Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը երեկ հաստատեց իր հրաժարականի մասին լուրերը: Ավելին, նաեւ հաստատել է, որ ճիշտ են նաեւ ՌԴ-ում այլ աշխատանքի անցնելու մասին տեղեկությունները: Facebook-ի իր էջում նա գրել է. «Ես հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Այն պայմանավորված է այլ աշխատանքի տեղափոխվելու, ինչպես նաեւ` անձնական բնույթի պատճառներով, որոնցով հանրության ուշադրությունը չեմ ուզում զբաղեցնել: Որոշումը ես կայացրել եմ շատ դժվարությամբ, եւ հայտնում եմ ամենայն պատասխանատվությամբ, որ այն որեւէ քաղաքական կամ ներիշխանական տարաձայնությունների ենթատեքստ չունի, ինչպես փորձ է արվում ներկայացնել: Կրկին հաստատում եմ, որ որոշումը պայմանավորված է միմիայն անձնական հանգամանքներով:
Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ նախագահին, Հանրապետական կուսակցությանը եւ Երեւանի ավագանուն` ինձ վերապահված վստահության համար, ինչը ես քաղաքապետի լիազորությունների շրջանակում փորձել եմ արդարացնել:
Շնորհակալություն բոլոր երեւանցիներին, քաղաքապետարանի թիմին, բոլոր գերատեսչություններին ու կազմակերպություններին, որոնք սատար կանգնեցին մեր նախաձեռնություններին ու ծրագրերին: Միաժամանակ ներողամտություն եմ հայցում անավարտ մնացած գործերի ու պարտավորությունների համար, ինչպես նաեւ այն սպասելիքների ու ծրագրերի համար, որ ուներ երկրի բարձրագույն իշխանությունը եւ հանրությունը իմ պաշտոնավարման հետ կապված: Ես շատ-շատ եմ սիրում ձեզ, եւ դեռ շատ բան ունենք անելու միասին, եւ անելու ենք մեր սիրելի Երեւանի ու մեր երկրի համար»: «Արմնյուզին» տված հարցազրույցում ասել է. «Ուզում եմ նաեւ ասել, որ այս երկու օրը մամուլում իմ կողմից կարդացած մեկնաբանությունների վերաբերյալ՝ որեւիցե ներիշխանական, քաղաքական տարաձայնությունների հետ կապված չէ իմ հրաժարականը: Ավելին, այն վստահությունը, որն ուղղակի ցուցաբերվում էր եւ հանրապետության նախագահի կողմից, եւ կուսակցության կողմից, եղել է անսահման: Չի եղել մի դեպք լուծումների, որոշումների հետ կապված, որ մեր պատկերացմամբ ճիշտ են քաղաքի համար, ինչ-ինչ պատճառներով չթույլատրվեին կամ սահմանափակվեին»: Կ. Կարապետյանի խոսքով` ՀՀ նախագահը հարգել է իր որոշումը (այսինքն` չի առարկել). «Մենք ունեցել ենք շատ լավ զրույց, գոնե ինձ համար: Ես շատ եմ հարգում հանրապետության նախագահին, եւ իրականում իմ կայացման մեջ ինքը ֆանտաստիկ մեծ դեր է ունեցել: Ես փորձել եմ իրեն մատուցել այն, որ այս պաշտոնից դուրս գալը չի նշանակում թիմից դուրս գալ»: Ըստ որոշ լրատվամիջոցների` քաղաքապետի այս հրաժարականը պայմանավորված էր ՀՀ նախագահի աշխատակազմի հետ ունեցած տարաձայնություններով, մասնավորապես աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանի` Սերժ Սարգսյանի փեսայի հետ ունեցած տարաձայնություններով: Կ. Կարապետյանն այս կապակցությամբ ասել է. «Ուղղակի աբսուրդ է: Ճիշտն ասած, եւ այս պաշտոնում, եւ նախկին պաշտոններում որեւիցե դեպք ես չեմ կարող հիշատակել, որ մենեջմենթը, մեր թիմը պատկերացրել է, որ այս լուծումը ճիշտ է, եւ այդ լուծումը մենք չենք կարողացել իրագործել, որովհետեւ ազատության աստիճան չենք ունեցել: Ուղղակի աբսուրդ է: Իսկ նախագահական թիմի հետ շատ լավ, ընկերական հարաբերություններ ունենք»: Քաղաքական գործունեությունը հետագայում շարունակելու մասին հարցին անդրադառնալով` նա նշել է. «Քաղաքական գործունեությամբ զբաղվելու ցանկություն երբեք չեմ ունեցել, հետեւաբար վերադառնալ բառը երեւի թե այնքան էլ կոռեկտ չի, որովհետեւ ես այդ դաշտում չկամ, բայց դա չի նշանակում, որ ես Հայաստանի հետ կամ այսօրվա իրականության հետ որեւէ կապ չեմ ունենալու, կամ այսօրվա թիմի հետ, որի անդամն եմ ես, կապ չեմ ունենալու»:
Ինչո՞ւ հրաժարվեց
Ի դեպ, ներքաղաքական կուլիսներում այս օրերին նաեւ խոսում են, որ Կ. Կարապետյանը վաղուց էր մտածում հրաժարական տալու մասին, սակայն նրա այդ քայլն արագացրեց այն արշավը, որ իշխանությունների կողմից կազմակերպվեց իր դեմ Երեւանի կենտրոնից գովազդային վահանակները հանելու կապակցությամբ: Ավելին, ասվում է, որ մինչ այդ ՀՀԿ-ականներից շատերն էին Սերժ Սարգսյանին բողոքում, որ Կ. Կարապետյանն իր գործողություններով կարծես իշխանությունների դեմ է տրամադրում քաղաքացիներին` օր օրի ավելացնելով դժգոհ զանգվածների թիվը: Նկատի ունեին` փողոցային առեւտրով զբաղվողներին, կրպակատերերին, վերջում նաեւ` գործարարներին:
Վիրտուալ, թե իրական Երեւան
Ինչեւէ, Կ. Կարապետյանը երեկ անդրադարձել է նաեւ Facebook-ի իր էջում հրաժարականի շուրջ ծավալված ակտիվ քննարկումներին: Բազմաթիվ մարդիկ իրենց ափսոսանքն էին հայտնում նրա հեռանալու կապակցությամբ եւ կոչ էին անում այդ քայլին չդիմել: «Շատ խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել այդ մարդկանց, միանշանակ: Համոզված եմ, որ նման հասարակական զանգված ունեցող երկիրը ֆանտաստիկ ապագա ունի: Հիասթափվելու որեւիցե խնդիր չկա, որովհետեւ սա պարտություն չի: Մենք կամայական քայլը փորձում ենք անպայման քաղաքականացնել, անպայման բարդացնել: Մարդ է, որը կառավարել է որոշակի համակարգ, ինչ-ինչ պատճառներով որոշել է տեղափոխվել այլ տեղ: Դրանից տրագեդիա սարքելը աբսուրդ է, մանավանդ որ Երեւանի քաղաքապետարանում շատ լավ թիմ կա, շատ հայրենասեր թիմ, իր քաղաքը սիրող թիմ»,- ասել է նա: Առհասարակ, Կ. Կարապետյանի PR խորհրդատուները չափից շատ մեծ տեղ էին տալիս Facebook-ին` մշտապես թարմացնելով նորանոր լուսանկարներով, համերգային հոլովակներով (ցույց տալու համար, որ Կարապետյանն ի տարբերություն շատերի` ռաբիս երաժշտությունն ատում է եւ նախընտրում է ռոքը), գովեստի խոսքերով (հաճախ ջնջելով դժգոհող քաղաքացիների մեկնաբանությունները)` այդպիսով «գերի» դարձնելով վիրտուալ Facebook-ին եւ նրան կտրելով երեւանյան իրական կյանքից: Այն աստիճան, որ, օրինակ, մետրոյի վարձի թանկացման փաստը, որ հասարակության որոշ զանգվածների դժգոհությունը առաջացրեց, Կ. Կարապետյանը որոշեց «ժողովրդին» մեկնաբանել Facebook-ով: Ծիծաղելի էր, քանի որ մետրոյից օգտվողը եւ թանկացումից դժգոհողը Facebook-ից գրեթե չի օգտվում: Իհարկե, սոցիալական կայքերը հրաշալի գործիք են, սակայն այն չպետք է չարաշահել: Ի դեպ, նույն խնդիրն ունեն նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Երեւանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Միլլերը փոշմանե՞ց
Ցավալի է, բայց փաստ. ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպանին դրսում ավելի գայթակղիչ եւ հեռանկարային աշխատանք առաջարկեցին` հրաժարվեց այդ հեղինակավոր պաշտոնից եւ գնաց: Հիմա էլ 1մլն եւ ավելի բնակչություն ունեցող մայրաքաղաքի ղեկավարն է հրաժարվում իր բարձր եւ ինչպես ինքն է ասում` հետաքրքիր պաշտոնից եւ ընդունում ՌԴ գազային ընկերության առաջարկը: Ինչո՞ւ ենք, ուրեմն, զարմանում շարքային քաղաքացու` ՀՀ-ից հեռանալու ցանկության վրա:
Ինչեւէ, որոշ ԶԼՄ-ներ գրել էին, թե Կ. Կարապետյանը ՌԴ-ում աշխատանքի է անցնելու «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի մոտ` իբրեւ նրա տեղակալ: Երեկ, սակայն, ռուսական «Գազետա.ռու» թերթը փորձել է պարզել, թե ինչո՞վ պետք է զբաղվի Կարապետյանը «Գազպրոմում»: Ընկերությունում հրաժարվել են մեկնաբանություններ տալ: «Գազպրոմում» գործունեության հիմնական ուղղությունները (արտահանում, ֆինանսներ եւ էներգետիկա) ամրակցված են Միլլերի տեղակալների վրա: Այս մասին հիշեցրել է Էներգետիկ անվտանգության ազգային հիմնադրամի ղեկավար Կոնստանտին Սիմոնովը: «Դժվար թե Կարապետյանը փոխարինի նրանցից որեւէ մեկին,- նկատել է փորձագետը:- Հավանաբար, խոսքը կադրերի ընդլայնման մասին է»: Բացառված չէ, որ Կարապետյանին տրվի ԽՍՀՄ նախկին հանրապետությունների հետ հարաբերությունների կոորդինացումը: «Հետխորհրդային տարածքի նկատմամբ «Գազպրոմի» հետաքրքրությունները մեծանում են»,- ասել են թերթին: ՌԴ-ն տարեկան մոտ 1մլրդ խորանարդ մետր գազ է առաքում Հայաստան: «Հայաստանի հետ շատ դժվար է սակարկելը, քանի որ Երեւանը չի ցանկանում վճարել եվրոպական գներով,- նշել է Ռուսաստանի նավթագազային արդյունաբերության միության առաջատար փորձագետ Ռուստամ Տանկաեւը: – Բայց չեմ կարծում, որ նրա «Գազպրոմ» գալը կապված է գնի շուրջ բանակցությունների հետ: Հայաստանի շուկան շատ փոքր է «Գազպրոմի» համար»:
ՌԴ գիտությունների ակադեմիայի ավագ գիտաշխատող Վլադիմիր Սաժինն էլ չի բացառում, որ Կարապետյանին հրավիրել են` Իրան-Հայաստան գազամուղի նկատմամբ «Գազպրոմի» հետաքրքրության հետ կապված: Հնարավոր է` ռուսական ընկերությունը ցանկանում է մասնաբաժին ստանալ այդ գազամուղում, ինչը հնարավորություն կտա թեկուզ մասամբ վերահսկել Իրանից մատակարարումները: Ամեն դեպքում, «Գազպրոմի» խորհրդի նախագահի տեղակալի աշխատավարձն ավելի բարձր է, քան Երեւանի քաղաքապետինը, գրում է Գազետա.ռու-ն: Երեւանի քաղաքապետը ստանում է ամսական 300 հազար դրամ, «Գազպրոմի» խորհրդի անդամները` մոտ 5 մլն ռուբլի ($153,8 հազար դոլար):
Մեր թերթի նախորդ համարում, սակայն, տեղեկացրել էինք, որ ռուսաստանյան մեր աղբյուրների տվյալներով` Կ. Կարապետյանին Մոսկվայում երկու գայթակղիչ պաշտոններ են առաջարկվել «Մոսկովյան Միացյալ Էլեկտրական Ցանցեր» ընկերությունում (որի հիմնադիրների թվում են «Գազպրոմը», Մոսկվայի քաղաքապետարանը) եւ «Գազպրոմ Էներգոյում»: Ի դեպ, հիշո՞ւմ եք, նույն Ալեքսեյ Միլլերը Կարեն Կարապետյանի` Երեւանի քաղաքապետ նշանակվելուց հետո խոստացել էր, հանուն «ախպերության»` 2 միլիարդ դոլարի ներդրում անել Երեւանի զարգացման համար: Ի՞նչ եղան այդ ներդրումները. փոշմանե՞ց Միլլերը, թե՞ մոռացավ: Բայց որքան ժամանակ այդ լուրն օգտագործվեց քարոզչական նպատակներով:
Քաղաքապետը եւ ընտրությունները
Կ. Կարապետյանն իր պաշտոնավարման այս 10 ամիսների ընթացքում, այնուամենայնիվ, այդպես էլ չընկալեց, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնը քաղաքական է. նա այսօր էլ այն համարում է հասարակական պաշտոն, ինքն իրեն` հասարակական գործիչ: Այն դեպքում, երբ Երեւանի քաղաքապետի պաշտոնն ընտրովի մարմին է, ընտրությունների միջոցով է քաղաքապետ ընտրվում: Այլ խնդիր է, որ ՀՀ-ում «քաղաքական պաշտոն» ասվածը ընկալվում է զուտ ընտրությունների կազմակերպման տիրույթում: Թերեւս դա էր պատճառը, որ Կարապետյանը խուսափում էր այդ արտահայտությունից, որպեսզի ընտրական պրոցեսներից զերծ մնա, իրեն դրան չխառնեն: ՀՀ-ում, սակայն, դա հնարավոր չէ: Ոչ էլ ՀՀ-ն Ֆրանսիա է. օրինակ, Փարիզի քաղաքապետը եւ Սարկոզին բոլորովին այլ տեսակետներ ունեն, սակայն դա չի խանգարում նրանց աշխատանքին:
Այլեւս փաստ է` Երեւանը կրկին մնաց առանց քաղաքապետի: Մայրաքաղաքի նոր ղեկավարը պետք է ընտրվի Երեւանի ավագանու կազմից: Մինչ այդ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի առաջին փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը: Համաձայն օրենքի` քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ` քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով: Հավանական թեկնածու է համարվում փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը, չնայած այն հանգամանքին, որ տեսականորեն քաղաքապետ դառնալու հնարավորություն ունի նաեւ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ով 10 ամիս առաջ հայտնի դեպքերի բերումով ստիպված եղավ հրաժարական տալ քաղաքապետի պաշտոնից` պահպանելով ավագանու անդամի մանդատը: Ըստ որոշ աղբյուրների, սակայն, ընտրությունները կկայանան առաջիկա չորեքշաբթի` նոյեմբերի 2-ին: Նույն աղբյուրների հավաստմամբ` Տ. Մարգարյանն իր մտերիմների հետ զրույցում դեռ օրեր առաջ ասել է, որ ՀՀ նախագահի ցանկությամբ ինքն է լինելու ապագա քաղաքապետը:
Այս օրերին նաեւ խոսակցություններ են շրջում, որ վերջին 2 օրերին անընդմեջ Գ. Բեգլարյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպումներից մեկին, ասում են, ներկա է եղել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Զրույցի թեման եղել է քաղաքապետի պաշտոնի հարցը: ԱԺ նախագահը, ասում են, փորձել է հիմնավորել, թե ինչո՞ւ է ճիշտ Գ. Բեգլարյանին հետ վերադարձնելը. առջեւում ԱԺ ընտրություններն են, իսկ Երեւանում ընտրություններ չի կարող կազմակերպել Տ. Մարգարյանը: Իսկ Երեւանի քաղաքապետը ընտրությունների ժամանակ չափազանց մեծ անելիք եւ դերակատարում ունի, սկսած` համայնքների (վարչական տարածքների ղեկավարների հետ), բնակչության հետ աշխատանքից, ընտրությունների կազմակերպման գործընթացից եւ այլն:
Ասել, թե Կ. Կարապետյանը լավ քաղաքապետ էր` սխալ կլինի, երկու պատճառով. նախ` նա չհասցրեց քաղաքային որեւէ լուրջ ծրագիր իրագործել, իսկ բոլոր իր գործնական հանդիպումները դեռեւս ինչ-որ գործ սկսելու պայմանավորվածությունների մակարդակի էին: Շենքեր ներկելը կամ քաղաքային ավտոբուսների մեջ (որոնցից օգտվում են հիմնականում տարեցները) Wifi ինտերնետ տեղադրելը գեղեցիկ ժեստեր էին, բայց լավ քաղաքապետ լինելու համար լուրջ հիմնավորում չեն կարող հանդիսանալ: Որպես տնտեսագետ, մենեջեր` թերեւս սխալ էին իր ձեռնարկած քայլերը (փողոցային առեւտրականների, կրպակավաճառների դեմ)` հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը, ճգնաժամը: Առավել եւս, որ հանված կրպակների փոխարեն` նորերն էին «աճում»: Կարապետյանի հեռանալու այս պատմության մեջ ինչ-որ իմաստով նկատելի է ՀՀ նախկին վարչապետ, լոնդոնաբնակ Արմեն Սարգսյանի ֆենոմենը. նա բառացիորեն ոչինչ չարեց իբրեւ ՀՀ վարչապետ, հեռացավ, բայց տպավորություն ստեղծեց, թե «լավ վարչապետ» էր: Հիմա նրա կենսագրության` CV-ի մեջ պատվավոր տեղում նշվում է, որ նա եղել է ՀՀ վարչապետ, նա այդպես է ներկայանում դրսում` «պրիստիժնի է», հեղինակավոր մարդկանց հետ է հանդիպում, դրսում լավ գործեր են առաջարկում, որովհետեւ շատ բարձր ստատուս է ունեցել: Իսկ դրսում նման բաները հարգի են, հաշվի են առնվում: Այո, կիրթ է, ինտելեկտուալ, համակրելի, բարեկիրթ, բայց փաստ է` նա ոչինչ չի արել` որպես վարչապետ: Կարապետյանը շանսեր ուներ լինելու լավ քաղաքապետ: Բայց նա հրաժարվեց: Ու այս օրերին շատերի ափսոսանքը հասկանալի է` Կ. Կարապետյանի տեսակը (ինտելիգենտ, կիրթ, բարեկիրթ) չպետք է հեռանա Երեւանից: Այլապես ստացվում է, որ մեզանում կենսունակ է «քյառթու» տեսակը: Այս նկատառմանը, սակայն, ոմանք առարկում են` ասելով. «Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ է բարեկիրթ, կրթված, բայց արդյունքը` երկրի խայտառակ ծանր վիճակն է, թողնես` խոսի ու ոչինչ չանի: Պրակտիկ, գործ անող մարդիկ են պետք, ոչ թե դեմագոգներ»: Ի՞նչ կարող ես ասել` ճի՛շտ են: Իհարկե, չենք կարող նաեւ չնկատել, որ Կ. Կարապետյանը, ի տարբերություն Արմեն եւ Տիգրան Սարգսյանների` փորձում էր ինչ-որ գործեր անել եւ հետաքրքիր նախագծեր բերել Երեւան, ոչ թե բանասիրական տեքստեր ընթերցելով` «աշխատանքի» պատրանք էր ստեղծում:
Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ