«Սկսվել է մի տենդագին իրարանցում` մրցավազք այս կամ այն ցուցակում հայտնվելու համար: Ընդ որում, շատերը մոռանում են, որ ոչ հեռու անցյալում վերջին խոսքերով հայհոյում էին ներկայիս իշխանության գլխավոր դերակատարներին, իսկ այսօր փորձում են յոթերորդ պորտում ինչ-որ առնչություններ գտնել ու ներկայանալ որպես յուրային: Ոմանք էլ ամենաանթաքույց ձեւով իրենց են առաջարկում նրանց, ովքեր, իրենց կարծիքով, կարող են հաջողության հասնել առաջիկա ընտրություններում: Սա, իհարկե, Հայաստանի բազմակուսակցական համակարգի այլասերման արդյունքն է ու պատկերը: Քաղաքական ուժերին կարծես թե երկրի վիճակը բացարձակապես չի հետաքրքրում, մինչդեռ այն կրիտիկական է: Մարդիկ շատ ավելի վատ են ապրում, տգիտությունը, կեղծիքն ու խաբեությունը դարձել են համատարած, բարոյահոգեբանական անկումը հղի է աղետալի հետեւանքներով, արտագաղթը կրկին հասել է սպառնալից չափերի, բոլոր հարցերի համար գործում է մեկ արժեք` փողը, եւ մեկ սկզբունք` առեւտուրը»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը: