Ամլացումը լուծում չէ

29/10/2011

«Հարկադիր ամլացումն անընդունելի է, քանի որ անձը կարող է չլինել սերիական բռնություն գործող, բայց բռնության դիմել ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ եւ շատ թանկ վճարել դրա համար»,- երեկ հայտարարել է հոգեբան Սամվել Խուդոյանը: Նրա խոսքով` նման մարդիկ պետք է պատժվեն միայն օրենքով սահմանված կարգով։ «Ի վերջո, հանցագործն էլ է մարդ, եւ չի կարելի նրա հետ այդպես վարվել: Ամլացումը եւս բռնություն է, որը, սակայն, կատարվում է պետության կողմից: Դա հիշեցնում է հին ժամանակները»,- հավելել է նա: Ըստ news.am-ի` սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն ասել է, թե քիմիական ամորձատումը հարցի լուծում չէ. «Քիմիական ամլացումը չի զսպում մարդու սեռական կարիքները: Սկզբնական փուլում քիմիական ամորձատումը զսպում է սեռական ցանկությունները, բայց եթե մարդը հակում ունի երեխաների կամ տարեց մարդկանց նկատմամբ, ապա որոշ ժամանակ անց բնազդների ազդեցության տակ այդ ցանկությունը կարող է կրկին ի հայտ գալ»: Նրա հավաստմամբ` մանկապղծությունը բուժվում է հոգեթերապիայի միջոցով, եթե այն չի ուղեկցվում շիզոֆրենիայով:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը չորեքշաբթի օրը ԱԺ նիստում առաջարկել էր սեռական հանցագործությունների համար հարկադիր ամորձատում կիրառել: