«Հայաստանի ԱԳՆ-ն պետք է ավելի ակտիվ արձագանքի պաշտոնական Բաքվի քարոզչության նոր ալիքին, որ սկսվել է Ադրբեջանի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ ընտրվելուց հետո»,- երեկ ԱԺ-ում հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով` պաշտոնական Բաքուն հայտարարել է, թե իր նախագահության երկու տարիներն օգտագործելու է հիմնականում Ղարաբաղի խնդիրն արծարծելու համար, իսկ Անկարան էլ հայտարարել է, որ օգնելու է եղբայրական Ադրբեջանին: «Ադրբեջանին արդեն շնորհավորել են ԱՄՆ Պետքարտուղարությունն ու ՌԴ ԱԳՆ-ն: Մենք կարող ենք համոզել ինքներս մեզ, որ Ադրբեջանի ընտրությունն իրեն ոչինչ չի տա, իսկ Անվտանգության խորհրդում տեղը Բաքուն ընդամենը գնել է: Անգամ այդ դեպքում չպետք է թերագնահատել ադրբեջանական կողմի ուժը: 155 երկրների նախագահներին եւ վարչապետներին գնելն այնքան էլ հեշտ չէ,- նկատել է Ն. Զոհրաբյանը` ավելացնելով,- Շատ ցանկալի կլիներ իմանալ, թե ի՞նչ համարժեք քայլեր կարող է ձեռնարկել Հայաստանի արտգործնախարարությունը, բացի Բան Կի Մունին ամեն շաբաթ նամակ գրելուց»: