմ` Հայաստանում խորհրդարանի դասավորության վրա եւս Ռուսաստանը կներազդի: Երբ Ռուսաստանում Պուտինը վերադառնա, Քոչարյանի վերադարձն, այնուամենայնիվ, անհնար կլինի: Չգիտեմ` ի՞նչ պիտի տեղի ունենա, որ Քոչարյանի անունը Մարտի 1-ի հետ չկապվի: Այս պահին Սերժ Սարգսյանին Ռոբերտ Քոչարյանով փոխարինելը նպատակահարմար չէ: Այսօրվա իշխանությունը Ռուսաստանի համար խնդրահարույց չէ, ավելին` նրանց հետ այդ երկիրը կարծես կարողանում է առաջ տանել իր ուզածը»,- երեկ հայտարարել է Արման Մելիքյանը: Անդրադառնալով ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի առաջարկած Եվրասիական միության ստեղծման գաղափարին` Ա. Մելիքյանն ասել է, թե շատ բան կախված կլինի այն տրամադրությունից, որը նախագծին կհաղորդի Պուտինը: «Եթե եվրասիական դաշինքը կազմավորվի պուտինյան պլանով, ավելի լավ կլինի: Սա ավելի հեռանկարային կլինի, իսկ եթե այն ձեւավորվի նազարբաեւյան պլանով, թյուրքական գործոնի դերն ավելի մեծ կլինի, չի բացառվում, որ մեծանա Թուրքիայի դերակատարությունը»,- նշել է նա:
Խոսելով ԲՀԿ-ՀԱԿ հնարավոր համագործակցության մասին, որի մասին կոչով հանդես է եկել ՀԱԿ-ը, ապա Ա. Մելիքյանը լուրջ կասկածներ ունի, թե այդ համագործակցությունն իրականություն կդառնա: «Կասկածում եմ, որ համագործակցությունը կկայանա: Ռուսաստանը կաջակցի, որ Հանրապետականն իր դիրքերը պահպանի: Եթե անգամ ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից, դա իրական վերադասավորումների չի հանգեցնի: Այս վիճակում ՀԱԿ-ը կարող է մտնել խորհրդարան: Առայժմ ընթանում է ՀԱԿ-ի դիրքերի թուլացման գործընթաց, եւ մինչեւ ընտրություններ նրա պոտենցիալը կնվազի: Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, խորհրդարան նա կմտնի մոտավորապես «Ժառանգության» թվաքանակով»,- կանխատեսել է Ա. Մելիքյանը: Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կոսւակցությունն այսօր ԱԺ-ում ընդամենը 6 պատգամավոր ունի: