– Հայկո, մի ամիս է՝ չենք կարողանում էս հարցազրույցը գլուխ բերել՝ կամ ձեր հեռախոսն անջատած է ողջ օրը, կամ անընդհատ զբաղված եք, էդ ինչո՞վ եք զբաղված, որ կես ժամ չեք գտնում՝ ձեր երկրպագուների համար մի սիրուն հարցազրույց սարքենք…
– Շատ զբաղված եմ՝ համերգներ են լինում, հարսանիքների, կնունքների, ծնունդների երգելու հրավերներ են շատ լինում, դուրս են շատ հրավիրում երգելու: Իսկ հեռախոսս միշտ անհասանելի է, որովհետեւ իմ համարը շատ շուտ իմանում են ամբողջ քաղաքում, ես էլ շատ եմ հոգնում տարբեր տեսակի զանգերից:
– Բա որ գործնական զանգե՞ր լինեն:
– Գործնականի համար ես ուրիշ համար ունեմ:
– Այս նույն համա՞րը, որով արդեն մի ամիս է զանգում եմ, բայց անհասանելի եք:
– Հա, էդ համարն է, նոր համար է, բայց էլի արդեն բոլորն իմացել են, ստիպված անջատում եմ, ինչ-որ ժամանակ անց էս համարն էլ երեւի փոխեմ:
– Իսկ ովքե՞ր են ձեզ արտերկիր երգելու հրավիրում:
– Հիմնականում Ռուսաստանի տարբեր քաղաքներ կնունքների, ծնունդների, հարսանիքների են հրավիրում: Անհատ մարդիկ են դրանք, հեռախոսահամարս իմանում են ընկերներիցս, զանգում են, հրավիրում երգելու: Եթե գտնում եմ, որ պետք ա՝ գնում եմ:
– Ոնց եք գտնում՝ պե՞տք ա, պե՞տք չի…
– Դե, եթե դրսի հրավեր ա՝ ուրեմն պետք ա միշտ էլ, որովհետեւ փող հիմնականում էդ ճանապարհով ենք աշխատում:
– Չէի՞ք ուզենա միայն համերգներով հանդես գալ, ոչ թե կնունք-ծնունդների երգելով:
– Ավելի գերադասելի է բարեգործական համերգ տաս, քան թե փողով համերգ անես ու ժողովրդից վերջին կոպեկները վերցնես: Ամիսը միջին հաշվով մեկ-երկու հրավեր ես ունենում եմ դրսից, որն ինձ փող ա բերում:
– Կասե՞ք` նման հրավերները ի՞նչ են արժենում:
– Չէ, էդ մեկը չեմ ասի: Հետո՝ նայած ում ինչքան են տալիս, դա կախված է երգչի ճանաչումից, կարիերայից:
– Իսկ մեր երգիչներից ո՞վ է «ամենաթանկարժեքը»:
– Իմ շատ սիրելի Թաթան:
– Ձեր երգերը ո՞վ է գրում:
– Իմ շատ սիրելի ընկեր գուսան Տոտիկը: Ես հիմնականում իրեն եմ պատվիրում, ասում եմ ինչ եմ ուզում, թեման եմ ասում, ինքը գրում է եւ բառերը, երբեմն եւ երաժշտությունը: Գիտեք՝ երգը բաղկացած է երեք կտորից՝ սկիզբ, սյուժե եւ վերջ: Սկիզբը նախաբանն ա, սյուժեն գործողության կատարման ընթացքն ա՝ մեջտեղի մասը, որ ամենալավ մասն ա, վերջն էլ վերջաբանն ա: Որ մասը որ ասենք ինձ դուր չի գալիս, ես փոխում եմ:
– Իսկ ինչո՞ւ եք հիմնականում էդպես տխուր երգեր երգում, ասենք՝ մոր մասին: Մոր մասին հնարավոր չի՞ մի ուրախ, մի թարմ, մի նոր բան ասել…
– Կլինի, ինչի՞ չի լինի, բայց մեր ժողովուրդը սովոր չի դրան: Դե, մեր ազգը հիմա հիմնականում տնից-տեղից կտրված ա, կարոտում են եւ ընտանիք, եւ մայր, եւ հայր՝ դա էդ կարոտի մասին ա հիմնականում: Չնայած, օրինակ` ես, վերջերս մի երգ ձայնագրեցի մոր մասին, որ ուրախ երգ էր, բայց բառերը էլի թախծոտ էին. «Աշխարհում մաման շատ դժվար բան է,/ ով չի հասկանում նա դավաճան է, /ուր էլ որ գնամ, ուր էլ որ լինեմ,/ մորս համբույրին կարոտ կլինեմ»: Հետո կարող ա ես ուրախ բան երգեմ՝ չլսվի, բայց երգիչ ընկերներիցս շատերը երգում են ուրախ երգեր՝ լսվում ա:
– Ինչո՞ւ:
– Եսիմ:
– Վերջերս խոսակցություններ կային՝ իբր ձեզ սպանել են: Թշնամիներ շա՞տ ունեք…
– Նախ՝ ես բոլորովին թշնամիներ չունեմ: Հետո՝ մի կողմից` ուրախանում եմ, որ ժողովրդի մեջ հետաքրքրություն կա իմ հանդեպ, մյուս կողմից էլ` տխրում եմ, որ ինչո՞ւ են միայն վատը խոսում… Ես ուղղակի 5-6 ամիս առաջ ավտովթարի ենթարկվեցի, իսկ մեր ժողովուրդն էլ, գիտեք, սիրում է չոփը գերան դարձնի… Բայց նման բան չկա, Հայկոն երգելուց բացի ուրիշ ոչ մի բան չի անում, ոչ մեկին վատություն արած չկա…
– Ծա՞նր վթար էր:
– Չէ, ավտոն էր մի թեթեւ վնասվել, էն էլ, ոնց որ ասում են, ինչ լինում ա՝ թող ժեշտին լինի:
– Մեկ էլ ասում են՝ գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կոնֆլիկտ եք ունեցել, ձեր մեքենան խլել է…
– Էդպիսի բան չի եղել, չի էլ կարա լինի: Գեներալ Մանվելը իմ շատ մտերիմ բարեկամն ա, գեներալ-երգիչ հարաբերությունները մեր մեջ պաշտպանվում ա, առավել եւս՝ գեներալ Սեյրան Սարոյանի հետ, որը նաեւ իմ խաչքավորն ա:
– Իսկ որ գնում եք շրջագայությունների, ձեզ միայն հայե՞րն են լսում, թե՞ այլազգիներ էլ կան, որոնց դուր է գալիս ձեր երգը:
– Մի անգամ ԱՄՆ-ում ինձ հրավիրել էին մի պարահանդեսի երգելու: Մինչեւ պարահանդեսը գնացինք մի տեղ հաց ուտելու՝ ռուսական ռեստորան էր, ռուսական երաժշտություն, ես էլ իմ օրկեստրի հետ էի, հետո տղերքը շատ խնդրեցին՝ բա մի բան երգի: Երգեցի: Մեկ էլ տեսնեմ` մի մարդ լացելով ինձ է մոտենում՝ հրեա էր, բայց երգի բառերը հասկացել էր, ասում էր՝ որտե՞ղ ա էդ պարահանդեսը լինելու, որտե՞ղ կարանք քեզ էլի լսենք: Բայց չեկավ, որովհետեւ պարահանդեսը հայկական եկեղեցուն կից դահլիճում պետք է լիներ, իսկ իրենք ուրիշ կրոնից էին, իրենց կրոնը թույլ չէր տալիս, բայց որ գար` մի 150 հրեա էլ հետը կբերեր հաստատ:
– Իսկ էդ ո՞ր երգն եք երգել, որ հրեան հուզվել է:
– «Քեզ սիրեցի կյանքիս ջահել օրերին…»:
– Ձեր սիրային երգերն էլ են, չէ՞, տխուր:
– Բայց դա ուրիշ տխրություն ա, ասենք, դա նույն տխրությունը չի, ինչ մոր մասին երգերում, դա ավելի շատ սիրային տխրություն ա, կարոտի տխրություն ա, առանձնահատուկ ա:
– Վերջերս հեռուստատեսությամբ մի հաղորդում եթեր գնաց, որի ժամանակ հարցում էին անցկացնում՝ արժե հեռուստատեսությամբ ռաբիս երաժշտություն պրոպագանդել: Մեծամասնությունը գտել էր, որ չարժե: Դուք ի՞նչ եք կարծում:
– Ճիշտն ասած, ես համամիտ եմ ժողովրդի հետ, որ չարժի, բայց եթե ճիշտ մշակված երգ լինի, լավ երգ լինի, տխուր երգ չլինի, ժողովուրդն էլ սիրի ու ընդունի էդ երգը, կարելի է եւ ցույց տալ: Օրինակ «Սուրբ Սարգիս ես կգնամ» երգը ինչո՞ւ չհնչի հեռուստատեսությամբ: Որ անվանի գուսանի անուն չկա վրան՝ դրա՞ համար… Եթե գուսան Շերամ կամ Ջիվանի չի, ուրեմն վա՞տն ա, ախր բոլորն էլ սիրում են էդ երգը:
Ես շատ գնահատում եմ ԱԼՄ-ին, որ էդքան թաքնված տաղանդավոր էրեխեքի ա հայտնաբերում, ներկայացնում ժողովրդին, վաղը չէ մյուս օրը մի աղուհացի տեր էլ էդ էրեխեքը կարող են դառնալ, չէ՞…
– Լինո՞ւմ են այնպիսի հրավերներ, որ դուք, չնայած առաջարկվող մեծ գումարին, մերժեք:
– Եղել են: Ինձ համար փողն էդքան նշանակություն չունի, ինձ համար նամուսը, թասիբը, պատիվն ու հարգանքը ավելի կարեւոր են, ու եթե էդ հրավիրողը ինձ դուր չի գալիս, ուզում ա` միլիոններ տա, չի կարա ինձ ստիպի, որ ես գնամ իր համար երգեմ: Ես կյանքումս ոչ մեկի առաջ վիզ ծռած, ոչ մեկից մի բան խնդրած չկամ, ինչ արել՝ ինձնով ու իմ անունով եմ արել, ու էսօրվա դրությամբ բոլորն էլ գիտեն՝ ես ով եմ, ինչ եմ:
– Նախընտրական քարոզարշավների ժամանակ դուք երգո՞ւմ եք:
– Եղել ա, որ ընտրվողը իմ շատ մտերիմ ընկերն ա եղել, ու ես իմ ընկերոջ համար գնացել երգել եմ զուտ ընկերաբար:
– Իսկ, ասենք, նախագահական ընտրությունների՞ն, կամ հիմա սպասվելիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի առիթով ձեզ չե՞ն առաջարկել:
– Չէ, նման առաջարկ ինձ չի եղել, որովհետեւ իմ երգը նման միջոցառումներին պետք չի:
– Բայց ժողովուրդը ձեզ պակաս չի սիրում, չե՞ն ուզում ձեր միջոցով ձայներ հավաքել:
– Բան չունեմ ասելու, չեն հրավիրել:
– Եթե հիմա հրավիրեն սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի միջոցառումներին երգելու, կգնա՞ք:
– Ես, ճիշտն ասած, քաղաքականությունից ընդհանրապես ոչ մի բան չեմ հասկանում: Դե, ճիշտ ա, ապրում եմ էս երկրում, տեսնում եմ ինչ ա կատարվում, բայց քիթս չեմ խոթում նման բաների մեջ: Ես իմ գործն ունեմ՝ երգում եմ, «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկայով»…
– Բայց գուցե ձեր երկրպագուները կուզենան իմանալ ձեր վերաբերմունքը երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
– Ուրիշ երկրներում հնարավոր է, բայց մեր երկրում հնարավոր չի, որ երգիչը կարողանա մի բան անել, մի բան փոխել: Ուրիշ երկրներում մի հասարակ երգիչը էնքան թղթաբանություն-բան ունի օրենքով-բանով ու շատ բան կարա փոխի, իսկ մեր երկրում երգիչը հազիվ մի հարսանիքի-բանի երգի, որ կարողանա իր ապրուստը վաստակել:
– Չե՞ք ուզում գնալ արտասահմանում ապրել, լավ կվաստակեք…
– Ամենաշատը, որ ես Հայաստանից բացակայել եմ, տեւել է մի ամսից ոչ ավել, ու էդ ընթացքում ես կարոտից չէի իմանում ինչ անեմ: Որոշ մարդիկ ասում են՝ արի Ամերիկա ապրի, լավ կաշխատես, լավ պատիվ կունենաս, ասում եմ՝ ես Ամերիկան գնացել տեսել եմ, Հայաստանն իմ համար Ամերիկա էլ է, ամեն ինչ էլ, ու էստեղ ես ոչ մի պրոբլեմ չունեմ: Էլի եմ ասում՝ իմ համար փողը էդքան կարեւորություն չունի, ինչքան հողուջրի, մարդու կարոտը…