Արդեն մեկ ամիս Հայաստանի պատկերասրահում ցուցադրվում են հայտնի լուսանկարիչ, ծագումով լեհ ֆրանսիացի Յան Արտուս-Բերտրանի լուսանկարները, որոնք բոլորն էլ ուղղաթիռից են արված: Լուսանկարների հավաքածուն ներկայացնում է մեր մոլորակի կյանքի բոլոր դրսեւորումները: Երկնքից արված այս պատկերները նաեւ հարցադրումներ են պարունակում՝ ո՞ւր ենք գնում՝ ուս ուսի տված ողջ մարդկության հետ, ի՞նչ անենք, որ պահպանենք մեր ունեցածը, ի՞նչ անենք, որ ճանաչենք մեր ունեցածը եւ ի՞նչ անենք, որ թույլ չտանք կամ կանգնեցնենք մեր ունեցածի քայքայումն ու կործանումը: Սովորաբար Յան Արտուս-Բերտրանի աշխատանքները ցուցադրվում են բաց երկնքի տակ, շուրջօրյա եւ անվճար են լինում եւ երբեք չեն պահպանվում: Լուսանկարները մեծ են եւ դիտելու համար հեռավորություն են պահանջում: Ահռելի վարդագույն պատկերը կորալային խութի է նման, բայց երբ մոտենում ես նկարին, տեսնում ես, որ հարյուրավոր վարդագույն ֆլամինգոներ են լուսանկարված: Նկարների չափը թույլ է տալիս ուսումնասիրել պատկերի ամեն մի մանրուք: «Բարձրությունից նայելիս` կարողանում ես տեսնել մանրամասները եւ ավելի լավ հասկանալ մարդկանց, բնությունը եւ մշակույթը»,- ասել է Յան Արտուս-Բերտրանը: Ձեւի եւ գույնի ետեւում միշտ իրական նյութն է: Կյանքը սովորական է, հայացքն է անսովոր: Գունեղ զարդանախշ հիշեցնող նկարն իրականում արեւելյան գորգերի կամ անգլիական պարտեզների հատվածներ են: Իսկ խճանկարային լուսանկարին մոտենալիս՝ տեսնում ես ժանգոտած տանկերի գերեզմանոցը: Կամ սառցաբեկորներ, կամ գետի ոլորապտույտ հուներ, կամ Յոկոհամայի մի քանի հարկանի մայրուղին, կամ Մարոկկոյի ավազների վրա փռված ձկնորսական ցանցերը: Մոտիկը եւ հեռուն կարող են բնավ էլ չհամընկնել իրար հետ: Իսկ գեղեցկությունը կարող է երեւալ միայն հեռվից: Սա շատ փիլիսոփայական եւ ճանաչողական նախագիծ է: Լուսանկարներն արված են աշխարհի տարբեր անկյուններում՝ 30-3000 մետր բարձրությունից, որոնք հեղինակից 4000 թռիչքաժամ են պահանջել: Ցուցահանդեսը 5 մլն մարդ է տեսել: Առեղծվածային բնապատկերները, բնության արհավիրքները, անսովոր երեւույթները, տարբեր ազգերի կենցաղն ու սովորույթները, պատմական վայրերը զուգակցվում են փաստագրային տեքստերով եւ կոչ են անում բոլորին` մտածել մեր միակ մոլորակի ապագայի մասին: «Երկիրը՝ երկնքից» նախագծի խորհրդանիշը դարձել է Նոր Կալեդոնիայի բնության քմահաճույքը: Հողի աղակալման պատճառով կանաչ ու խիտ անտառների ուղիղ սրտում սրտի ուրվագիծ ունեցող բացատ է ստեղծվել: Այն շատ գեղեցիկ է, բայցեւ` մտահոգիչ. ինչի՞ կարող է հանգեցնել հետագա աղակալումը: Հեղինակի համար կարեւոր է դիտողի արձագանքը: Նա գերադասում է իր ցուցադրումները բացօթյա անել, որպեսզի յուրաքանչյուր անցորդ մի պահ կանգ առնի ու տեսնի այն, ինչ մինչ այդ պահը չի տեսել: Երեւանում «Երկիրը՝ երկնքից» ցուցահանդեսը բացօթյա չէ, սակայն միշտ մարդաշատ է, հիմնական այցելուները դպրոցականներն ու ուսանողներն են: Գեղեցկությունն ու մտահոգվելու ունակությունը առաջին հերթին նրանց են պետք: Երեւանում որոշ լուսանկարներ ներկայացված են նաեւ ռելիեֆային տարբերակներով, ինչի շնորհիվ կույր կամ թույլ տեսողություն ունեցող մարդիկ կարողանում են շոշափել եւ զգալ նկարները: Յան Արտուս-Բերտրանի լուսանկարների ռելիեֆային մակերես ունեցող տարբերակները պատրաստել է ազգությամբ հայ Արթուր Միքլին: Այն մարդը, ով մանկուց է զրկված տեսնելու կարողությունից, մատներով շոշափելով՝ զգում է բոլորովին այլ բան: Տեսնում ես 140 երկրներում արված լուսանկարները, կարդում տարաբնույթ տեղեկատվական տվյալները, հիանում ես, մտահոգվում եւ մտածում: Այս ցուցահանդեսը գլոբալիզացիայի դարաշրջանի ամենագեղեցիկ եւ զարմանալի հայացքն է: