Գերագնահատում է ինքն իրեն

27/10/2011

«Ովքեր մեզ հետ կհամագործակցեն` կշահեն, ովքեր չեն համագործակցի` կհայտնվեն կոտրված տաշտակի առջեւ»,- երեկ ԱԺ-ում պատասխանելով լրագրողների` կոալիցիայի հնարավոր պառակտմանը վերաբերող հարցին` հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով` ՀՀԿ-ն է այն կուսակցությունը, որի շուրջ համախմբվել են կոալիցիոն գործընկերները։ «ՀՀԿ-ն առանցքն է քաղաքական դաշտի, ու այդ դիրքը ՀՀԿ-ն ոչ միայն պահպանելու է, այլեւ զարգացնելու է»,- ասել է Սարգսյանը: Անդրադառնալով փետրվարին ստորագրված կոալիցիոն հուշագրին, նա ասել է. «Մենք համախմբված ենք ՀՀ նախագահի շուրջ եւ մտադիր ենք ավելացնել մեր տեսակարար կշիռը քաղաքական դաշտում: Դա չենք անելու մեր գործընկերների հաշվին, այլ փորձելու ենք մեր հեղինակությունը բարձրացնել: Բոլորի համար ակնհայտ է, որ այդպես էլ լինելու է»: Ավելին` Տ. Սարգսյանն այն կարծիքին է, որ ՀՀԿ-ն է լինելու այն առանցքը, որի շուրջ ձեւավորվելու է նոր քաղաքական ֆորմատը կամ քաղաքական դաշտը: «Այն կուսակցությունները, որոնք մեզ հետ կհամագործակցեն` կշահեն դրանից, որոնք չեն համագործակցի` իրենց գործն է: Բայց ուզում եմ զգուշացնել նրանց, ովքեր լուրեր են տարածում Հանրապետական կուսակցության մասին, որ չարաչար սխալվում են` մեր հնարավորությունները գնահատելիս, ՀՀԿ-ն այսօր ամենաուժեղ քաղաքական ուժն է հանրապետությունում եւ ոչ միայն պահպանելու է իր դիրքերը, այլեւ ուժեղացնելու է: Դրա համար պարտավոր ենք մեր կուսակցության անունից այդ ազդակները հաղորդել մեր գործընկերներին` նաեւ մեր հստակ կեցվածքով, սկզբունքներին հավատարիմ մնալով: Մենք կամուրջներ ենք կառուցում բոլորի հետ»,- հայտարարել է Տ. Սարգսյանը: Ուշագրավն այն է, որ, փաստորեն, Տ. Սարգսյանն ինքն իրեն է ազդակներ հաղորդում ու զգուշացնում` ՀՀԿ-ի մասին լուրեր տարածելու առումով: Ինչպես արդեն նշել էինք, հենց Տ. Սարգսյանն է լուրեր տարածել, որ ՀՀԿ-ում քննարկվում է կոալիցիայում ԲՀԿ-ի անդամակցության նպատակահարմարությունը, ինչի համար, մեր տեղեկություններով, ՀՀԿ ԳՄ վերջին նիստում արդեն իսկ արժանացել է հանդիմանանքի: Ի դեպ, պատասխանելով հարցին, թե` արդյո՞ք կոտրված տաշտակի մասին դիտարկմամբ ինքը նկատի ունի ԲՀԿ-ին, Տիգրան Սարգսյանը պատասխանել է. «Կարծում եմ` ձեզ նոր հոդվածների թեմա տվեցի»: