Բոլորովին վերջերս հայաստանյան ԶԼՄ-ներում լուրեր հայտնվեցին, որ ՀՀ վերահսկիչ պալատը լայնամասշտաբ ստուգումներ է սկսել Կոտայքի մարզում։ Բոլորի մոտ անմիջապես ծագեց այն միտքը, որ ստուգումն ուղղված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ։
Ավելին՝ անգամ ճշգրիտ պատճառն էր նշվում՝ Ծառուկյանին «հնազանդեցնելը»։ Այսինքն՝ իշխանությունը վարչական լծակներն օգտագործում է, որպեսզի քաղաքական ուժի ղեկավարին ստիպի իրեն սատարել մինչեւ վերջ։
Դրան հետեւեց վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտնի հայտարարությունը՝ ՀՀԿ-ի ուժի եւ «կոտրած տաշտակի» մասին, եւ չնայած վարչապետի խոսնակը հետո հերքեց այն «տպավորությունը», որ դա ուղղված էր Ծառուկյանի դեմ, նստվածքը, ինչպես ասում են, մնաց։ Եվ վերջապես, երեկ ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե գործարարներին «հնազանդների» եւ «անհնազանդների» բաժանելը դժվար թե ռացիոնալ լինի. «Նման չափանիշներն անընդունելի են ձեռնարկատերերի նկատմամբ: Նրանց պետք է գնահատել բոլորովին այլ չափանիշներով»։
Մի կողմ թողնենք, թե այս դեպքում կառավարության քայլերի եւ խոսքերի թաքնված նպատակը որքանով է համապատասխանում մամուլում շրջանառվող լուրերին։ Որովհետեւ հենց միայն նման խոսակցությունների առկայությունը վկայում է այն մասին, որ քաղաքականության եւ բիզնեսի սերտաճման պատճառով մենք ունենք շատ խոցելի տնտեսություն, եւ ընդհանրապես՝ խոցելի պետություն։
Դասագրքային ճշմարտություն է` երբ քաղաքականությունն ու բիզնեսը սերտաճում են, դա ունենում է խիստ բացասական հետեւանքներ։ Ի սկզբանե, Հայաստանի տնտեսական դաշտն այնպես է ձեւավորվել, որ գրեթե բոլոր խոշոր գործարարների վրա կան հատորներով «կոմպրոմատներ»։ Միամտություն կլինի հավատալ, որ մի քանի միլիոն (կամ՝ մի քանի տասնյակ միլիոն) դոլարի կարողությունը զրոյից դիզվել է՝ առանց օրենքի տառը խախտելու։ Նրանց, սակայն, ոչ ոք չի պատժում, որովհետեւ դրա կարիքը չկա։ Նրանք շարունակում են գործել նախկինի պես, սակայն գիտակցում են, որ խոցելի են։ Իսկ ստեղծված խաղի կանոններին ենթարկվող գործարարը, մտնելով քաղաքականության մեջ, ի սկզբանե կորցնում է ինքնուրույնությունը եւ դառնում իշխանությունների հլու կամակատարը։ Բոլորն են հիշում 2006 թվականը, երբ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից, եւ այդ կուսակցությունը մեկը մյուսի ետեւից լքեցին նրա կարկառուն անդամները (անգամ նրանք, ում ճակատին գրված էր` ՕԵԿ)։ Դա զարմանալի չէր. ՕԵԿ-ում տեղ էին գտել մեծ թվով գործարարներ՝ «ՍԱՍ» սուպերմարկետների սեփականատեր Արտակ Սարգսյանը, «Բելաջո» ռեստորանի սեփականատեր Գրիգոր Մարգարյանը, ՄԱՊ-ի սեփականատեր Ալեքսան Պետրոսյանը եւ այլք։ Այս մարդիկ ՕԵԿ էին մտել սեփական բիզնեսն ապահովագրելու համար, եւ դուրս եկան, երբ հայտնի դարձավ, որ ՕԵԿ-ն այլեւս չի կարող իրենց պաշտպանել։ Իսկ նրանց, ովքեր փորձում են բիզնես ունենալուն զուգահեռ` պահպանել նաեւ քաղաքական ինքնուրույնությունն ու չդառնալ իշխանության գերին, սպառնում է նույն ճակատագիրը, ինչ եղավ Սուքիասյանների հետ։
Պարզ ասած, ստացվում է, որ ինչ-ինչ երաշխիքների համար քաղաքականության մեջ մտած գործարարը, ի վերջո, հայտնվում է ավելի կախյալ եւ թույլ վիճակում։ Եթե մինչ այդ մտածում էին, որ ամեն ինչ հեշտ է, պարզապես պետք է լսել իշխանություններին եւ սեղմել այն կոճակը, որը պետք է, հիմա ամեն ինչ իրար է խառնվել։ Հիմա չեն կողմնորոշվում՝ ո՞վ է իշխանությունը, ո՞վ է հանդես գալիս իշխանության անունից, ո՞ւմ հետ արժե իջնել ԱԺ բուֆետ, ո՞ւմ հետ է դա հակացուցված։ Եվ ամենագլխավոր հարցը՝ ո՞վ է լինելու իշխանության ղեկին ապագայում։ Այս անորոշությունը լարվածության մեջ է պահում գործարար-պատգամավորներին, որոնք ամեն պահի զգում են իրենց սեփականության գլխին կախված ահագնացող վտանգը։ Մի խոսքով, քաղաքականության մեջ մտնելն արդեն չի կարելի դիտարկել որպես սեփականության անձեռնմխելիության երաշխիք։ Կարելի է ասել՝ այժմ լրիվ հակառակն է. քաղաքականությունը դարձել է վտանգ։
Հիմա անդրադառնանք երկրորդ պարադոքսին։ Համաշխարհային բանկը եւ մյուս միջազգային կառույցները Հայաստանի մասին իրենց զեկույցներում նշում են, որ Հայաստանում պետք է լրջորեն պայքարել բիզնեսի եւ քաղաքականության սերտաճման դեմ, քանի որ դա ունի շատ մեծ բացասական հետեւանքներ։ Մեր կառավարությունը, բնականաբար, ասում է նույն բանը։
Օրինակ՝ Տ. Սարգսյանը վարչապետ նշանակվելուց ի վեր խոսում է այն մասին, որ տարանջատելու է այս երկու խավերին։ Մի ժամանակ շատ մոդայիկ էր դարձել շահերի բացահայտման ինստիտուտի ներդրման մասին խոսելը։ Իբր, ոչ ոք ոչինչ չգիտի, եւ այդ մեխանիզմը պետք է բացահայտի անհայտը։ Իսկ 2010թ. ապրիլին ելույթ ունենալով կառավարության նիստում` Տիգրան Սարգսյանը գործարար-պատգամավորների դեմ պայքար հայտարարեց: Նույն օրը բիզնեսմեն-պատգամավորներից շատերը շտապեցին հայտարարել, որ բիզնեսով չեն զբաղվում, այլ սոսկ ընկերությունների սեփականատերերն են:
Ի՞նչ է փոխվել այս ընթացքում։ Ոչինչ։ ՀՀ ԱԺ պատգամավորների ցանկը կարելի է համարել «Ֆորբսի»՝ ամենահարուստ մարդկանց ցանկի հայկական տարբերակ։ Ցանկացած երթուղայինի վարորդ կարող է հատ առ հատ թվարկել, թե նրանցից ով ինչ բիզնես ունի։ Խոսակցություններ կան, որ հաջորդ խորհրդարանում ընդգրկված չեն լինի այսօրվա օլիգարխ-պատգամավորները։ Սակայն դատելով վերջին իրադարձություններից՝ դա խիստ կասկածելի է թվում։ Այն պարզ պատճառով, որ մեր երկրում պայքարը գնում է ոչ թե հանուն պետության, այլ հանուն իշխանության։ Իսկ այդ տեսանկյունից իշխանություններին ամենեւին ձեռնտու չէ ունենալ անխոցելի, ոչ մեկից չկախված քաղաքական գործիչներ։
Այս տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում կարելի է ավելի հեռուն գնացող եզրակացությունների հանգել։ Օրինակ՝ իշխանություններին ոչ միայն ձեռնտու է ունենալ բիզնեսմեն քաղաքական գործիչներ, այլեւ ձեռնտու է, որ նրանք ոչ այնքան մաքուր գործեն։ Որովհետեւ օրինական դաշտում գործող եւ ոչ մի «չեպե» չունեցող գործարարին բռի մեջ հավաքելը շատ դժվար է։
Արդյունքում գալիս ենք մի շատ տխուր եզրակացության, որը կարող է դեպրեսիայի մեջ գցել իր երկրի մասին մտածող ցանկացած նորմալ մարդու։ Հանուն ինչի՞ պետք է իշխանությունը օրինականություն հաստատի, պայքարի ստվերի, օլիգոպոլիաների դեմ, կամ հանուն ինչի՞ չպետք է թույլ տա, որ քաղաքականությամբ զբաղվեն բիզնեսմեններն ու կարիերիստները։ Պատասխանը կարելի է գտնել արտագաղթի վերաբերյալ ցուցանիշներում։